Play Video
Կառավարության և միավորումների դերը ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման գործում. Սուրեն Ոսկանյան

Փոփոխությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական գործոնն է։
Երկարատև պլանավորման ինստիտուտները ներկայումս տրանֆորմացվում են առավել ժամանակակից մոդելների, որոնց հիմքում ընկած է արտաքին միջավայրի դինամիկան և անընդհատ մետամորֆոզը։ Այսպես օրինակ, դասական նախագծերի կառավարման մոդելները (PMI, PRINCE2) մաքուր տեսքով այլևս արդիական չեն։ Նրանց փոխարինելու են եկել AGILE հենքի վրա մշակված դինամիկ մոդելներ, որոնք թույլ են տալիս կազմակերպություններին և պետություններին առաջատարը լինել մշտական տեխնոլոգիական մրցավազքում։

ՀՀ կառավարություններն արձանագրել են ժամանակի այս մարտահրավերը և տեղայնացրել այն իրենց ծրագրերում։
Հարկ եմ համարում տարանջատել երեք հիմնական բաղկացուցիչներ՝
Գիտատեխնիկական առաջնընթաց;
Պետական կառավարման համակարգերի տեխնոլոգիական առաջընթաց;
Կիրառական տեխնոլոգիական առաջընթաց և բիզնես:

Նշված կետերը սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, սակայն կառավարչական առումով դրանք պահանջում են բացարձակապես տարբեր մոտեցումներ ու պարունակում են ռադիկալ տարբեր մարտահրավերներ։

Գիտատեխնիկական առաջնընթաց
ՀՀ Գիտության և կրթության նախարարության առաքելությունն է ապահովել մեր երեք կետերով ամրագրված առաջին գերխնդրի լուծումը։
Այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների ֆունդամենտալ զարգացման և դրա գիտական կոմպոնենտի համար հաշվետու պետք է լինի գիտության և կրթության նախարարությունը՝ ապահովելով համապապատասխան տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթության որակյալ և արդի մակարդակ։
Այստեղ չի կարելի անտեսել մասնավոր դպրոցների և կրթահամալիրների դերակատարումը։ Սակայն այս տեսակի կրթօջախներն ու կրթահամալիրները պետք է ստեղծվեն և պահպանվեն բացառապես կոմերցիոն կամ բարեգործական-հասարակական հիմունքներով։
Անհրաժեշտ է առկա ռեսուրսները էֆեկտիվ փոփոխությունների ենթարկելով՝ տասնապատկել դրանց արդյունավետությունը։ Միգուցե սա ցավալի, բարդ և որոշ առումով հակասական գործընթաց է, սակայն մեր հասարակությունն այսօր պատրաստ է նման փոփոխությունների։

Պետական կառավարման համակարգերի տեխնոլոգիական առաջընթաց
Պետական կառավարման համակարգերի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու նպատակով պետք է ձևակերպվեն հստակ խնդիրներ։ Ընդ որում, այս խնդիրները պետք է ձևակերպվեն ՀՀ կառավարության կողմից՝ յուրաքանչյուր նախարարության և պետական գերատեսչության մասով։ Ամփոփելով պետական կարիքները, ինչպես նաև ուսումնասիրելով պետական կառավարման համակարգերում ավտոմատացված լուծումների միջազգային փորձը՝ ԷԿԵՆԳ-ը, պետք է ձևավորվի պետական համակարգի և էլեկտրոնային հասարակության ձևավորման ժամանակացույց՝ հաշվի առնելով պետական առաջնահերթությունները։
Պետական կառավարման համակարգի անընդհատ տեխնոլոգիական զարգացումը զուգահեռաբար նպաստելու է ՀՀ շուկայում գործող մասնավոր կազմակերպությունների ստեղծմանն ու հզորացմանը, քանի որ շատ դեպքերում որպես պետական նախագծերի կատարողներ հանդես են գալիս հենց ՀՀ ռեզիդենտ
կազմակերպությունները։

Կիրառական տեխնոլոգիական առաջընթաց
Ո՞րտեղ է այստեղ պետության դերակատարումը և ինչ կարելի է ակնկալել պետությունից։
Այստեղ պետությունն ուղղակի գործառույթ չունի։ Որևէ ուղղակի քայլ իմ հիմնավոր կարծիքով այստեղ չի կարող լինել արդյունավետ, քանի որ բիզնեսից լավ ոչ մեկը չգիտի, թե ինչ է հարկավոր բիզնեսին։
Մասնավոր հատվածի զարգացման խրախուսման նպատակով կառավարությունը կարող է իրականացնել մի շարք անուղղակի միջոցառումներ, օրինակ հարկային արտոնությունների տրամադրում, ինկուբացիոն բարենպաստ պայմաններ, օրենսդրական բացերի կարգավորում և այլն։

Կառավարության դերը
Այսօր կառավարությունը ձևավորել է ՏՏ ոլորտի զարգացման համար պատասխանատու մի քանի կառույց և մեկ նախարարություն, որոնց դերն ու նշանակությունը հստակ վերաիմաստավորման կարիք ունեն՝ ելնելով ազատ շուկայական սկզբունքներից և անընդհատ փոփոխությունների թելադրանքով։

Միավորումների դերը
Այս հակասությունների մեջ, կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր միավորումների դերն ու նշանակությունը։ Ընդ որում ոլորտի լայնասպեկտր լինելու հետևանքով անհրաժեշտություն է դառնում տարբեր կազմի և բնույթի միավորումների ձևավորումը, որոնց մոտեցումներն ու կարծիքները վստահաբար կարող են լինել նաև իրարամերժ՝ կախված մասնակիցների առջև ծառացած խնդիրներից և նպատակներից։ Այս կառույցների մոտեցումները պետք է լինեն հստակ, պրագմատիկ և թելադրված վերջիններիս անդամների կոնկրետ բիզնես շահերից, այլ ոչ թե երկրի տնտեսության զարգացման բարի նպատակներից։
Տեսակետների այս բախման դեպքում միայն հնարավոր կլինի կառուցել դաշտի կարգավորման օպտիմալ մոդել, որը ևս հավերժ չէ և իր հերթին անընդհատ տրանսֆորմացվելու է։

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search