Play Video

1960-ականների Արևմուտքում տեղի ունեցած մշակութային հեղափոխության հիմնական շարժառիթներից մեկը Վիետնամի պատերազմն էր, որի ընթացքում առաջացան ուժեր, որոնք մշակութային ակտերով փորձում էին ընդվզել պատերազմի դեմ: Մշակութային այդ հոսանքները ԽՍՀՄ թափանցեցին մի այլ իրադարձության՝ Աֆղանստանի պատերազմի կապակցությամբ: Այս երկու պատերազմը վերջին հիսունամյակի մշակութային շարժիչներն էին:

1970-80թթ. որպես թարմ օդի շունչ, նորարարության և ազատության հնարավորություն՝ Հայաստան թափանցած մշակութային հոսանքները օրինակելի մոդել դարձան 1990-2000-ականների արվեստի համար: Սա մի կողմից նպաստեց հայկական ավանգարդի հիմքերի ձևավորմանը, սակայն, մյուս կողմից խնդրահարույց դարձավ. Խորհրդային Միությունում ձևավորված ավանգարդի դիրքը մերժողական էր մշակութային և սոցիալական համակարգի նկատմամբ, սակայն նոր իրողությունում անհրաժեշտ էին նոր մոտեցումներ: Անկախությունից ի վեր և մինչ օրս Հայաստանյան ժամանակակից արվեստի հիմնական խնդիրներից է տեղեկացվածության պակասը, մեկուսացվածությունը, որը պատնեշ է դառնում արվեստագետների երիտասարդ սերնդի համար: Ինֆորմացիոն շրջափակման իրավիճակում 1970-80-ականների արվեստի ժառանգությունը չի վերանայվում և ընկալվում է որպես «նոր դասականություն»:

Հայաստանյան այս իրողությունն էլ է կապված պատերազմի հետ. պատերազմները բնույթով «գաղափարական կրիչներ» են, ծնում են գաղափար և հակասություններ: Սակայն Հայաստանի պարագայում մշակույթը չի կարողանում ծավալվել պատերազմի իրողության շուրջ. մշակույթը խաղաղաշինական գործընթաց է, խաղաղության գործառույթ, և խեղվում է, երբ օգտագործվում է միլիտարիստական, հայրենասիրական նպատակներով՝ հայտնվելով փակ տարածքում՝ գավառում: Գավառային կարգավիճակի խնդիրներից է այն, որ մշակույթը սկսում է դառնալ ինքնամփոփ, ազգայնական, որպեսզի դիմակայի արտաքին ազդեցություններին՝ գավառային կենտրոնի կշռին, և թվացյալ «պարտության» չմատնվի դրանց կողմից: Անկախ Հայաստանի իշխանությունները «հայրենասիրություն» հասկացությունը դարձրին կորուպցիոն մի համակարգ, որը հետզհետե ինքնուրույն մի մշակույթ դարձավ:


Գավառական դիրքի առավել խնդրահարույց ասպեկտն այն է, որ Հայաստանը հանդես է գալիս «աշխարհին ներկայանալու», «ներկայանալի լինելու» դիրքից. դրանից կարծես բխում է, որ մենք աշխարհի գործընթացներից դուրս ենք գտնվում: Այդ դիրքն, իհարկե, ոչ միայն Հայաստանին է վերաբերում. գավառական դիրքում է ցանկացած միավոր, որը մեկուսացված է և աշխարհի հետ շփվում է «ինքնացուցադրման» եղանակով:

Հայաստանում արվեստի ոլորտը, չնայած երկրի և հասարակության փոքր լինելուն, շատ բազմազան է. այստեղ ներկայացված են թե՛ ժամանակակից, թե՛ ավանդական արվեստի պրակտիկաները, և գործում են բազմաթիվ արվեստագետներ, որոնց նպատակները բոլորովին տարբեր են: Իհարկե, պետական մշակութային քաղաքականությունը պիտի հիմնված լինի առաջադեմ գաղափարների վրա, բայց դրանք չեն կարող կրել պարտադրանքի բնույթ, այլ պիտի ընկալված լինեն հենց որպես առաջադեմ: Սա ենթադրում է հասարակության որոշակի պատրաստվածություն. առաջադեմ գաղափարները սովորաբար հիմնված են տրամաբանություն վրա, մինչդեռ հետադիմական, պահպանողական գաղափարների հիմքում ընկած են նախապաշարումները, և նախապաշարումներ սերմանելը շատ ավելի հեշտ է, քան տրամաբանությունը: Եվ մինչև Հայաստանի կրթական համակարգը բավական հզոր չդառնա, որ առաջադեմ գաղափարները գոնե որոշակի տարածում ստանան, առաջադեմ արվեստը կմնա բացարձակ փոքրամասնության մեջ:


Պետության դերն արվեստի դաշտում պիտի երկու կերպ արտահայտված լինի: Մի կողմից, պետությունը պիտի կայացնի այնպիսի համակարգ, որը գոյություն ունենալու հնարավորություն կտա արվեստի ազատ հիմնադրամների: Մյուս կողմից՝ պետությունը պիտի հետևողականորեն գործի արվեստի ցանկացած ակտի ֆիքսացիայի և պահպանության ուղղությամբ:

Դիտեք նաև՝

Search