Դիսկուրսը, ըստ Յակոբ Տորֆինգի սահմանման, հեգեմոնիկ արտահայտությունների արդյունք է, որի նպատակն է հասարակության մեջ ձևավորել ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյաինտելեկտուալ առաջնորդություն: ԶԼՄ-ները նորություններով, թոք շոուներով, զվարճալի հաղորդումներով վերարտադրում են աշխարհի մասին պատկերացումները, պարտադրում արժեքային որոշակի կառուցվածք: Զանգվածային հաղորդակցության ուղերձները դիտարկվում են որպես սոցիալական գործողություն, որպես իշխանության/ազդեցության կարևորագույն ձև, որպես գաղափարախոսության դրսևորման կարևորագույն ոլորտ:
Վերջին տասնամյակում (2007-2017 թթ.) քաղաքական դիսկուրսում տեղի ունեցած զգալի փոփոխությունների առկայությունն ընդունվում է համարյա բոլոր հետազոտողների կողմից: Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հաղորդակցությանը / քաղաքական ձեռնարկատերի / պրոֆեսիոնալների / և քաղաքացիների փոխազդեցությանը: Կարևորագույն գործոններից է կուսակցական համակարգի ճգնաժամը, մասնավորապես «համընդգրկուն» կուսակցությունների ձևավորումը, որի օրինակն են ՀՀԿ-ն կամ ռուսական «Եդինայա Ռոսիյա»-ն:
Քաղաքական հաղորդակցության և դիսկուրսի ճգնաժամը հատկապես նկատելի է հայաստանյան ազատական գաղափարախոսության և կուսակցությունների օրինակով: Վերջին ընտրությունների ժամանակ ոչ մի ազատական կուսակցություն չկարողացավ հաղթահարել ընտրապատնեշը: Սակայն, դժվար չէ նկատել, որ ազատական գաղափարախոսության հիմնական տարրը՝ իրավունքի և օրինականության հռետորությունը, կիսում են ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդիմությունը, հասարակական կազմակերպությունները և մասնակի նաև՝ քաղաքացիական ակտիվիստները:
Լիբերալիզմի ճգնաժամի հետևանքով հասարակության մեջ աճում են պոպուլիստական/ հակաէլիտար տրամադրությունները: Աճում է ապահամակարգային կամ հակահամակարգային ակտիվիստական շարժումների ազդեցությունը: Զեկուցման մեջ այդ նոր քաղաքական շարժումները վերլուծվում են Շանտալ Մուֆի և Էռնեստո Լակլոյի ռադիկալ դեմոկրատիայի տեսության լույսի տակ: Մասնավորապես դիտարկվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը: Համեմատվում են ռուսական ընդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնու և Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիսկուրսները:
Անգլերեն տարբերակը՝