Play Video

Հալածանքն ագրեսիայի շարունակական դրսևորումն է մարդու հանդեպ, որը նպատակ ունի անձը նվաստացնելու, ստորացնելու, դիրքը սասանելու՝ անկախ սեռից և տարիքից: Մարդկանց սովորաբար բաժանում են հալածողների և հալածվողների, սակայն, կարևոր է նաև պասիվ հանդիսատեսի դերը:
Դպրոցական հալածանքի առաջացումը լիովին հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ խնդրի բոլոր կողմերը, քանի որ այն հաճախ դիտարկվում է միայն հալածանքի անմիջական ընթացքում: Սակայն, դպրոցական անձնակազմը կարող է հալածանքի անմիջական հարուցողը լինել. առանձին դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հալածանքի ենթարկվող աշակերտները հաճախ չեն վայելում ուսուցիչների սերն ու հոգատարությունը, ծաղրի են արժանանում: Ուսուցչի այս վերաբերմունքն անմիջականորեն յուրացվում է երեխաների կողմից, սակայն մնում է այլ մեծահասակների ուշադրությունից դուրս:


Բուլիինգի մասին հատկապես շատ է խոսվում վերջերս, սակայն հայկական միջավայրում խնդիրը բնավ նոր չէ: Տասնյակ տարիներ շարունակ խորհրդային դպրոցներում հալածանքը առաջինից վերջին դասարան կրում է օրինաչափ բնույթ և անուշադրության է մատնվում ուսուցիչների կողմից: Ռոլան Բիկովի «Խրտվիլակ» ֆիլմը շոկային էր ուսուցիչների համար, սակայն շատ հասկանալի ու ծանոթ էր աշակերտներին: Այն տարածված պնդումը, որ իրավիճակը փոխվել է անկախության տարիներին և միայն այդ տարիներին են քրեական բարքերը ներխուժել դպրոց, իրականությանը չի համապատասխանում:


Բուլիինգի հիմնական պատճառներից մեկը որոշակի ընտանեկան դաստիարակությունն է. այն ընտանիքից, որտեղ ուժը համարվում է արժեք (ոչ թե ներքին կամ բարոյական ուժը, այլ բիրտ ֆիզիկական ուժը), որտեղ կին-ամուսին, երեխա-ծնող հարաբերություններում հարցերը լուծվում են ուժով, դուրս են գալիս երեխաներ, որոնք նույնպես հակված են ուժի դրսևորմանն ու կիրառմանը:
Կարևոր գործոններ են նաև բակն ու միջավայրը, և եթե այստեղ ձևավորում են այսպես կոչված քրեականացված բարքեր, ապա դա նույնպես նպաստում է վերոնշյալ երևույթների առաջացմանը: Հարկ է նշել, որ ինքնին բակը սովորաբար չի դառնում այսպիսի բարքերի պատճառ, քանի որ բակի մթնոլորտը ձևավորվում է որոշակի ընտանիքներում մեծացող երեխաների պահվածքից: Ընտանիքներում շատ մեծ դեր ունի այն, թե ընտանիքի անդամներն ինչ ֆիլմեր են դիտում, արդյոք ծնողները գիրք են կարդում, թե ոչ. այսինքն, ընտանիքի առօրյան անմիջականորեն ազդում է տան մթնոլորտի ու, հետևաբար, երեխաների վրա:


Իշխանության մշակույթը թե՛ տանը, թե՛ տվյալ հասարակությունում հալածանքի հիմք է, որովհետև եթե մարդիկ հպարտանում են իշխանություն ունենալով, չարաշահում են այդ իշխանությունը, համարում են իրենց ամենամեծ առավելությունն ու արժանիքը, նրանք իսկապես ծնունդ են տալիս նմանատիպ տարաբնույթ երևույթների: Այսինքն, յուրաքանչյուր ոք, ունենալով ինչ-որ իրավիճակում իշխանություն, սկսում է չարաշահել այդ իշխանությունը:
Այս պարագայում պետք է կարևորել նաև մրցակցության մշակույթը, որը ևս շատ բնորոշ է մեր հաարակությանը: Օրինակ, հայկական ընտանիքներում սովորական երևույթ է երեխայի դպրոցական գնահատականները մյուս երեխաների գնահատականների հետ համեմատելն ու սեփական երեխաներին ցածր գնահատականների համար ամոթանք տալը: Երեխաներին մրցակցային սպորտաձևերի խմբակներ տանելը, նման խաղերին մասնակցելը նույնպես արվում է ոչ թե առողջ լինելու համար, այլ շրջապատի մյուս երեխաներին ուժով հաղթելու համար:

Մրցակցային դաստիարակությունը սահուն կերպով մտնում է նաև դպրոց. այստեղ առաջին խնդիրը թվանշանային գնահատման համակարգն է, որը պարզապես նպաստում է այդ մրցակցությանը: Դպրոցականների միջև անառողջ մրցակցությունը ոչ մի կապ չունի ո՛չ գիտելիքի, ո՛չ զարգացման հետ. հակառակը՝ այն խոչընդոտում է ճիշտ վերաբերմունքի ձևավորմանը:
Առանձին ուշադրություն պետք է դարձվի հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ու նրանց հանդեպ վերաբերմունքին: Ինչքան էլ այսպիսի երեխաները տարբեր լինեն մյուսներից, նրանք արժանի են ոչ միայն հարգանքի, այլ նաև սիրո, և ամեն ինչ թվանշաններով, «լավ» ու «վատ» թվերով չափելու դեպքում արդեն իսկ ձևավորվում են էլիտաներ, որոնց մի մասը զգում է ինտելեկտուալ իշխանություն, իսկ մյուս մասը փորձում է ֆիզիկական ուժի կիրառմամբ հավասարակշռել այն, ինչում թերանում է մյուս ոլորտներում: Այսինքն առաջանում է բարդույթավորված ու ինքնահաստատման խնդիրներ ունեցող երեխաների սերունդ, այնինչ երբ ինքնահաստատման համար պայքարը չպիտի տեղ ունենա դպրոցում:


