Այսօր մեր հասարակությունում մարդիկ շատ անփութորեն են գործածում բառերը, մանավանդ՝ բացասական նրբերանգով բառերը. սա պատմական և հոգեբանական պատճառներ ունի: Այն փաստը, որ մարդիկ տարբեր տեսակի վերբալ ագրեսիա են հնչեցնում, արդեն խնդիր է, բայց այն չպետք է հավասարեցվի ագրեսիվ ներուժին:
Այս հարցի շուրջ երկու տեսակետ կա: Որոշ հոգեբանական տեսակետների համաձայն, որոնք ավելի գերիշխող են և հիմնված են սոցիալական ուսուցման տեսության վրա, ագրեսիան սովորովի է, և ցանկացած կայուն կրկնվող ազդակ (օրինակ, մեդիադաշտում) կարող է մարդուն դարձնել ագրեսիվ (մանավանդ ձևավորվող մարդուն՝ երեխաներին, պատանիներին): Այսինքն, խոսքում ագրեսիան նորմալիզացնելու դեպքում այն կարող է աճել մարդկանց մեջ:
Մեկ այլ տեսակետի համաձայն՝ մարդու մեջ այսպես թե այնպես առկա է այն շերտը, որը կարելի է որոշակի ակտուալ իրավիճակներում անվանել ագրեսիա: Մարդու մեջ կան այդ հարձակվողական, վնաս տալու, ինչ-որ իրավիճակներում զայրույթ ապրելու և դեստրուկտիվ լինելու հակումները (նույնիսկ ոչ գիտակցված):
Եվս մեկ տեսակետի համաձայն՝ ագրեսիվ խոսելը, կամ, այսպես ասած, ցածր ագրեսիվություն պարունակող սիմվոլիկ ագրեսիվ գործողությունները, ինչպես, օրինակ, ֆուտբոլի դաշտում հայհոյելը, գոռգոռալը, սպառնալը, կամ ագրեսիվ ֆիլմեր դիտելը, կարող են իջեցնել ագրեսիվ պոտենցիալը, որովհետև դրանց շնորհիվ ագրեսիան պարպվում է:
Այսպես, պետք է բառերի ու հասկացությունների հարաբերական սահմանում անել և կոնկրետ դեպքերում տարանջատել, օրինակ, ուժի անհամաչափ կիրառումը և բռությունը ագրեսիայից կամ զայրույթից: