Play Video

Տեղեկատվական տեխնոլոգիաներում օգտագործվող «ֆրեյմինգ» եզրույթը փիլիսոփայական հասկացություն է, որը նշանակում է իրականությունը միայն մասամբ ճանաչել՝ որոշակի շրջանակների (frame) մեջ։ Մարդկության ողջ պատմության ընթացքում մարդը փորձել է ընդլայնել իր տեսանկյունն աշխարհի մասին՝ օգտագործելով հին ու նոր մեթոդներ։ Բազում տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նաև տեղեկատվական, ստեղծվում էին հենց այդ նպատակով՝ աշխարհաճանաչողության սահմանափակ շրջանակը ընդլայնելու։ Սակայն շատերը քննադատորեն նշում են, որ զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողին տալիս են իրականության մասին սահմանափակ պատկերացում, ցույց են տալիս իրականության միայն մի մասը։

Լրատվության մեջ օբյեկտիվության խոսույթը մշտապես արծարծվող թեմաներից է։ Բայց առհասարակ հնարավո՞ր է ամբողջի ցուցադրումը, ամբողջի ճանաչումը։ Մարդու աշխարհաճանաչողության հնարավորությունները սահմանափակ են, հենց զգայարաններն են ֆրեյմավորում, շրջանակավորում իրականությունը։ Այս դեպքում արդյո՞ք այն ամենը, ինչ լրատվամիջոցները տեսախցիկից դուրս են թողնում, պետք է համարել նպատակաուղղված սուտ։ Գիտելիքը նույնպես սահմանափակ է, և այն ամենը, ինչ մենք գիտենք, կիսաճշմարտություն է։ Եթե մեր ճանաչած իրականությունը կիսաճշմարտություն է, որն էլ իր հերթին ավելի շատ սուտ է, ապա արդյո՞ք տեղին է քննադատել որևէ կեղծ լուր։

Մարդկությունը, մի կողմից, որպես ավանդույթի շարունակություն՝ ձգտում է կատարելության, մյուս կողմից՝ ցուցաբերում է առօրեական մոտեցումներ։ Առօրեականությանը բախվելով՝ մարդկությունը ոչ միայն ապրել է կիսաճշմարտության մեջ, այլև վաղուց դրան համակերպվել ։ Համակերպվելու փիլիսոփայությունը փորձի մասին է․ որքան շատ փորձ ունես, այդքան շատ ես համակերպվել։ Կիսաճշմարտության մեջ ապրելուն մարդը համակերպվել է, ուրեմն այն նորմա է։ Նմանապես՝ կեղծ լուրը նույնպես նորմա է դարձել։

Այսօրվա մարդը տեղեկատվություն սպառում է, բայց նոր գիտելիք չի ստանում։ Եթե նախկինում մարդը տեղեկատվություն ստանալն ընկալում էր որպես առաքելություն (օր․ Աստվածաշունչ կարդալը), ապա այսօր տեղեկատվության հետ անընդհատ առնչությունը դարձել է կենցաղի մի մաս։ Այսպիսով՝ այսօրվա մարդը որոշել է կատարելություն չփնտրել․ այն շրջանակները, որոնք նախկինում ձգտում էին ընդլայնել, այսօր այլևս չեն ընդլայնվում, այլ պարզապես՝ տեղափոխվում է շրջանակը։

Դիտեք նաև՝

Search