Play Video

2018-ի ապրիլից Հայաստանում սիրո և համերաշխության հեղափոխություն հռչակած շարժումը սոցիալական կառուցվածքների փոփոխության հավակնություններ դրսևորելու համար առաջին հերթին կարիք ունի սահմանել այն առանցքային հասկացությունները, որոնք կազմում են իր քաղաքականության հիմքը։ Համերաշխության սոցիոլոգիական հայեցակարգն ընդհանուր առմամբ երկու ավանդույթի վրա է հիմնվում, որոնք տարբերակվում են հանրային համերաշխության բացասական կամ դրական մոտիվների՝ իբրև առաջնային ճանաչմամբ։ Առաջին ավանդույթը հիմնվում է ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուրգհեյմի, երկրորդը՝ ռուս գիտնական Պյոտր Կրոպոտկինի գաղափարաբանության վրա։ Կախված հասարակության տիպից՝ Դյուրգհեյմը համերաշխության երկու ձև էր քննարկում։ Համերաշխության առաջին ձևը մեխանիկականն է, երբ հանրային համերաշխությունն անհատների նմանության հետևանք է. համանման կենսակերպ, կրոն, կրթական միջավայր կիսելու արդյունք։ Այս պարագայում համերաշխության բացակայությունը նշանակում է նաև ինքդ քո հետ անհամերաշխություն, քանի որ բոլորը գրեթե նույնն են։ Սա ինքնաշխատ համերաշխություն է՝ մեծամասամբ չգիտակցված ու չձևակերպված, բնորոշ այսպես կոչված ավանդական և փոքր հասարակություններին։
Համերաշխության երկրորդ ձևը Դյուրգհեյմն օրգանական է կոչում՝ գտնելով, որ այս համերաշխությունը զարգանում է ավելի բարդ՝ ժամանակակից հասարակություններում, երբ աշխատանքի շարունակական նեղացող մասնագիտացումը հասարակության անդամներին անխուսափելիորեն դարձնում է ավելի ու ավելի տարբեր։ Այս հասարակություններում է, որ անհատները համերաշխության են գալիս փոխառնչությունների հետևանքում. կամայական սոցիալական պրակտիկան կախված է միաժամանակ մի քանի տարբեր մասնագետների աշխատանքից, հետևաբար նրանց հետ համերաշխ լինելը կենսական անհրաժեշտություն է։ Դյուրգհեյմի երկու տարբերակումն էլ, այդուհանդերձ, համերաշխությունը բացասականից մղված է բացատրում. մենք համերաշխ ենք, որովհետև ստիպված ենք համերաշխ լինել՝ սեփական գոյությունը ապահովելու համար։

Զուգահեռ գրեթե նույն ժամանակամիջոցում ռուս գիտնական Կրոպոտկինը գրում էր, որ փոխօգնությունն է զարգացման հիմքը։ Եթե մարդկության պատմությանը հայացք գցենք, ապա անկարող կլինենք թերագնահատել դրա դերը։ Համերաշխությունը դրական հիմք ունի. մարդիկ միմյանց օգնելու և օժանդակելու բնական պահանջ ունեն, որի իրացման միջոցով էլ զարգանում է հասարակությունը նույնիսկ այն ժամանակներում, երբ թվում է, թե ամեն մեկն ապրում է իր համար և պետությունն է, որ պիտի հոգա բոլորի մասին։ Ընդ որում, Կրոպոտկինը պնդում էր սոցիալական և տնտեսական այնպիսի համակարգերի անհրաժեշտությունը, որոնք կգործեն կամավորական հորիզոնական ցանցերի հիմքով:
Ո՞ր համերաշխությանն է հղում սիրո և համերաշխության անվանված շարժումը: Առաջին հայացքից զգացողական համերաշխությունը գործառնում է դրական հիմքով։ Բայց այն ներփակ է՝ գործում է միայն նույն սոցիալական պրակտիկաները ակտիվացրած և փողոցն ու հրապարակը կիսած շրջանակում։ Ամբողջ հասարակության ընդգրկումը հնարավոր է դառնում իբրև բացասական հիմքով օրգանական համերաշխություն։ Այդպես էլ փողոց դուրս չեկած ստվար մի շերտ այդ համերաշխության մեջ տեղ ունի իր շարունակվող լռության պայմաններում։ Համերաշխության մեխանիզմներն այս պայմաններում պետք է լինեն այն առանցքային միջոցները, որոնք դրական համերաշխությունը կարող են դարձնել ներառական:

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search