Play Video

Կուսակցական համակարգի ամրպանդման կարևորությունը քաղաքական դիսկուրսի կենտրոնում է եղել առնվազն վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ կարևորվելով թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից: Բազմաթիվ ֆորմալ կարգավորումներ են ընդունվել և փոփոխվել այս ընթացքում՝ ներառյալ 2015 թ. սահմանադրական փոփոխությունները, որոնք մեծացրեցին օրենսդիր մարմնի, կուսակցությունների և խմբակցությունների դերը, էապես սահմանափակեցին ոչ կուսակցական թեկնածուների մասնակցությունը ոչ միայն համապետական ընտրություններին, բայց նաև ամենամեծ համայնքների տեղական
ինքնակառավարման մարմիններում:
Զուգահեռ այս կարգավորումներին Հայաստանի կուսակցական համակարգը աստիճանաբար համախմբվեց մեկ գերիշխող կուսակցության շուրջ: Այդ մեկ կուսակցությունը ի վիճակի եղավ վերջին երկու ընտրություններին ապահովել մեծամասնություն օրենսդիր մարմնում, ինչը աննախադեպ արդյունք էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում: Մյուս բոլոր կուսակցությունները, անկախ դրանց էությունից (գաղափարախոսությունից, դիրքորոշումից, կուսակցական կարգապահությունից, ռեսուրսների չափից և այլն), հընթացս ավելի սողանցքային դերակատարում ստացան կուսակցական համակարգում՝ ի հեճուկս, իսկ առանձին դեպքերում նաև հանձինս այդ ֆորմալ կարգավորումների:
Այդ կարգավորումների մի մասը (կայուն մեծամանսություն օրենսդիր մարմնում, այսպես կոչված բոնուսային տեղերի հատկացում, կոալիցիա կազմելու հնարավորություն ունեցող կուսակցությունների թվի սահմանափակում) հատուկ ստեղծվել էր հենց մեկ կուսակցության գերիշխանությունը ապահովելու համար: Բացառապես Հայաստանում հանդիպող այս կարգավորումները որոշ առումով ծառայեցին իրենց նեղ քաղաքական նպատակներին՝ ներկայացուցչական ժողովրդավարության հիմնարար կանոնների հաշվին: Սակայն այդ արհեստական կարգավորումները հնարավորություն չստեղծեցին պատշաճ կերպով
հասարակական տրամադրությունները ներկայացնել օրենսդիր մարմնում՝ նպաստելով քաղաքական ճգնաժամի առաջացմանը: Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» եկավ ապացուցելու առկա խզումը՝ ստիպելով գերիշխող կուսակցությանը զիջել գործադիրի ղեկը զանգվածային շարժման առաջնորդին, ով
խորհրդարանում նվազագույն ներկայացուցչություն ունեցող կուսակցության ղեկավար էր:
Անկախ այն հանգամանքից, թե արդյոք գերիշխող կուսակցությունը կկարողանա պահել մեծամասնությունը օրենսդիր թևում, և թե երբ կանցկացվեն հաջորդ ընտրությունները, ակնհայտ է, որ կուսակցությունների մասին կարգավորումները կարիք ունեն էական վերանայման:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ սույն զեկույցում կփորձեմ (ա) ներակայացնել գոյություն ունեցող կարգավորումները և դրանց խնդրահարույց կողմերը և (բ) քննարկել որոշ առաջարկություններ, թե ինչպես այդ կարգավորումները կարող են վերանայվել՝ հատկապես շեշտադրելով կուսակցությունների գործունեության և ֆինանսավորման հետ կապված կարգավորումները:

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search