Մեդիայի իրական շարժառիթները տեսնելու համար պետք է հասկանալ՝ ինչ դեր է այն կատարում մեր հասարակությունում:
Հեղափոխությունն այն հանգրվանն է, որի սոցիալական փոփոխությունների ակնհայտությունն ավելի հստակ է դարձնում մեդիայի տեղը և դերը հասարակական կյանքում:
Հետհեղափոխական Հայաստանի հանրային խոսույթում անընդհատ ներկա է ԶԼՄ-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ հարցերի կարևորության ընկալումն ու օրակարգային լինելը և բարձրաձայնումը, թե ինչ հարաբերություն պետք է ունենան իշխանությունը և ԶԼՄ-ն, ԶԼՄ-ն և հասարակությունը, ինչ խնդիրներ լուծման կարիք ունեն և պետք է արծարծվեն:
Թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո զանգվածային տեղեկատվամիջոցների գործունեությունը հաճախ քննադատվում է ոչ բավարար մասնագիտական պատրաստվածության, առևտրային նախապատվությունների ու գլխավորապես հանրային անբարենպաստ ազդեցության համար:
Հեղափոխությունից ու կառավարության ձևավորումից հետո հանրության դատին ներկայացվեց իշխանությանն ուղղված նամակ՝ ստորագրված ԶԼՄ որոշ ներկայացուցիչների կողմից: Նամակին հաջորդեցին ասուլիսներ և կլոր սեղան-քննարկումներ հետհեղափոխական Հայաստանում մեդիայի դերի ու նշանակության մասին: Այդ նամակը և քննարկումները զուրկ էին ինքնաանդրադարձից և պարունակում էին մանիպուլյացիայի ու կիսաճշմարտությունների բազմաթիվ տարրեր: Պատճառներից մեկը կարող էր լինել նոր իրողություններին արագորեն չադապտացվելը և իշխանություն-ԶԼՄ նախկին հարաբերությունների՝ առավելապես ոչ ֆորմալ պայմանավորվածությունների համակարգը պահպանելու և որոշ չափով կոնսերվացնելու փորձը: