Լեզվաբաններն ու սոցիոհոգեբանները ժամանակին ասում էին, որ մարդիկ ի ծնե ունեն խոսելու ունակություն, որն ակտիվացնելու համար պետք են արտաքին իմպուլսներ: Վերջինների բացակայության դեպքում մարդը կարող է չխոսել նույնիսկ մի քանի տարեկան հասակում: Մարդու ներսի հեղափոխությունը կարելի է դիտարկել այս մոտեցումով: Այսինքն, մարդն իր մեջ կարող է ունենալ անհատական և հետո նաև՝ մշակութային հեղափոխության մեջ ներդրում ունենալու համար անհրաժեշտ պոտենցիալ, բայց պետք է հաշվի առնել, որ դրա համար անհրաժեշտ են արտաքինից իմպուլսներ, որոնք կակտիվացնեն այդ պոտենցիալը: Այսինքն, այս ամենն անհատի ու հասարակության փոխադարձ հարաբերությունների ոլորտում է, և որքանով ընդունում ենք, որ անհատն ունի այդ պոտենցիալը, պետք է նաև ընդունենք, որ առանց հասարակության անմիջական մասնակցության ու փոխգործակցության այս գործընթացը տեղի չի ունենա:
Թավշյա հեղափոխության ժամանակ երիտասարդների շրջանում եղել է ասինխրոնություն կյանքը փոխելու կամ արդեն ձևավորված պահանջների հարցում: Այսինքն, երիտասարդների մի մասն առաջավոր էր, ուներ պայքարի փորձառություն և իմաստավորում, իսկ մյուս մասն արձագանքեց դրան: Մարդկանց մի մասի մոտ ոչ միայն հասունացել էր ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության քաղաքական գիտակցություն, այլև հասունացել էր կարողության զգացում: Մարդիկ տեսել են, որ իրենց գործողություններն ազդել ու արդյունք են տվել, և սա շատ կարևոր կապիտալ էր, բայց այսօր մեծ հարց է՝ ինչ է տեղի ունենում այդ կապիտալի հետ: Մարդիկ կարևորելու են իրենց արածի ազդեցությունը, բայց այսօր՝ հետհեղափոխական փուլում, արդյո՞ք նրանք պատրաստ են շարունակել ազդել քաղաքական պրոցեսի վրա, թե՞ ընկնում են մյուս վիճակի՝ պասիվության մեջ, որը նույնպես բնորոշ է մարդուն: Այսպես, միայն միջավայրը չէ ազդակ անհատի համար, այլ նաև անհատը՝ միջավայրի համար:
Թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն իրենց իշխանություն դարձրած հասարակության հետ հավասարվելու և մշակութային հեղափոխությունը կյանքի կոչելու համար (որը նույնիսկ ավելի առաջնային է, քան տնտեսական հեղափոխությունը), պետք է «իջեցնեն» իրենց իշխանությունն ու «կիսեն» այն հասարակության մեջ: Այսպես ֆորմալ իշխանությունը և հասարակությունն իր մշակույթով ու պահանջներով շատ ավելի ներդաշնակ կլինեն իրար հետ, և այսպես հնարավոր կլինի խուսափել հետագա հնարավոր բախումներից: