Play Video

Եթե գիտական և փիլիսոփայական հարթությունում սոցիալական արդարության բովանդակությունը ենթադրում է բարդ, բազմաշերտ և բազմագործոն փոխազդեցություններ, ապա հասարակական ընկալումներում այն, մեծ հաշվով, հանգում է անհատների, խմբերի՝ իրենց իսկ բարեկեցության սուբյեկտիվ ընկալումներին` այլոց հետ համեմատության մեջ: Սուբյեկտիվության բաղադրիչի այսպիսի մեծ տեսակարար կշռի պայմաններում բավականին հեշտ է մանիպուլացնել արդարության վերաբերյալ անհատների պատկերացումները, առավել ևս ցածր կյանքի որակ և աղքատության բարձր մակարդակ ունեցող տնտեսություններում:

ՀՀ տնտեսությունում սոցիալական արդարության հիմնախնդիրը եղել և շարունակում է առանցքային մնալ: Բոլորովին տարբեր են սակայն դրա շուրջ հասարակական պատկերացումները մինչհեղափոխական, հետհեղափոխական, նախապատերազմական և հետպատերազմական շրջաններում: Սոցիալական արդարության հասարական ընկալումների և դրանց մանիպուլացման վրա պարբերաբար մեծ ազդեցություն են ունեցել տարբեր քաղաքական գործիչների թիրախավորված ձևակերպումները կամ այս կամ այն ուժի կողմից որևէ թեզի նպատակաուղղված շրջանառումը: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Գյոզալյանն իր զեկույցում անդրադառնում է հետևյալ թեզերին`

1. «Ամեն ինչում մեղավոր են «սև կարապները» կամ «ամեն ինչ լավ կլիներ, եթե…»

Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե օրինակ, չլիներ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը, ապրիլյան պատերազմը, հեղափոխությունը, Քովիդը, 44-օրյա պատերազմը… Այպիսի տարաբնույթ տեսակետների շարքը կարելի է երկար շարունակել… Իրականում վիճարկելի է` թվարկածներից որոնց իրապես կարելի է «սև կարապի» էֆեկտ վերագրել: Անկանխատեսելիության գործոնի շահարկումը հատուկ է բոլոր մակարդակների բոլոր կառավարիչներին: Սակայն, մոլորություն է այն կարծիքը, որ եթե անգամ գործ ունենք իրական «սև կարապի» հետ, ապա ի սկզբանե բոլոր գործողությունները դատապարտված են:

2. «Կախարդական փայտիկի» գոյությունն ու չգոյությունը.

Խնդիրը ոչ թե նրանում է, որ քաղաքական գործիչները շահարկում են կախարդական փայտիկի գերբնական ուժի ազդեցությունը, այլ որ հասարակության լայն զանգվածներ հենց գերբնական ուժի հանկարծակի ազդեցության հետ են կապում իրենց բարեկեցության բարձրացումը: Մինչդեռ պետք է հստակ գիտակցել, որ տնտեսությունն ունի զարգացման որոշակի միտումներ և օրինաչափություններ, աճի կուտակված պոտենցիալ, իսկ աշխարհում դիտված այս կամ այն տնտեսական հրաշքը իրականում ոչ թե կախարդական փայտիկի, այլ համապատասխան օրակարգի նպատակաուղղված գործարկման, իրականացման և վերահսկման քաղաքական կամքի դրսևորման արդյունք է:

3. Աղքատությունը մեր ուղեղու՞մ է.

Ցանկացած հասարակությունում միշտ կան անհատներ, ում համար չաշխատելը կամ տնտեսական պասիվությունը գիտակցված ընտրություն է: Ընդ որում, այպիսի մարդիկ ոչ միայն աղքատ խավի շրջանակում են: Բնականաբար, այստեղից էլ չի բխում, որ բոլոր աղքատները այն անձինք են, ովքեր գիտակցաբար ընտրել են չաշխատելու ճանապարհը և ոչինչ չեն անում աղքատության գիծը հաղթահարելու համար՝ դիցուք անապահովության նպաստ ստանալու նպատակով: Իրականում աղքատությունն անհամեմատ ավելի բազմաշերտ, բազմաչափ ու բազմագործոն երևույթ է: Եթե խնդիրը դիտարկենք պետության սոցիալական պատասխանատվության տեսանկյունից, ապա սահմանադրորեն ամրագրված սոցիալական պետության կարգավիճակն արդեն իսկ ենթադրում է պետական հոգածություն ցածր կենսամակարդակ ունեցողների նկատմամբ` անկախ նրանց կարգավիճակի ձևավորման սոցիալ-տնտեսական, հոգեբանական և այլ պատճառներից:

4. Տնտեսական աճը դեռ բարեկեցության երաշխիք չէ.

Եթե խնդիրը դիտարկենք սոցիալական արդարության ապահովման տեսանկյունից, ապա տնտեսական աճը, անգամ երկնիշ, ամենևին էլ երաշխիք չէ հասարակության լայն շերտերի բարեկեցության բարձրացման համար: Խնդիրը կրկին հանգում է այն պարզ գիտակցության ամրապնդմանը, որ տնտեսական աճը խիստ անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է տնտեսական զարգացում ապահովելու համար:

Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։

Դիտեք նաև՝

Search