Play Video
Անդրադարձ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին․ Անահիտ Չիլինգարյան | Գոհար Խաչատրյան

Համավարակի պայմաններում հոգեբուժական հաստատությունները այլևս չեն ենթարկվում մշտադիտարկման ու հետազոտողների այցերի, ինչի հետևանքով սպասարկող անձնակազմը կարծես ամենաթողության մեջ է հայտնվել՝ օգտագործելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կախվածությունը հաստատությունից։ Մեկուսացումն անձին զրկում է ինքնասպասարկման հմտություններից, իսկ համավարակի պայմաններում ուրիշ անձից այդքան մեծ կախում ունենալն էլ ավելի խնդրահարույց է։ Հոգեբուժական հաստատությունները տարիներ շարունակ դիտարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցելու և նրանց հարմարավետ կյանք ապահովելու իդեալական տարբերակ, սակայն, այն պահից, երբ այդ անձիք սկսեցին խոսել սեփական կարիքներից, պարզ դարձավ, որ այդ հաստատությունները սահմանափակում են իրենց իրավունքները և նվազեցնում են կարիքների սանդղակը։ Սրա հետևանքով ձևավորվում է ապաինստիտուցիոնալացման մի գործընթաց, որով ընթանում է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքում ներառվելու իրավունքը սահմանվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայում, և Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել այն իրացնելու։ Այս իրավունքը երեք բաղադրիչ ունի՝

  • Որոշումների ազատություն․ անձը կարող է որոշել բնակության վայրը
  • Համապատասխան անհատականացված ծառայությունների մատուցումը
  • Ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը

Գոյություն ունի իրավունքների երկու բլոկ՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքներ և սոցիալական, մշակութային և տնտեսական իրավունքներ։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դեպքում պետությունն անմիջապես է պարտավոր ապահովել դրանց իրացումը, մինչդեռ երկրորդ բլոկի պարագայում կարող են իրականացվել փուլային իրացման տարբերակներ։ Փակ հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները, սակայն, չեն կարող դասվել երկրորդ բլոկին և խոշտանգումների, կյանքի իրավունքի իրացումը պիտի ապահովվի ուղղակիորեն։

Չափազանց կարևոր է համայնքի հետ աշխատանքը, որպեսզի համայնք տեղափոխվելիս հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը չբախվի խտրականության դրսևորումներին։ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգում կարևոր դեր են խաղում ծառայությունները՝ կանխարգելիչ, միջամտող և պարբերաբար աջակցող։ Կանխարգելիչ գործընթացը հաճախ անտեսվում է հոգեկան առողջապահության ոլորտում, սակայն, եթե համապատասխան ծառայություններն արդյունավետ աշխատեն, կնվազեն հանրային անվտանգությանը սպառնացող դեպքերը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը կարող է նաև բժշկական միջամտության կարիք ունենալ, բայց մերժել դրա անհրաժեշտությունը, եթե, օրինակ, գտնվում է սրացման վիճակում։ Այս պարագայում կանխարգելիչ մեխանիզմներից մեկն է նախնական համաձայնությունը, որն անձը տալիս է, երբ հասկանում է, որ հնարավոր է սրացում և կարող է բուժում անհրաժեշտ լինել։ Այն կարող է գործել նաև որոշումների իրավունքն այլ անձի հանձնելու ինստիտուտի ձևով։

Դիտեք նաև՝

Search