Play Video

1988-1991թթ. հայերի բռնագաղթը Ադրբեջանական ԽՍՀից  իր մեջ կրում է ոչ միայն մարդկանց, խմբերի տեղաշարժեր ու ճակատագրերի փոփոխություններ, այլև մշակութային երևույթների փոխակերպումներ: Ինչպե՞ս է բռնգաղթը փոխակերպում մշակութային երևույթները, ինչպե՞ս է մշակութային երևույթը բռնագաղթի հետևանքով պահպանում իր շարունակականությունը, ձեռք բերում նոր դիմագիծ ու ձևավորում համապատասխան նոր մշակութային ու տարածական միջավայր:

Այս խնդիրները մենք քննարկում ենք «Պանդի» սրբի օրինակով: Այն ուշագրավ մի երևույթ է,  որն իր մեջ  կրում է ոչ միայն խմբային ու անհատական կրոնականության դրսևորումներ, այլև կապված է եղել կոնկրետ պատմական, մշակութային, աշխարհագրական միջավայրի հետ, ունեցել համապատասխան տարածական ձև:

Ժողովրդական «Պանդ» անունով հայտնի սրբավայր-մատուռը հյուսիսային Արցախի և Գանձակի գավառի հայության համար կարևոր ուխտավայր է եղել, որի մասին ազգագրակական տեղեկություններ հանդիպում են դեռևս 19-րդ դ. վերջի աղբյուրներում: Սրբավայրի առաջացումը և անունը կապվում է միջնադարյան Աղվանքում հայտնի Սուրբ Պանտալեմոնի հետ, որի մասին հիշատակում է  Մովսես Դասխուրացին (Կաղանկատվացին), «Վարք Սրբոցը» և այլ աղբյուրներ: Միևնույն ժամանակ սրբավայրի առաջացման մասին կան ժողովրդական  ստուգաբանություններ: Այդ անունով է հայտնի նաև սարը, որի վրա գտնվել է ուխտավայրը:

Այն տարածաշրջանային նշանակությամբ մի յուրօրինակ սրբավայր էր, որի շուրջը ձևավորված ժողովրդական արարողակարգն ու կրոնական մշակույթը իր օգոստոսյան ուխտագնացություններով մինչև 1988թ. կենդանի էր  Ադրբեջանական ԽՍՀ  Խանլարի, Դաշքեսանի շրջանների հայության համար:

1988-1991 հայերի բռնագաղթը այդ տարածաշրջանից իր հետևանքներն ունեցավ նաև Պանդի սրբի, դրա շուրջ ձևավորված համապատասխան կրոնական ու ժողովրդական մշակույթի վրա:  «Գաղթեց» ոչ միայն հիշողությունը Պանդի մասին, այլև նրա շուրջը ձևավորված արարողակարգը և տարածական կազմակերպման ձևը՝ կրելով նոր սոցիալական միջավայրի ու գործընթացների ազդեցությունը:

Ադրբեջանից բռնգաղթյալ այդ շրջատարածքի բնակչության ջանքերով ՀՀ և ՌԴ ում ի հայտ  Պանդի նոր սրբավայրեր (ՀՀ –գյուղ Սոթք, Հայանիստ, ՌԴ –ք. Կրասոդար), որի շուրջ փորձ արվեց վերարտադրել կորսված մշակույթը: 

1990-ական թթ. միգրացիոն ակտիվ հոսքերի հետևանքով Կրասնոդարում, որտեղ կային նաև տեղաբնակ հայեր, հաստատվում են հայության տարբեր խմբեր՝ հայաստանցիներ, ադրբեջնահայեր և այլն: 1991թ. Գետաշենի հայաթափումից հետո Կրասնոդարում հաստատվում են նաև մեծ թվով գետաշենցիներ: 

Կրասնոդարի հայկական համայքի ձևավորումն ըստ այդմ էլ ընթանում է հայկական տարբեր խմբերի փոխազդեցությունների միջոցով: Համայնական կայացման առանցք է դառնում եկեղեցին, իսկ հետխորհրդային եկեղեցաշինությունը դառնում է համայնական-կրոնական ինստիտուցիոնալիզացիայի կարևոր գործոն:

Դեռևս խորհրդային տարիներին, մինչև ղարաբաղյան դեպքերը, Կրասոնդարում հաստատված գետաշենցիներից մեկը թերևս ընտանեկան շարժառիթներով Պանդի սրբավայրից մի քար է բերում է Կրասնոդար որպես հայրենիքից  մի մասունք՝  պահելով այն իրենց տանը:  Ըստ էության  ընտանեկան շրջանակում այն  ձեռք է բերում  «տան սրբի» կարգավիճակ:

1990-ական թթ. հետխորհրդային այս գործընթացների կիզակետում է հայտնվում  նաև Կրասնոդարի «Պանդը»:  Երբ քաղաքային իշխանությունները հայկական եկեղեցու կառուցման համար տարածք են տրամադրում և սկսվում է Կրասնոդարի Սբ. Հովհաննես եկեղեցու կառուցումը, դեպի նոր եկեղեցի ճանապարհ հարթելու, մարդկանց հոսքը նոր կրոնական կենտրոն ապահովելու, եկեղեցու հետ կապը ձևավորելու նպատակով, հոգևոր հայրերի հորդոր-առաջարկով, այս քարը տեղափոխում են եկեղեցու տարածք,  ուր զուգահեռ սկսվում է «Պանդի» սրբավայրի կառուցումը, որն արդեն իր մեջ կրում է նաև  նոր իմաստ՝  կապված կորսված հայրենիքի ու բռնագաղթի հիշողության հետ: 

Այսպիսով, Կրասնոդարում Պանդի սրբավայրից բերված քարը դառնում է Պանդի ուխտի խորհրդանիշ՝ իր շուրջը համախմբելով բռագաղթյալ գետաշենցիներին ու Պանդի հիշողությունը կրող ու պահպանող ադրբեջանահայ մյուս խմբերին, միևնույն ժամանակ պաշտոնականացվելով եկեղեցու կողմից՝ այն դառնում է կրոնական համայնքի ձևավորման մի միջոց: 

Դիտեք նաև՝

Search