Play Video

Մարդկանց մտածելակերպի և հույզերի վրա ուղղորդված ազդելու մեխանիզմները մշակվել և կիրառում են ստացել դեռ անտիկ աշխարհում և հետագա տարիների ընթացքում շարունակական զարգացում ապրել` համընթաց գնալով մարդու մասին գիտությունների առաջընթացին։ Ներկայումս` համացանցի և մասնավորապես սոցիալական ցանցերի համատարած դառնալուց հետո, պոպուլիստական պրոպագանդան նոր վերելք է ապրում։

Նյարդահոգեբանության և էվոլյուցիոն կենսաբանության ժամանակակից մոտեցումների միջոցով հնարավոր է բացատրել, թե ինչպես է մարդու ուղեղը ընկալում մատուցվող տեղեկատվությունը, ինչու է նրան այդքան հեշտ մոլորության մեջ գցել, և ինչպես կարելի է սովորել տարբերակել մանիպուլյատիվ նյութը արժանահավատից։

Հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանն իր զեկույցում անդրադառնում է հետևյալ հարցերին`

  • Պաշտպանված լինելու հենակետային պահանջմունք. ինչու՞ է մեզ համար կարևոր ապահով զգալու համար միշտ լինել հնարավորինս տեղեկացված;
  • Տեղեկատվության ընկալման վերբալ (խոսակցական) և ոչ վերբալ մակարդակները. ինչպե՞ս է մեր ուղեղը ընկալում արտաքին աշխարհից ստացված տեղեկատվությունը, և ինչքանո՞վ ենք մենք վերահսկում այդ գործընթացը;
  • Հեշտ լուծումների բնազդային նախընտրման հիմնավորումը. ինչպե՞ս է մեր ուղեղը ընտրում լուծման օպտիմալ տարբերակը և ինչքանո՞վ է այն իրականում արդյունավետ;
  • Դիխոտոմիկ մտածողության ալգորիթմ. ինչպե՞ս է աշխատում մարդու վերլուծական միտքը և ինչու՞ է հեշտ նրան խաբել;
  • Ընկալման փոփոխությունները սթրեսային պայմաններում. ի՞նչ սկզբունքային տարբերություն կա հանգիստ և լարված վիճակում տեղեկատվության ընկալման միջև, և արդյո՞ք հնարավոր է կարգավորել այդ տարբերությունը;
  • Թշնամու կերպարի հատկանիշների ընտրություն և մշակում. ի՞նչ կամ ու՞մ ենք մենք ընկալում որպես թշնամի, ի՞նչ հատկություններ ունի այն, և ինչպե՞ս ենք մենք դրանք գնահատում;
  • Ունիվերսալ ձևակերպումներ. ինչպե՞ս է ստացվում, որ պոպուլիստական գաղափարները հոգեհարազատ են լինում մեծամասնության համար;
  • Կենտրոնական թեզ և շեղող գրավիչ միջավայր. ինչպե՞ս է պրոպագանդան քողարկում իր հիմնական գաղափարը և ինչպե՞ս այն ճանաչել:

Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։

Դիտեք նաև՝

Search