Play Video

Թավշյա հեղափոխությունը քննարկման մի տարածություն է ստեղծել, որտեղ կարելի ու կարևոր է խոսել մշակույթի ու հատկապես կինոյի ոլորտի բացթողումներից: Հեղափոխության ընթացքում կամ դրանից անմիջապես հետո հանրության շրջանում ծավալված այդ խոսակցությունները շատ օրինաչափ էին, և այն խնդիրները, որոնք իրականում կային կինեմատոգրաֆում, հեռուստատեսությունում, նույնպես օրինաչափ էին, որովհետև զարգացել էին նախահեղափոխական շրջանում և չէին կարող անմասն լինել նախորդ համակարգի քաղաքական առաջնահերթություններից: Ըստ էության, սովետական համակարգի փլուզումից անմիջապես հետո (կարելի է ասել՝ մինչև վերջին տարիները) կինոարտադրության համակարգում էական փոփոխություններ տեղի չէին ունեցել: Մեկ տարի առաջ նոր բաներ սկսեցին նախաձեռնվել և, ըստ էության, ձևավորվեց մի սերունդ, որը սկսեց պահանջել իր լինելիության տարածքը: Մինչ այդ հիմնականում գերիշխում էր անհատների վրա հենված և անհատների ստորագրությամբ հաստատվող կինոյի զարգացման տրամաբանություն, որը շատ սուբյեկտիվ էր ու որով հնարավոր չէր ստեղծել մի ամբողջ երկրի կինոինդուստրիա: Կինեմատոգրաֆիստների համար բնական էր բունտը, որի դրսևորումները տեղի ունեցան անգամ ներսում՝ հացադուլներ, բողոքի ակցիաներ, քննարկումներ: Սակայն էականն այն է, որ այդ 30 տարիների ընթացքում ստեղծվեց մի սերունդ, որը սկսեց պահանջել իրեն ավելի հարիր ու նաև համաշխարհային ժամանակակից կինոյի արտադրությանը բնորոշ միջավայր, որտեղ առողջ մրցակցության միջոցով հնարավոր կլինի ստեղծել լավ ֆիլմեր:

Կինեմատոգրաֆիայի ոլորտում ամենակարևոր ու ցավալի խնդիրներից մեկն այն է, որ մինչև հեղափոխություն արդեն եղել է կինոյի արտադրական մեխանիզմները փոխելու հստակ ձևակերպված պահանջ: Եղել է մի շատ կարևոր ու գլոբալ խնդիր, և այդ խնդիրն ու ձևակերպված պահանջը լսելի չեն եղել: Այն ամենն, ինչ այսօր իրագործվում կամ իրացվում է որպես քաղաքականություն, եղել է նաև հեղափոխությունից առաջ, բայց յադ ամենը եղել է անպետք և ոչ ձեռնտու, որովհետև ամբողջությամբ կոռումպացված է եղել ոչ միայն կինոյի, մշակույթի կամ կրթության համակարգը, այլ նաև ամբողջ պետական համակարգը: Կոռուպցիան իր հերթին ծնում է որոշակի վախեր, և այդ վախերը չհաղթահարելու պատճառով այդ մարդիկ ուղղակի անտեսել են խնդիրները: Այս պատճառով ոչ թե ձևավորվել է սերունդ, որը թելադրում է կինոյի իր մտածողությունը կամ քաղաքականությունը, այլ ուղղակի ձևավորվել է սերունդ, որը կործանվել է, որովհետև մի շարք ռեժիսորներ, որոնք ժամանակին ունեին մտքեր, պատրաստ սցենարներ, չունեցան հնարավորություն ժամանակին ի կատար ածելու իրենց սցենարները, որովհետև պետական ֆինանասկան աջակցությունը մի փակ համակարգ էր, և այնտեղից շատ չնչին գումար ստանալու համար պետք էր երկար պայքարել: Այս գումարները հասնում էին այն մարդկանց, որոնք ունեին ալտերնատիվ կապեր, և այդ մարդիկ կամա թե ակամա, գիտակցված թե չգիտակցված դառնում էին այդ ռեժիմի հաստատողները: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր ուզում էին պետությունից գումար վերցնել, կամ ձախողում էին, կամ, վերցնելով այդ գումարը, դառնում էին այդ ռեժիմը հաստատողը և այդ ռեժիմի գոյությունն ընդունողը:

Մինչև հեղափոխությունը մենք չունեինք իր արժեքներով ընդունելի ու գիտակցված որևէ հասարակարգ. այն կոռումպացված էր, իսկ կոռումպացված հասարակարգը չի կարող ընդունելի լինել, այն միշտ քննադատելի ու հերքելի է: Թավշյա հեղափոխությունը հանգեցրել է մի վիճակի, որում մենք ոչ թե մի արժեքը փոխարինելու ենք մի այլ արժեքով, այլ ստեղծելու ենք նոր արժեք: Այսինքն, մեր այսօրվա իրավիճակը պետականաշինական ընթացք է: 1990-ականներից մինչև վերջերս ընկած ժամանակահատվածն անկման շրջան է եղել մեր երկրի համար՝ առնվազն մշակութային քաղաքականության ու կինոյի որտադրության ոլորտներում, իսկ հիմա մենք նոր բան ստեղծելու հնարավորություն ունենք:

Դիտեք նաև՝

Search