Կրթությունը, մանավանդ հանրակրթությունը, կարելի է համեմատել փազլ հավաքելու հետ, որովհետև երեխան այն հավաքելիս տեսնում է առնվազն երկու տարբերակիչ՝ գույն և ձև, որոնք իր համար շարժվելու հիմքն են: Երեխային հետաքրքիր չէ ուսումնասիրել փազլի մի կտոր, այլ հետաքրքիր է՝ ինչպես է այդ կտորը կապվելու իր երկրորդ քայլի հետ, և նա սկսում է այդպես շարժվել: Այդ տարբերակիչների մեջ ամենացայտունը եզրագծերն են. սովորաբար երեխաները սկսում են հենց եզրագծերով հավաքել փազլը: Հենց այսպես էլ կրթության մեջ ստեղծվում է շրջագիծը (frame), որի մեջ պետք է շարունակվեն գործողությունները: Այսպես, ամեն մի քայլով երեխան անում է այն, ինչ պետք է անի կրթությունը. նա սովորում է համադրել, հակադրել, իրար մեջ կապեր գտնել, անալոգիաներ անցկացնել:
Երեխան իր մեջ պահում է ենթադրյալ պատկերի տեսքը, և ամեն հաջորդ քայլն անելիս ավելի է մեծանում չիմացածին հասնելու հավանականությունը:
***
Հաճախ ուսանողները չեն ունենում համադրելու, հակադրելու, ընդհանրացնելու ունակություններ. նրանք չեն օգտագործում քաղաքակրթական հնարքներն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, այլ օգտագործում են դրանք՝ իրենց գործը հեշտացնելու համար: Այսինքն, դպրոցական կրթությունը պետք է առաջին հերթին երեխային ցույց տա, թե ինքն ինչքան շնորհներ ունի՝ զգալ, տեսնել, լսել, մտածել, համեմատել, երևույթների միջև կապ անցկացնել:
Երեխային փոքր տարիքից պետք է ծանոթացնել փոխաբերության հետ, որը մեծ դեր է խաղում մեր կյանքում: Հաճախ մենք խոսում ենք փոխաբերություններիով՝ նույնիսկ չգիտակցելով դա: Երեխան պետք է սովորի տրամաբանել, չվախենալ իր միտքն ազատ արտահայտել: 21-րդ դարում կյանքի բոլոր ոլորտները և, հետևաբար, կրթության ոլորտները, փոխկապակցված են, և ամեն դպրոցական առարկա պետք է դադարի ինքնաբավ համարել իրեն, որովհետև այլապես աշակերտն ընկալման հետ կապված դժվարություններ կունենա: Հանրակրթությունը պետք է «ապաառարկայացվի» և վերափաթեթավորվի օբյեկտի շուրջ, աշակերտը պետք է սուբյեկտիվացվի, այլ ոչ թե մնա օբյեկտ, իսկ ուսուցիչը պետք է «մեթոդաբանացվի»:
Դպրոցականների մոտ հաճախ ծագում է հետևյալ հարցը՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ենք մենք սովորում այս կամ այն բանը և ինչպե՞ս ենք կիրառելու դա առօրյայում. նրանք չեն տեսնում ընդհանուր պատկերը և չեն հասկանում, թե իրենց սովորածն առհասարակ ինչի համար է պետք: Այս հարցերին պատասխանելու համար պետք է ուսուցիչների «թիմայնացման» գործընթաց սկսվի, որպեսզի նրանք կարողանան նաև աշակերտների թիմ պատրաստել: Կրթությունը գնում է երեք հիմնական ուղղություններով՝ ճանաչողական, ինքնաճանաչողական և կոմունիկատիվ: Հետևաբար, հենց դպրոցում երեխաներին պետք է սովորեցնել նաև կոմունիկացիայի կանոնները, սովորեցնել թիմ կազմել: