Play Video

Ֆրիդրիխ Նիցշեի կերպարի առանձնահատկությունը հաճախ կապում են խորքային երաժիշտ լինելու հանգամանքի հետ։ Նիցշեի դեպքում պետք է տարանջատել «երաժիշտ» և «կոմպոզիտոր» հասկացությունները, քանի որ նա ավելի շատ երաժիշտ էր ոչ թե այն պատճառով, որ ստեղծում էր երաժշտություն, այլ հատկապես երաժշտության տարերքի ընկալման, երաժշտությունը որպես կյանքի հիմք ընդունելու և երաժշտության պրիզմայով տարբեր հարցերի նայելու պատճառով, ինչը բացառիկ երևույթ է մշակութաբանական ասպեկտում։ Այսինքն, Նիցշեն երաժշտության միջոցով է մոտենում որոշակի հարցերի, որոնց խորքային կերպով չեն վերաբերվում նույնիսկ լուրջ երաժիշտներ, կոմպոզիտորներ և երաժշտագետներ։

Նիցշեի երաժշտական ընկալումներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա չէր հանդուրժում հաճույք պատճառող երաժշտություն, որի միջոցով մարդը հանգստանում և վայելում է այդ վիճակը։ Ընդհակառակը, Նիցշեն երաժշտությանը վերաբերվում է որպես վեհացնող, աստվածային մի երևույթի, որից մենք այսօր խույս ենք տվել։

Կարևոր է հասկանալ՝ արդյոք Նիցշեի երաժշտության մեջ կան որևէ տարրեր, որոնցով նա դուրս է եկել ռոմանտիզմի շրջանակներից, որովհետև փիլիսոփայության մեջ, ամեն դեպքում, Նիցշեն ռոմանտիկ չէր և նույնիսկ խնդիր ուներ ռոմանտիկների հետ։ Կարելի է ասել, որ Նիցշեի՝ կոմպոզիտոր և փիլիսոփա լինելու մեջ հակադրություն կա․ նրա երաժշտությունը սնվում էր իր ժամանակի մեծ ռոմանտիկներից, որոնցից առաջին հերթին պետք է նշել Վագներին, ում հետ նա սերտ կապի մեջ էր։ Նա նաև շփվում էր Լիստի, ֆոն Բյուլովի և շատ այլ երաժիշտների հետ, որոնք ռոմանտիզմի ներկայացուցիչներ էին, հատկապես նրանց ընկերության առաջին շրջանում։ 

Նիցշեն իր ամենամեծ երաժշտական տպավորությունները ստացել և որպես կոմպոզիտոր է ձևավորվել մի միջավայրում, որտեղ ռոմանտիզմն էր խաղում հիմնական դերը։ Նիցշեի՝ ռոմանտիկ կոմպոզիտոր և ոչ ռոմանտիկ փիլիսոփա լինելու հակադրությունը բերում է բախման, որի հետևանքով նա հեռակա բանավեճ է ունենում իր պաշտելի Ռիխարդ Վագների հետ, և այն հանգուցալուծման է բերում նրանց հարաբերությունները։

Դիտեք նաև՝

Search