Play Video

Ի՞նչ է մեդիաաղմուկը։ Եվրոպական վերլուծաբաններն այս երևույթն անվանում են հետճշմարտություն (post-truth), իսկ ռուսական իրողոթյան մեջ մենք այն կոչում ենք ֆեյք նորություններ կամ հիբրիդային տեղեկատվական պատերազմ, սակայն, Հայաստանի պարագայում դիպուկ է հենց «մեդիաաղմուկ» եզրը։ Մեդիաաղմուկը մեդիայի տարբեր գործիքների կիրառությունն է, որը բերում է կիսաճշմարտություն արտահայտման։ Մեդիաաղմուկը տարբեր է ֆեյք նորություններից․ ամբողջական կեղծիքն ավելի հեշտ է հերքել, քան կիսաճշմարտությունը։ Գոյություն ունեն մեդիագործիքներ, որոնք լրացնում են մեդիաաղմուկը՝ քարոզչություն, հակաքարոզչություն, թաքնված քարոզչություն, կեղծ լուրեր և տվյալներ, մանիպուլյատիվ փաստարկներ, «քլիքաբեր» լուրեր, քաղաքական պոպուլիզմ, կողմնակալ լրատվություն, ապատեղեկատվական լրատվություն։ Երբ այս բոլոր իրողությունները հայտնվում են մեկ դաշտում և մտնում են սոցիալական մեդիա, առաջանում է մեդիաաղմուկ։

Սուտն աշխատում է առջևի մարդու էմոցիաների հետ կապ հաստատելու միջոցով։ Կեղծ տեղեկատվության նշված բոլոր տարատեսակներում մեծ դեր ունի հենց էմոցիաների շեշտադրումը։ Հետաքրքիր է, որ այդպիսի տեղեկատվություն տարածելու հիմնական դրդապատճառները կապված են քաղաքական, ֆինանսական կամ գաղափարային շահերի հետ։ Հանրությունը կարծես բաժանվում է երկու ճամբարի, որոնցից մեկը հավատում է հավաստի աղբյուրներին, կարևորում են արժանահավատությունն ու փաստը, իսկ մյուսում՝ տգետ միջավայրում, տարածվում է կեղծիքը։ Պետք է նշել, որ էմոցիոնալ գիտելիքն ու բանական գիտելիքը տարբեր երևույթներ են, և էմոցիոնալ մակարդակում ասված սուտը չի հերքվում բանական գիտելիքի միջոցով, փոխարենը պետք է տեղափոխվել էմոցիոնալ մակարդակ։

Անհրաժեշտ է անդրադառնալ մեդիաաղմուկի հայկական դրսևորումներին։ Ամենատիպական օրինակներից է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ուղղված քարոզարշավն էր։ Ընտանեկան բռնության դեմ ուղղված կոնվենցիայի ընդունումը կանխելու նպատակով տեղեկություն շրջանառվեց, որ այն միտված է ավանդական ընտանիքի մոդելը քայքայելու։ Հանրության բուռն էմոցիոնալ արձագանքից հետո կոնվենցիայի բովանդակությունում այդպիսի թեզերի բացակայությունը մատնանշելն այլևս անօգուտ էր։ Սա այն իրավիճակներից մեկն էր, որոնցում կեղծ լուրի հերքումը չի դադարեցնում կեղծիքի աշխատանքը։ Սա կապված է նաև կրթական ցենզի հետ․ փաստերի ճնշման տակ մարդ չի ընդունում սեփական սխալը։

Ի՞նչ պիտի անեն պրոֆեսիոնալ մեդիաարտադրողները սոցիալական մեդիաների դարաշրջանի անդարձելի փոխված իրականությունում։ Դասական մեթոդներն են փաստերի ստուգումը, մեդիագրագիտության խթանումը, լրատվականների ինքնակարգավորումը, օրինական դաշտի որոշակի փոփոխություններ, վիրավորանքի, ատելության խոսքի կոնկրետ սահմանումները։ Դասական լրագրության կանոնները ևս պիտի փոխվեն․ բազմակողմանի ու հավասար լուսաբանման կանոնները չեն աշխատում մեդիաաղմուկի իրականությունում։ 15-20 տարի առաջ լրագրություն սովորածներն այսօր շփոթության մեջ են, քանի որ նրանց գիտելիքն այսօր գործնականում չի աշխատում։ Լրագրությունն այլևս երբեք չի լինի հինը․ մասնավոր ճշմարտությունը դարձել է հրապարակային։

Արդյո՞ք մեդիաաղմուկը կառավարելի է։ Կառավարելիության մասին խոսելով՝ պատկերացնում ենք որոշակի «վերևից» կառավարում, սակայն, մարդկության ստեղծած լավագույն միջոցն ինքնակառավարումն է, տվյալ պարագայում՝ ինքնամաքրումը։ Ինչպե՞ս պետությունը կարող է կառավարել մի գործընթաց, որին օբյեկտիվ պատճառներով մասնակցում է․ այս գործառույթը պիտի պատկանի գիտակից հանրույթին։ Պետությունը պիտի դուրս մնա մեդիադաշտի կառավարումից, կամ առնվազն որոշակի սկզբունքներ պահպանի՝ չօգտագործի հակաքարոզչություն, հարաժարվի պոպուլիզմից և փիառից, ընդունի սեփական սխալները։

Դիտեք նաև՝

Search