Զեկուցումը նվիրված է Սասնա ծռերի հարձակման արդյունքում առաջ եկած հայկական քաղաքական խոսույթների վերլուծությանը։ Վերլուծվել է 316 լրատվական տեղեկություն, առանձնացվել է խոսողների երեք խումբ, որոնք օգտագործել են Սասնա ծռերի գործողության ներկայացման երեք հիմնական խոսութային ռազմավարություն՝ հավանություն, արդարացում, դատապարտում։
Հետազոտված խոսույթներում գերակշռողը Սասնա ծռերին հավանություն տվող «կոալիցիան» էր, որի մեջ մտնում էին մարդու իրավունքների ակտիվիստները և լիբերալ ընդդիմության առաջնորդները (այդ թվում՝ Րաֆֆի Հովհանիսյանը), ազդեցիկ արվեստագետները և սփյուռքում հասարակական կարծիք ձևավորողները, Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասնակից հրամանատարները (ինչպես Ռազմիկ Պետրոսյանը), նաև այլ մարտնչող ֆիդայի-ազգայնականները (ինչպես Ալեք Ենիգոմեշյանը)։
Հետաքրքիր է, որ Դաշնակցությունը ընտրել էր արդարացման միջանկայլ ռազմավարությունը և բացահայտ հավանության չարժանացրեց Սասնա Ծռերի գործողոթյունները։ Դա կարող է բացատրվել նրանով, որ կուսակցությունը իշխող կոալիցիայի մաս էր կազմում։ Սասնա Ծռերին դատապարտողների թվում էին Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջանակը, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը, նախագահ Սարգսյանը և այլ պաշտոնական անձինք։ Կարելի է նկատել, որ Հայաստանում խորհրդանշական իշխանության կրողների մեծամասնությունը Սասնա Ծռերի պաշպանների թվին էին պատկանում, այնինչ դատապարտողների խումբը հիմնականում ընդգրկում էր քաղաքական և տնտեսական իշխանությունը տիրապետողներին։ Այս դիրքավորումը հատկանշական է, քանի որ ի ցույց է դնում ճեղքվածքը, որը խանգարում է Հայաստանին դառնալ կոնսոլիդացված ազգային պետություն։ Կա հայկական ազգայնականության համատեղ գոյություն ունեցող և որոշ դեպքերում հակամարտության մեջ մտնող երկու տեսակ՝ պետության դեմ ուղղված և պետական շրջանակի մեջ դրված ազգայնականություն։ Այս երկու շրջանակները ուղղակիորեն համապատասխանում են ազգայնական վարդապետությունների և շարժումների երկու` պետականամետ և հակապետական տիպերին, որոնց մասին խոսում է Ռ. Բրուբակերը: Պարադոքսն այն է, որ տվյալ դեպքում ազգայնականության երկու տիպերն էլ դիմում են միևնույն ազգին` հայերին: Թեև դեռևս Բ. Անդերսենն է ուշադրություն հրավիրել ազգայնականության երկիմաստ բնույթի վրա` որպես մի ուժի, որը կարող է նպաստել ինչպես հեղափոխական ընթացքներին, այնպես էլ ռեժիմի կայունացմանը, Հայաստանի դեպքում այս երկիմաստությունը ուղեկցվում է նաև կապիտալի տարբեր տիպերի (ըստ Բուրդյոյի) յուրահատուկ կոնստելացիայով։
Սասնա Ծռերին վերաբերող խոսույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական և տնտեսական կապիտալ ունեցողները ի վիճակի չեն այն վերածելու խորհրդանշական կապիտալի, քանի որ դրան խանգարում է պետականամետ շրջանակի թուլությունը։ Բայց խորհրդանշական կապիտալ ունեցողները, որոնք իրենց դիրքավորում են որպես հակապետականամետ շրջանակ, տարանջատված են քաղաքական և տնտեսական կապիտալից։
Անգլերեն տարբերակը՝