Play Video

Ղարաբաղյան շարժումից անցել է 31 տարի: Երբ մենք փորձում ենք քննել այն խոսույթները, որոնք այս տարիների ընթացքում որոշակի ազդեցություն են ունեցել հասարակությունների վրա, տեսնում ենք, որ խոսույթները բավական մեծ զարգացում էին ապրում մինչև 1934 թվականը, իսկ դրանից հետո անընդհատ կրկնվում էր նույն բանը՝ տարբեր երանգավորումներով և շեշտադրումներով: Կարևոր է հասկանալ, որ այս հարցում կա լուրջ և սկզբունքային վերաիմաստավորման կարիք, քանի որ այն ժամանակաշրջանից շատ բան է փոխվել: Նախ, գոյություն չունի Սովետական Միություն, և դրա կետ կապված շահագրգիռ կողմերը բացարձակ այլ դիրքավորումներ են ձեռք բերել: Եթե սկզբնական շրջանում սա ներխորհրդային հիմնախնդիր էր, որը փորձում էին կամ լուծել, կամ, ընդհակառակը, մեծացնել խնդրի լարվածությունը, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո անմիջապես ձևավորվեց «3+3» ֆորմատը. երեքը՝ Հարավային Կովկաս, մյուս երեքը՝ մեծ տերություններ, որոնք ներգրավված են այս խնդրի լուծման կամ չլուծման հարցում: Այնուհետև ի հայտ եկավ «3+3+2» ֆորմատը, որը ներգրավում էր նաև Թուրքիան ու Իրանը որպես ներտարածաշրջանային ուժեր: Ավելի ուշ ավելացավ ևս մի եռյակ՝ Հարավային Կովկասի համարյա չճանաչված և չճանաչված պետությունները՝ Աբխազիան, Հարավային Օսիան ու Լեռնային Ղարաբաղը: Այս ֆորմատի շուրջ քննարկումներ էին ընթանում առ այն, թե ով ինչ շահեր ունի, ով որքանով կարող է ներդրվել խնդրի լուծման կամ չլուծման մեջ: Սրանով հիմնականում սահմանափակվում էր խոսույթի այն մասը, որը կապված էր Ղարաբաղյան հիմնախնդրի արտաքին չափումների հետ:

ԽՍՀՄ տարիներին մեր երկրների բնակիչները որոշակի գիտելիքներ ունեին միմյանց մասին՝ միասին սովորելու, բանակում ծառայելու և շփվելու շնորհիվ: Այսպես, երկու երկրների բնակիչները, չնայած պատերազմին ու զարգացող թշնամությանը, ճանաչում էին իրար ու պատկերացում ունեին իրար մասին: Ներկայումս կա երկու հասարակություն, որոնք փաստացի տեղյակ չեն իրարից. այս սերնդի ներկայացուցիչները ծնվել են Ղարաբաղյան շարժումից հետո: Այս մարդկանց վերաբերմունքն իրար նկատմամբ դիցաբանացված է, այսինքն, նրանք այնպիսի հատկություններ են վերագրում իրար, որոնք հատուկ չեն մարդ արարածին: Ստեղծվում է թշնամու կերպար, ինչն անտեղյակության կամ տեղյակ լինելու ցանկության բացակայության հետևանք է: Պատճառն այն է, որ երկու պետությունների հասարակություններն էլ միլիտարիզացված են և փխրուն ու անկայուն ռեժիմներ են (մինչև հեղափոխությունը մեր երկրում նույնպես շատ փխրուն ռեժիմ էր, ինչը և ապացուցվեց մեկուկես տարի առաջ): Ադրբեջանի բնակիչները սարսափում են բողոքի դրսևորումներից, որոնք կապված են երկրի ներսում ձևավորված իրավիճակի հետ, այս պատճառով ամբողջ քարոզչական ուժը և բողոքի էներգիան ուղղված է դեպի դուրս: Այս ամենով էլ բացատրվում է այն, որ երկու հասարակությունների հատկապես երիտասարդ սերունդները դիցաբանացնում են իրար:

Դիտեք նաև՝

Search