Play Video

Արցախյան հակամարտության հարցում ամենաքիչը քննարկվում են կամ ընդհանրապես չեն քննարկվում այս կամ այն ձևով հակամարտության հետևանքները կրող այն մարդկանց և խմբերի խնդիրները, որոնք դեր են ունեցել հակամարտության առաջացման ընթացքում և անմիջականորեն կրում են այդ հակամարտության որոշ հետևանքներ: Այս մարդկանց մի մասն ակտիվ է, մյուս մասը կողմնորոշվելու համար սպասում է զարգացումների:

Ըստ էության, կոնկրետ վերջին հակամարտության հիմքում ընկած է Արցախի հայ բնակչության՝ որպես ազգային փոքրամասնության ինքնորոշման իրավունքը՝ որպես առանձին ազգային միավոր: Ազգային փոքրամասնությունների ինքնորոշման խնդիրը տարածված է աշխարհի մի շարք երկրներում, իսկ վերջին քսան տարիներին նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում: Հատկապես վերջին քսան տարիներին մենք տեսնում ենք՝ ինչքան բուռն զարգացումներ կան իրենց ինքնության, ինքնահաստատման խնդիրների շուրջ մտահոգ մարդկանց կողմից բարձրաձայնվող հարցերում:


1988-1989 թվականներին, երբ ի հայտ եկավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանի (բացի Արցախից) հայ բնակչությունը Սումգայիթի ու Բաքվի ջարդերից հետո կամ փախստական դարձավ, կամ տեղափոխվեց Հայաստան: Հայաստանում ապրող համարյա բոլոր ադրբեջանցիները նույն կերպ կամ տեղափոխվեցին Ադրբեջան, կամ փախստական դարձան: Այս մարդիկ իրենց հետ տարան նաև իրենց պատկերացումներն այդ երկրներում ապրելու մասին, բայց ոչ միայն իրենց ընդհանուր պատկերացումներն ու ոչ միայն Ղարաբաղյան խնդրի հետ կապված պատկերացումները, այլև այն միջավայրերը, որտեղ նրանք ապրել են, ժողովուրդներին, որոնց հետ ապրել են:

Արցախյան հակամարտության հետ կապված բազմաթիվ նյութերում պատմվում է, որ հատկապես Բաքվի և Սումգայիթի կոտորածների օրերին շատ հաճախ մարդկանց օգնել է հարևան Թալիշը, արձանագրվել են ուդիների, թուրքերի կողմից օգնության դեպքեր: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ այսօր Ադրբեջանում տարբեր ազգային փոքրամասնություններ բարձրաձայնում են, որ երկար տարիների ընթացքում իրենց զսպել են և քարոզչության միջոցով փորձել համոզել, որ իրենք գտնվում են ընդհանուր իսլամական տիրույթում, որ իրենք ընդհանուր իսլամական մշակույթի և մի հայրենիքի կրող են և որ իրենց հիմնական թշնամին հայն է:
Այժմ այս ազգային փոքրամասնությունները բարձրաձայնում են, որ իրենք հայերի հետ թշնամության պատմական օրինակ և դեպք չունեն, սակայն նույնիսկ դրա առկայության դեպքում նրանք ունեն իրենց ինքնության առանձին խնդիրը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններից անկախ: Շատ հաճախ այս խնդիրը բարձրաձայնվում է արտերկրում ապրող ադրբեջանցիների կողմից:

1937 թվականին շրջանառության մեջ մտավ «ադրբեջանցի» տերմինը (մինչև 1936 թվականը ներառյալ նրանք թուրք էին կոչվում և այդպես էին գրանցվում մարդահամարներում): 1937 թվականից կովկասյան ժողովուրդները որպես էթնիկ միավորում շատ հաճախ անհետանում էին ադրբեջանական ժողովրդագրական ցանկերից: Ադրբեջանը համառորեն չէր ստորագրում տեղաբնիկ ժողովուրդների և փոքրամասնությունների Եվրոպական լեզվի հրովարտակը, ինչի մասին տեղյակ էին այս ժողովուրդները և պարբերաբար բարձրաձայնում էին այս խնդրի մասին:

Դիտեք նաև՝

Search