Հակամարտությունների և բաժանարար գծերի տարբեր կողմերում գտնվող հասարակական, մշակութային, ակադեմիական և այլ ոչ պաշտոնական շրջանակների միջև շփումն ու նախաձեռնություններն ընդունված է անվանել երկրորդ հարթակի դիվանագիտություն (Track II Diplomacy): Այս եզրույթը տարբերում է ոչ պետական կառույցների, խմբերի, անհատների միջև շփումը պաշտոնական՝ «առաջին» հարթակի դիվանագիտությունից:
Այս տարբերակումն առաջինը արել են ամերիկացի դիվանագետ Ժոզեֆ Մոնթվիլը և հոգեբույժ Ուիլյամ Դեվիդսոնը 1981 թվականին:
Երկրորդ հարթակի դիվանագիտության գաղափարը սկզբնական շրջանում ոչ միանշանակ էր ընդունվում պետությունների կողմից: Նույն ԱՄՆ պետդեպարտամենտում, որի աշխատակիցն էր նաև Ժոզեֆ Մոնթվիլը, դիմադրություն կար այս գաղափարի հանդեպ. լավագույն դեպքում այն համարում էին բարի մտադրություն, սակայն կային նաև կարծիքներ, որ այն կարող է սպառնալիք լինել պետության համար (նրանց կարծիքով, վերջիվերջո, կոնֆլիկտի լուծման մենաշնորհը պետք է պատկանի պետությանը):
Այսօր արդեն պետությունների մեծ մասը ճանաչում է երկրորդ հարթակի դիվանագիտության օգտակարությունն ու լեգիտիմությունը, իսկ կոնֆլիկտների տեսության գրականության մեջ այն համարվում է կոնֆլիկտների փոխակերպման կարևորագույն բաղադրիչներից մեկը: Համարվում է, որ բացի պաշտոնական բանակցություններից անհրաժեշտ է, որ կոնֆլիկտի փոխակերպմանը հանգեն նաև հասարակությունները, և հենց դրան նպաստելուն է միտված երկրորդ հարթակի դիվանագիտությունը:
Երկրորդ հարթակի շփումները թույլ են տալիս հաղթահարել կամ մեղմել հասարակությունների միջև առկա վախը, ագրեսիան միմյանց հանդեպ՝ ուղիղ շփումների արդյունքում միմյանց ավելի լավ հասկանալու միջոցով: Քանի որ երկրորդ հարթակում ընդգրկված կառույցներն ու անհատները կաշկանդված չեն իրենց պաշտոնեական դիրքով, ակնհայտ է, որ նրանք կարող են նաև ավելի ազատ ու բաց քննարկումներ վարել: