Play Video

Տասնամյակներ ձգվող Ղարաբաղյան հակամարտությունը մի կողմից հայերի և ադրբեջանցիների միջև իրական շփումների խոչընդոտ է, մյուս կողմից՝ երկու ժողովուրդների միջև որոշակի հարաբերությունների ստեղծման նախապայման: Վիրտուալ հարթակում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության պատկերման ուսումնասիրությունն օգնում է բացահայտել այդ հարաբերությունների շատ առանձնահատկություններ: Գրոտեսկը, անդեմությունը, ծայրահեղացումները և հայ-ադրբեջանական հարաբերությունների վիզուալ պատկերման այլ հատկանիշներ բացահայտում են ժողովուրդների միջև անջրպետը և փոխադարձ ճանաչողության անհնարինությունը:

Վիզուալ մարդաբանությունը պատկերն ընտրում կամ ստեղծում է մշակութային համակարգի ընդհանուր համատեքստը հասկանալու նպատակով (Redfield): Ուսումնասիրության համար օնլայն հարթակում նույնականացվել և հավաքվել է հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնող 500 պատկեր: Պատկերները նույնականացվել են տարբեր առցանց հարթակներում (հիմնականում Google, Facebook, Istagram և Одноклассники): Նույնականացումն իրականացվել է հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող բանալի բառերի հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ղարաբաղյան հակամարտությունը պատկերող վիզուալ նյութի բովանդակությունը կարելի է ամփոփել մի քանի թեմատիկ ուղղություններում.
1) հաղթողի և պարտվողի, խիզախի և վախկոտի, զոհի և դահիճի մատնանշում,
2) մյուս կողմի և հակամարտության հանդեպ զգացմունքների ցուցադրում,
3) մյուս կողմին ծաղրելու, նվաստացնելու, պատժելու, սպանելու և տարածքներ վերցնելու միտման ներկայացում,
4) հակամարտության մեջ ներգրավված այլ պետությունների մասնակցության մեկնաբանություն:  

Որոշ պատկերներում այս թեմաները հայտնվում են առանձին և ինքնուրույն, իսկ ավելի հաճախ դրանք միաձուլվում են՝ պատկերը հագեցնելով միաժամանակ մի քանի թեմատիկ շեշտադրումներով: Ուսումնասիրված վիզուալ նյութի բոլոր ուղերձներն արտահայտվում են մեծապես խորհրդանիշերով և պարզ պատկերներով: 

Դիտեք նաև՝

Search