Կախվածության հարաբերություններում մարդիկ տվյալ մարդու ֆիզիկական ներկայությունը զգալու անհաղթահարելի ցանկություն են ունենում, ունենում են չարդարացված պահանջներ: Կախվածության հարաբերություններն ուղիղ հակառակն են ազատությանը: Այս հարաբերություններում չկա ազատություն, այս հարաբերությունները մարդուն զարգանալու և առաջ գնալու հնարավորություն չեն տալիս: Կախվածության հարաբերությունների պարագայում նույնիսկ կողքից ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ զույգը ավելի շատ տառապնքի ու տանջանքի միջով է անցնում, քան միմյանց հաճելի և ուրախ զգացումներ է պատճառում: Եթե լինում են նման զգացումներ, դրանք պատահում են մի շարք մեծ զոհաբերությունների գնով: Նման հարաբերությունները նման են մեկ դերասանի թատրոնի, որովհետև այստեղ հարաբերություններ չկան. այստեղ կա անձ, տվյալ անձի կարիքներն ու պահանջմունքները, որոնց բավարարման համար օբյեկտ է հանդիսանում ինչ-որ մեկը: Իրականում տվյալ օբյեկտի երջանկության զգացումը, զարգացումն ու աճը մեծ հաշվով կարևոր չէ:
Կախվածության մեջ գտնվող մարդիկ շատ ծայրահեղ տեսակետներ են հայտնում իրենց հարաբերությունների կամ տվյալ մարդու կարևորության մասին: Օրինակ՝ ասում են, որ տվյալ անձն իրենց ամբողջ կյանքն է, նրանք չեն կարող ապրել առանց նրա, նա ինձ օդ ու ջրի պես պետք է և այլն: Նման կերպ այս մարդիկ ճնշում են և գործողությունների ազատությունից զրկում են իրենց զուգընկերոջը: Նմանատիպ տարբեր զգացմունքային արտահայտություններով կախվածության մեջ գտնվող մարդիկ փորձում են սահմանափակել միմյանց ազատությունը:
Կախվածության հարաբերություններին բնորոշ են հաղթելու և պարտվելու իրավիճակներ, ինչը ծայրահեղ տարբերվում է սիրո վրա հիմնված հարաբերություններից, որտեղ պարտվողներ չկան: Այստեղ հարաբերությունները ստեղծվում են մասնակցության սկզբունքով: