Play Video

Բուլլի (Bully` հալածող, բուլիինգ իրականացնող անձ) դառնալու հիմնական երեք գործոն է կարելի առանձնացնել, որոնք որպես առանձին գործոններ, կամ բոլորը միասին տեղ են գտնում բուլլիի հոգեկանի մեջ: Առաջին պատճառը «Մութ եռյակի» (Dark Triad) դասակարգված երեք հատկանիշներն են մաքիավելիզմը՝ մանիպուլյատիվ վարքը, նարցիսիզմը՝ ինքնասիրահարվածությունն ու սեփական էգոյի գերադասումը ամեն ինչին և բոլորին, ու փսիխոպաթիան՝ ապրումակցման բացակայություն: Երկրորդ գործոնը պրոյեկցիան է. բուլլին իր վախերն ու թերությունները պրոյեկտում է զոհի վրա՝ զոհին «հաղթելով» կարծես հաղթահարելով սեփական թերությունները: Բուլլի դառնալու երրորդ պատճառը ցածր էմոցիոնալ ինտելեկտն է և սեփական գործողությունների անդառնալի հետևանքների գիտակցման բացակայությունը: Արևմուտքում բուլիինգի կանխարգելման հիմնական միջոցը հենց էմոցիոնալ ինտելեկտի բարձրացման վրա է հիմնված:


Դպրոցի և մանկավարժության նպատակներից մեկն է երեխայի սոցիալականացման բարձրացումը՝ մասնավորապես, բուլիինգը կանխելու համար: Իհարկե, գոյություն ունեն կրթական համակարգեր, որոնցում կարգապահության կոշտ կանոնների շնորհիվ բուլիինգն ուղղակի տեղ չի գտնում, թեև այդ համակարգերն իրենց խնդիրներն ունեն: Սակայն, եթե երեխաներին ինքնահոսի թողնել, նրանք ինքնաբերաբար բաժանվում են հալածողների և հալածվողների: Դրա պատճառն այն է, որ մինչև որոշակի տարիք երեխաները դժվարանում են ինքնուրույն տարբերակել լավն ու վատը և հիմնվում են արտաքին օրինակների վրա՝ արդյունքում ավելի հեշտ տրվելով սեփական բնազդային ազդակներին: Սրա հետևանքով, դպրոցներում բուլիինգը սովորաբար խմբակային բնույթ է կրում. ձևավորվում է հալածողների խումբ, որը թիրախավորում է մեկ կամ երկու երեխայի, իսկ մնացած երեխաները ստիպված միանում են հալածողներին, որ չհայտնվեն հալածվողների շարքում:

Այսօր մեծ խնդիր է կիբեր-բուլիինգը (թվային հետապնդումը), որը շատ ավելի դժվար է վերահսկվում և կարող է կրել անհատական բնույթ՝ հալածողն այլևս կարիք չունի իր շուրջ խումբ ունենալու և կարող է տևական ժամանակ ինքնուրույն իրականացնել հետապնդումը՝ անանուն և անպատժելի: Կիբերտիրույթի զարգացումը բերում է հալածանքի նոր ձևեր, երբ վերահսկողությունից դուրս գտնվող մեկ հալածողը կարող է իսկապես ինքնասպանության հասցնել իր զոհին:


Արևմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում, գոյություն ունեն բուլիինգի դեմ պայքարելու հստակ մեխանիզմներ, առաջին հերթին՝ իրավական. երեխան, անկախ իր արտաքին տեսքից կամ զարգացման յուրահատկություններից, իրավունք ունի դպրոց գնալու և այնտեղ ապահով գտնվելու: Դպրոցներում տարվում է նաև հոգեթերապևտիկ աշխատանք հատկապես, բուլիինգի կանխարգելման նպատակով: Բուլիինգի կանխարգելման մեխանիզմները ևս բաժանվում են օրենսդրական և հոգեբանական լուծումների. բուլիինգի դեպքերը բարձրաձայնվում և պատժվում են, իսկ դպրոցներում գործում են տարատեսակ ծրագրեր՝ երեխաներին ապրումակցել և համագոյատևել սովորեցնելու համար, օրինակ՝ շատ արդյունավետ “Take The Lead” («Դարձիր առաջնորդ») ծրագիրը:


Հայաստանում գոյություն ունի բուլիինգի բավականին լուրջ խնդիր, սակայն դրա մասին ընդունված չէ խոսել նույնպես, ինչպես ընտանեկան կամ սեռական բռնության և այլ խնդիրների մասին: Սակայն, հայաստանյան իրականությունը հատուկ լուծումների կարիք ունի: Մի կողմից Հայաստանում խնդրահարույց է ուսուցիչների պատրաստման ողջ ինստիտուտը. բուհերը ուսուցիչների փոխարեն փաստացի արտադրում են վարժեցնողների, հասարակության մեջ կրթական համակարգը՝ որպես երևույթ, երկրորդական նշանակություն ունի: Մյուս կողմից, ինչպես նշվեց, հասարակությունը կարծես քողարկում է բուլիինգի դեպքերը. դրանք հաճախակի ընկալվում են որպես «պարզապես» հանցագործոթյուններ, կամ որոշ դեպքերում մեղադրվում է հենց ինքը զոհը, և հաճախ անգամ շրջանառվում են դավադրապաշտական տեսություններ՝ հալածվածը «էմո» էր, կամ ցանկացած այլ «օտարածին» սոցիալական խմբի ներկայացուցիչ: Բուլիինգի խնդիրն, ըստ էության, բարձրաձայնվելու փոխարեն թաքցվում է և ներկայացվում որպես հայ հասարակությանը ոչ բնորոշ մի երևույթ:

Դիտեք նաև՝

Search