Play Video

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը տարիներ շարունակ քննարկման առարկա է ինչպես տեղի հետազոտական շրջանակներում, այնպես էլ հենց իր ներսում՝ ՀԿ միջավայրի և ակտիվիստական համայնքների շրջանում։ Երկրի քաղաքական կյանքի տարբեր փուլերում քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչների պատկերացումները փոփոխություններ են կրել հանրային կյանքում իրենց դերի և անելիքների, ինչպես նաև գործունեության պայմանների և հեռանկարների հարցերում։ 2018-ի փետրվարից Սոցիոսկոպ ՀԿ-ն պրոֆեսոր Արմինե Իշխանյանի (Լոնդոնի տնտեսագիտության դպրոց) հետ համագործակցությամբ սկսվեց մի ծրագիր, որի նպատակն էր արձագանքել Հայաստանի քաղաքացիական հասարակության նեղացող տարածքի խնդրին, ինչպես դա սահմանվում էր այդ ժամանակ շատ իրավապաշատպան ՀԿ ներկայացուցիչների և հանրային շահերի պաշտպան ակտիվիստների կողմից։
Մարտ ամսին մեր կողմից իրականացված 24 ֆոկուսավորված հարցազրույցները ոլորտի ներկայացուցիչների և հիմնական տեղեկատուների հետ վկայում էին տագնապներ, մտահոգություններ և վերլուծություններ, որոնցում իշխանափոխությունն իբրև հնարավոր գործընթաց առհասարակ տեղ չուներ: Այնինչ ապրիլի կեսերից մինչև մայիս Հայաստանի քաղաքական կյանքը կառուցվածքային ինտենսիվ փոփոխությունների ենթարկվեց, որում, այլ սոցիալական խմբերի հետ միասին, իրենց առաջնային դերակատարումն ունեցան քաղաքացիական հասարակության խմբերը։ Մեր իրականացրած հարցազրույցները հետահայաց վերընթերցելով՝ դիտարկում ենք, թե որ սոցիալ-քաղաքական պայմաններն էին և դրանց ինչպիսի ըմբռնումներն էին, որ ՀԿ գործիչներին և ակտիվիստներին մղեցին մոբիլիզացվել այդ պահին ցածր վստահություն ունեցող քաղաքական ուժի նախաձեռնած գործընթացի շուրջ։ Այս խմբերը ներդրում կատարեցին դրանում՝ ի վերջո դառնալով հեղափոխական իշխանափոխության հաղթանակող շերտերից
մեկը։
Այս աշխատանքում մենք նախ և առաջ քննում ենք այն ճնշումների և կոոպտացիայի փորձերի խնդրահարույց դրության ըմբռնումը, որի պայմաններում գործառնում էր հայաստանյան քաղաքացիական հասարակությունը (մասնավորապես դիմադրական խմբերը) մինչհեղափոխական շրջանում, ինչպես նաև դրանց արձագանքելու ուղիների փնտրտուքները։ Մեր վերլուծությունը անդրադառնում է այս փորձառության գնահատականների, ժամանակի իշխանությունների, քաղաքական ընդդիմության և սեփական ուժերի հանդեպ համընդհանուր անվստահության և անհուսության զգացումի և հեղափոխության գործընթացի
փոխառնչությանը։
Հետազոտությունն առանձին ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության դաշտի ներքին լարումներին, որոնք ի հայտ են գալիս ակտիվիզմի և ինստիտուցիոնալացված ՀԿ-ների բարդ հարաբերություններում մի կողմից, և սեփական օրակարգերի ու դոնորների կողմից առաջադրվող քաղաքականությունների հակասություններում՝ մյուս կողմից։
Մեր աշխատանքում ուսումնասիրում ենք, թե հեղափոխությունն իբրև իրադարձություն ինչպես հնարավոր դարձրեց քաղաքացիական հասարակության և դիմադրական պայքարի ձախողումների և կես-հաջողությունների կուտակված փորձի լիարժեք ինտեգրումն ու հոսքը գործընթացի մեջ։ Այս իրավիճակը մենք
դիտարկում ենք իբրև կարևոր նախապայմաներից մեկը, որի շնորհիվ պայքարի սահմանները առաջին անգամ հատեցին նախկինում ներգրավված խմբերի շեմերը և ներառեցին սոցիալական նոր, մինչ այս պասիվ խմբեր՝ շարժումը դարձնելով ժողովրդական։ Այս գործընթացում մենք դիտարկում ենք, թե ինչպես քաղաքացիական խմբերը իբրև շարժման ինքնակազմակերպված առաջամարտիկներ հնարավոր դարձրին պայքարի ալիքի աճը նախադեպային և շղթայաբար տարածվող գործողություններով։ Միաժամանակ ուշադրություն ենք դարձնում հեղափոխական գործընթացում քաղաքացիական խմբերի կողմից իրենց սեփական օրակարգերին հավատարմության օրինակներին։
Ի վերջո մեր աշխատանքը ամփոփում է հայաստանյան հեղափոխության մեջ քաղաքացիական հասարակության փորձառության մի (դեռևս չավարտված) փուլը և հարցադրումներ առաջ քաշում հետագա անելիքների շուրջ։

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search