Play Video

Հեղափոխությունը մի հեղինակ ունի՝ ժողովրդական զանգվածները, իսկ գրականության մեջ այդ ժողովրդական զանգվածները հանդես չեն գալիս որպես հեղինակ: Իրականությունը շատ հստակ է՝ գրականությունն ունի հեղինակ, և այս իմաստով գրական հեղափոխություն չկա: Մշակութային հեղափոխությունը, ըստ էության, նախորդել է քաղաքական հեղափոխությանը. վերջինիս համար շատ կարևոր դրույթներ արտիկուլացվել են դիմադրության արվեստի մեջ:


2018 թվականի Թավշյա հեղափոխությունը դասական իմաստով հեղափոխություն չէ, քանի որ հասարակարգ չի փոխվել, բայց հայկական իրականության մեջ սա հեղափոխություն է: Այսինքն, հեղափոխությունը փոխել է իրերի այն դրվածքը, երբ ասվում է մի բան և արվում՝ մի այլ բան, երբ ամեն ինչ «լղոզված է»: Ընդորում, այդ «լղոզումը» մարմնավորում էր հենց Սերժ Սարգսյանը, բայց դա, ցավոք, բավական խորը արմատներ ունի հայկական իրականության մեջ:
Սա փոքր ազգի սինդրոմ է, երբ իրական քաղաքականություն չկա. այն գոյություն ունի «հեռուներում», իսկ այստեղ մարդիկ ուղղակի հարմարվում են: Օրինակ, ԽՍՀՄ տարիներին հայերը հարմարվել ու ազգային արվեստ էին ստեղծում: Անկախությունից հետո կարծես իրավիճակը փոխվեց, հետո մարդիկ հետ գնացին այդ «փոքր», «լղոզված» վիճակին: Ինստիտուցիաների առումով կար արտաքին շերտ և կային իրական, տակից գործող կառույցներ: Սա մի վտանգավոր վիճակ էր, այսպես կոչված «ճահիճ», և 2018 թվականի իրադարձությունների շնորհիվ փոխվեց հենց դա:

Ընդհանուր առումով Նիկոլ Փաշինյանն իր հայացքներով հեղափոխական չէ, բայց նա հեղափոխություն է արել՝ մի բան, որ նախկինում ոչ ոքի անել չէր հաջողվում: Հիմա, երբ մենք դուրս ենք եկել այդ «լղոզված» վիճակից, մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են, այսինքն մենք «ուրիշ» կամ «առանձին» չենք: Ժամանակին Հայաստանում կար պատկերացում, որ մենք պետք է սկզբից լուծենք մեր խնդիրները, այնուհետև միայն միանանք աշխարհին և սկսենք հետաքրքրվել աշխարհի խնդիրներով: Իրականում մենք պետք է հաղթահարենք աշխարհի նկատմամբ վախը և հասկանանք, որ մենք աշխարհի մի մասն ենք և պետք է խնդիրներ լուծենք թե՛ արվեստում, թե՛ տնտեսությունում, թե՛ այլ ոլորտներում:


Ժամանակակից արվեստը և այդ թվում գրականությունն ամեն տեղ արձագանք կստանա: Պատմությունից գիտենք, որ որոշ բանաստեղծներ նույնիսկ չեն ընդունվել իրենց հայրենիքում, հետո գնացել և ուրիշ տեղ են հայտնի դարձել: Ցավոք, Հայաստանում ժամանակակից մակարդակով քննադատություն չկա, բայց այստեղ գրականության ամենակարևոր խնդիրն այլ է. ոչ մի հայ բանաստեղծ և գրող չի կարողացել մտնել համաշխարհային գրականության դաշտ՝ որպես հավասար: Սա քաղաքական խնդիր է: Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել այս խնդիրը քաղաքական դաշտում՝ փորձելով ներկայացնել Հայաստանը որպես մյուս պետություններին հավասար պետություն, իսկ գրականության մեջ սա պետք է անեն գրողները:


Մեր ինքնությունը լեզվական ինքնություն է. նախ և առաջ կա լեզվի խնդիրը, և հայերենը լինգվա ֆրանկա չէ: Նարեկացուն, օրինակ, հաջողվել է մի ոտքով գնալ «մեծ աշխարհ», բայց, միևնույն է, կա լեզվի խնդիր, որը միշտ լինելու է: Հայաստանի մշակույթի պատմությունն ուսումնասիրելիս տեսնում ենք՝ որտեղ եղել է թարգմանական մեծ ալիք, այնտեղ որևէ մշակութային տեղաշարժ է տեղի ունեցել, որովհետև այսպես բացվում է լեզուն և դրա սահմանները, մենք աշխարհի մաս ենք դառնում թարգմանելով և թարգմանվելով, ընթերցելով և ընթերցվելով: Հայաստանում այս գործընթացները տեղի չեն ունենում բավարար չափով, քանի որ չկա որոշակի լեվական քաղաքականություն: Այս դեպքում մենք չենք կարող խոսել մշակութային հեղափոխության մասին գրականության ասպարեզում, որովհետև վերջինս «բանտարկված», «պարփակված» է լեզվի իրողության մեջ:

Դիտեք նաև՝

Search