Play Video

Հաղորդումը նկարահանվել է 2021թ. մարտի 17-ին:

Արդյո՞ք իշխանությունները պատրաստ են արագացված կարգով փոփոխել ընտրական օրենսգիրքը՝ հանուն մինչև հունիսի մեկը փոփոխություններ պահանջող խորհրդարանական ընդդիմության հանդեպ կոմպրոմիսային քայլի: Արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է երկարաձգել ժամկետները՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ լիարժեք քննարկումներ ծավալելու նպատակով:

Այն պատկերացումը, թե ընտրական օրենսգրքի նախագիծն ուղղակիորեն պայմանավորված է քաղաքական իրավիճակով, թյուր է: 2019թ. գարնանը ձևավորվեց աշխտանքային խումբ, որը նպատակ դրեց առաջնահերթություններ սահմանել: Մոտ էին ՏԻՄ ընտրությունները, և բոլոր խմբակցությունները փոխհամաձայնությամբ փոփոխեցին ընտրական օրենսգրքի ՏԻՄ բաղադրիչը, այնուհետև աշխատանքը կենտրոնացավ կուսակցությունների մասին օրենքի վրա: Ընտրական օրենսգրքի մյուս բաղադրիչի փոփոխությունը նախատեսվում էր 2020թ. վերջ-2021թ. սկիզբ, քանի որ 2020թ. նախատեսված էր սահմանադրական հանրաքվե: Ընտրական օրենսգրքում կան կարևոր բաղադրիչներ, որոնք կարելի է որոշ չափով չեզոքացնել միայն օրենսգրքի փոփոխությամբ, ինչը հնարավոր չէ առանց սահմանադրական փոփոխությունների: Ընտրական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ պիտի քննարկվի 2021թ. ապրիլի 13-ին, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի կարծիքները կհետևեն դրան հաջորդող շաբաթում, և մայիսի սկզբին կարող է տեղի ունենալ երկրորդ ընթերցումը: Արտահերթ ընտրությունների անցկացումը մինչև 2021թ. հունիսի մեկը այս պարագայում գործնականում հնարավոր չէ:

Առանց փոփոխությունների ընտրությունները հղի են լուրջ վտանգներով: Հասարակությունը երկատված է արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ, սակայն, ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ավելի միարժեք մոտեցում ունի: Նախագիծը հնարավորություն է տալիս խորհրդարանական ընդդիմությանը հաջորդ խորհրդարանում ավելի մեծ համամասնությամբ ներկայացված լինելու: Սակայն, գոյություն ունեն սցենարներ, որոնցում փոխադարձ շահավետ լուծումը հնարավոր չի լինում տարբեր պատճառներով:


Արտահերթ ընտրությունների կայացումը շատ կարևոր է, և այդ որոշումը կայացնելիս պետք է գիտակցել մի շարք հանգամանքներ: Հայաստանում համավարակի նոր ալիք է բարձրանում, և ընտրությունների ժամկետները կարող են կապված լինել նաև, օրինակ, հանձնաժողովներում կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ: Սակայն, արտահերթ ընտրությունների ժամկետի հարցը, համավարակի խնդիրը և այլն, չպիտի ընկալվեն որպես ընտրություններ հետաձգելու պատրվակ:

Դիտեք նաև՝

Search