Play Video

Ո՞րն է լրագրության համար նոր նորմալը։ Մենք ականատես ենք հետաքրքիր ֆենոմենի․ համավարակի ընթացքում մարդու սոցիալական վարքում մաքրասիրությունը, զգուշավորությունը, անձնական հիգիենայի պահպանումը դառնում է նոր նորմալ, սակայն, ցավոք, տեղեկատվական դաշտում այդ «հիգիենան» մնում է անփոփոխ՝ ցածր մակարդակի վրա։ Սակայն տեղեկության ստուգումը միայն հասարակության խնդիրը չէ․ լրագրությունը պիտի պատասխանատվություն ստանձնի ընթերցողի համար։

Համավարակի ընթացքում շրջանառվող ու արագ տարածվող միֆերն ու ապատեղեկատվությունն այնքան շատ են, որ խմբագրությունների համար նոր առաջնահերթություն դարձավ տեղեկությունների ստուգումը։ Այս առումով, Հայաստանի տեղեկատվական խնդիրներից է քաղաքականացված բժշկական և փորձագիտական դաշտը, որում համավարակը շահարկում է քաղաքական հեռահար հաշվարկներով։ Մյուս կողմից, ԱՀԿ-ն ևս իրարամերժ տեղեկություններ է տալիս, և այդ առումով ստույգ տեղեկատվության մատակարարումն էլ ավելի է բարդանում։

Համավարակն առիթ դարձավ, որ սոցիալական մեդիայում ձևավորվեն քաղաքական հեղինակություններ։ Հեղինակավոր խոսքի, փորձագիտական կարծիքի պակասի պայմաններում առաջանում են բացեր, որոնք լցվում են կեղծ կամ կիսակեղծ խոսքով։ Այս խոսքի ֆիլտրման գործառույթը լրագրողինն է, սակայն հայկական ԶԼՄ-ների մեծ մասն այդ ֆիլտրումը չեն կատարում և տեղեկատվությունն առանց ստուգելու հրամցնում են ընթերցողին։ Խմբագրությունները չեն գիտակցում, որ որևէ աղբյուրից վերցված խոսքը չի բացառում այդ խոսքի տարածման համար պատասխանատվությունը։

Համավարակը փոխել է լրագրողի աշխատանքը։ Փոխվել է տարածությունն ու աշխատանքի արագությունը, պատկերի ու ձայնի ձևն ու որակը, սակայն, հնարավոր է դարձել հեռավար աշխատանքը։ Այս իրողությունն ունի նաև իր վնասները՝ մարդկային շփման, թիմային աշխատանքի նվազեցումը, լրագրողի՝ իրադարձության տեղում գտնվելը և այլն։

Դիտեք նաև՝

Search