Մենք հակված ենք գնահատականներ տալ ցանկացած երևույթի. սա հոգեբանության մեջ իռացիոնալ մտածողության մի տեսակ է: Մենք ունենք մեր և դիմացինների վարքի գնահատման առնվազն երկու աղբյուր՝ ներքին ու արտաքին: Եթե փոքր տարիքում երեխան գտնվում է այնպիսի միջավայրում, որտեղ իրեն անընդհատ գնահատում են (խոսքը նաև գովելու մասին է), նա ընկնում է նույն ծուղակը՝ երեխան չի ունենում իր ներքին գնահատման համակարգն իր գործողությունների և քայլերի վերաբերյալ: Արդյունքում այս մարդիկ անընդհատ ձգտում են գնահատականներ ստանալ արտաքին աշխարհից: Այսինքն, մարդն ինքնահաստատվում է, երբ շրջապատի կողմից ստանում է իր ուզած կարծիքն իր մասին:
Այս ամենի փոխարեն պետք է սովորել բնութագրել ու նկարագրել: Մենք խուսափում ենք դրանից, որովհետև ամեն ինչ կամ «լավ» է, կամ «վատ». մենք միանգամից պիտակավորում ենք ցանկացած երևույթ: Անմիջապես որոշակի գնահատական տալով, պիտակավորելով մենք պարզապես սահմանափակում ենք ճանաչելու հնարավորությունը ինքներս մեր ու մյուսների համար:


Որտեղի՞ց է ծնվում հալածանքի երևույթն ամբողջ աշխարհում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ կարևոր է պատասխանատվության խնդիրը: Այսպես, մարդկության նկատմամբ արված բոլոր հանցագործությունների դեպքում կտեսնենք, որ, օրինակ, որևէ ժողովրդի քաղաքական առաջնորդը թույլատրել ու խրախուսել է ինչ-որ գործողություններ անել՝ խոստանալով, որ ինքն է պատասխանատվություն կրողը: Եթե իրադրությունը նպաստող լինի, յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել նման իրավիճակում, և միայն անձնային աճի որոշակի մակարդակ ունեցող մարդկանց վրա այս երևույթը կարող է չազդել:

Հալածանք առաջանում է այն ժամանակ, երբ մենք գործ ենք ունենում խմբային գիտակցության, անհատականության բացակայության հետ: Այս երևույթի հաղթահարումը դպրոցում մի ճանապարհ է, որը պիտի տանի ոչ թե դեպի ստանդարտ, այլ դեպի ստանդարտից տարբերվելը, դեպի անհատականության ձևավորում:
Օրինակ, ամեն անգամ «հայի տեսակ», «հայի տիպ» արտահայտություններն օգտագործելիս մարդիկ մոռանում են, որ Կոմիտասը, Թումանյանը, Աղայանը, Շանթը, Չարենցը եղել են վառ անհատականություններ, որոնք տարբերվել են իրարից, և նրանց տարբերվելը, բնավորությունների անհամատեղելի լինելը ձևավորել է այն, ինչը մենք այսօր անվանում ենք հայկականություն: Հետևաբար «հայի տեսակը» (և առհասարակ մարդ տեսակը) ոչ թե բոլորին նման, այլ բոլորից տարբեր լինելն է, անհատականություն լինելն է:
Հեռուստատեսությունն ու համացանցը խմբային գիտակցության ձևավորման հզոր գործոններ են: Գովազդը նույնպես ձևավորում է խմբային գիտակցություն, և մարդն առանց անհատական հիմքեր ունենալու կատարում է որոշակի խմբից ակնկալվող գործողություն:


Ինքնաբավ մարդ դաստիարակելու համար առաջին հերթին երեխաներին պետք է սովորեցնել ապրել իրենց կյանքով՝ նրանց մեջ սերմանելով ու զարգացնելով էմպատիայի ունակությունը: Ինքնաբավությունը կարող է ձևավորվել միայն այն մարդու մոտ, որն ունի հարուստ ներքին աշխարհ: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր դպրոցների առջև դրված է երեխաների մեջ հարուստ ներաշխարհ ձևավորելու խնդիրը:
Հոգևոր ու ներքին աշխարհի զարգացման, ինքնաբավության համար խոչընդոտներ են արտաքին գնահատականներն ու դրանց ակնկալումն առհասարակ: Այս ամենից խուսափելու համար մենք պետք է իսկապես կենտրոնացնենք երեխաներին նրանց ներաշխարհի վրա, զարգացնենք ու սնենք այդ ներաշխարհը, որպեսզի նրանք լինեն անկախ արտաքին աշխարհից և, հետևաբար, ոչ ագրեսիվ:

Դիտեք նաև՝

Search