Play Video

Ծնող-երեխա փոխհարաբերությունները հարաբերությունների ամենաբարդ տեսակներից են, որովհետև այս փոխհարաբերություններում կան մի շարք առանձնահատկություններ, որոնք չկան այլ տեսակի հարաբերություններում: Այստեղ ակնկալել դասական իմաստով փոխադարձ վերաբերմունք միմյանց նկատմամբ անհնար է և անհեթեթ: Այստեղ հարաբերությունները մեկ ուղղությամբ են ընթանում: Այսինքն՝ ծնողներն ինչ-որ բաներ տալիս են երեխաներին, իսկ երեխաներն այդ ամենը լիարժեքորեն վերադարձնելու հնարավորություն չեն ունենում: Սա որոշակի յուրահատուկ երանգ է փոխանցում այս հարաբերություններին: Արդյո՞ք մենք գիտակցում ենք այս նրբությունները և չենք ակնկալում փոխադարձություն, արդյո՞ք այդ փոխադարձությունը հնարավոր է այս հարաբերություններում:

Մյուս կարևոր առանձնահատկությունը փոխադարձ կախվածությունն է, որ կա ծնող-երեխա հարաբերություններում: Այս կախվածությունը ազդեցություն է ունենում այս հարաբերությունների մեջ սիրո դրսևորման տեսանկյունից: Երբ որևէ հարաբերության մեջ կա կախվածություն, խոսք չի կարող լինել սիրո մասին: Սերը կարողանում է լիարժեքորեն դրսևորվել, երբ հարաբերության երկու կողմերը հասնում են անկախության որոշակի մակարդակի: Մենք կարողանում ենք տեսնել, ճանաչել, հասկանալ, լիարժեքորեն ընդունել և սիրել մեր երեխաներին (և կամ ծնողներին), երբ երեխաները մեծանում են և դառնում լիարժեք, անկախ անհատներ:

Ծնող-երեխա փոխհարաբերությունների մյուս առանձնահատկությունը վերաբերում է ակնկալիքներին, որոնք ձևավորվում են ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին ունեցած մեր պատկերացումների հիման վրա: Ծնողներից շատերը երեխային ընկալում են որպես իրանց շարունակություն կամ դիտարկում են նրանց մեկ ամբողջության մեջ: Դժվարանում են ընկալել երեխաներին որպես տարբեր և առանձին մարդիկ: Այս ընկալումները հանգեցնում են ներքին կոնֆլիկտների, ինչպես նաև բարդություններ են առաջացնում երեխա-ծնող փոխհարաբերությունների մեջ:

Դիտեք նաև՝

Search