Play Video

Պաշտպանական մեխանիզմները խորքային հոգեբանության մեջ հանգուցային հասկացություններ են: Դրանք մարդու հոգեկան աշխարհը պաշտպանող գործառույթ ունեն: Այսինքն՝ այս մեխանիզմները փորձում են մարդուն հետ պահել այն բացասական, կործանարար ապրումներից և զգացմունքներից, որոնք տվյալ պահին մարդն ունի կամ կարող է ունենալ: Այս մեխանիզմները իրականում մարդուն հետ են պահում իրականության լիարժեք ընկալումից կամ այդ իրականության լիարժեք արտացոլումից: Այս մեխանիզմներն անհրաժեշտություն են, որովհետև իրավիճակներ են լինում, որտեղ առանց դրանց անհնար կլիներ. օրինակ՝ շատ սուր տրավմատիկ իրավիճակներ, շատ սուր բացասական ապրումներ ենթադրող իրավիճակներում: Սակայն այս մեխանիզմների շատ հաճախակի և ոչ այնքան անհրաժեշտ իրավիճակներում կիրառումը կարող է մարդուն կտրել իր իրականությունից:

Պաշտպանական մեխանիզմները կարող են տարբեր տեսակի լինել և մարդը կարող է միաժամանակ կիրառել այս մեխանիզմների մի քանի տեսակ և նույնիսկ ունենալ սիրելի պաշտպանական մեխանիզմներ: Օրինակ՝ պաշտպանական մեխանիզմ է արտամղումը, երբ մենք դադարում ենք գիտակցել և զգալ որոշակի տհաճ ապրումներ, որոնք իրականում արտամղվում են դեպի անգիտակցական ոլորտ: Այս ապրումներն իրականում շարունակում են գոյություն ունենալ, բայց պահեստավորված՝ արտամղված վիճակում: Արտամղումը երկսայր է և կարող է նաև կիրառվել, որպեսզի որոշ անգիտակցական մղումներ, ցանկություններ, բնազդներ ի հայտ չգան: Այսինքն՝ այս մեխանիզմը կարող է գործել երկու ուղղությամբ. թույլ չի տալիս, որ մենք գիտակցենք մեր ապրվող զգացմունքները, և թույլ չի տալիս, որ անգիտակցական տարբեր մղումներ և զգացումներ գան գիտակցական ոլորտ: Վերջիններս հիմնականում արտաքին աշխարհի կողմից արգելվող տարբեր զգացումներ և ապրումներ են:

Դիտեք նաև՝

Search