Play Video

«Հեղափոխություն» բառին կցվող հասկացությունները կարծես նպատակ ունեն համապատասխան ոլորտները ծառայեցնելու մի ընդհանուր քաղաքական գործընթացի: Թվում էր, թե «մշակութային հեղափոխություն» ասելով նկատի ունենք մարդկանց նիստուկացը, գոյակցությունը, սակայն, պարզ դարձավ, որ իշխանությունը փորձում է մշակույթը ծառայեցնել իրեն: Շատ կարևոր է, թե որ կողմից է գալիս այդ արտահայտությունը. այն օգտագործվում է առաջին հերթին իշխանության կողմից, և ոչ թե՝ մշակութային գործիչների: Սա արտացոլվում է, օրինակ, վավերագրական ֆիլմերում, որոնց ռեժիսորները, տրվելով ոգևորությանը, կարծես նկարում էին թե ինչ են արել մարդիկ հեղափոխության համար, ոչ թե ինչ է արել հեղափոխությունը մարդկանց համար:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջին օրերին բազմաթիվ արվեստագետներ հույս ունեին, որ այդ շրջադարձը թույլ կտա արվեստում նոր մոտեցումներ գտնել և նոր գործեր անել: Սակայն նրանցից շատերի արվեստի գլխավոր մտահոգությունն ու հիմքը հենց նախահեղափոխանան քաղաքական իրադրությունն էր, որի փլուզումից հետո կարծես այդ մտահոգություններն էլ վերացան:

Հեղափոխությունից հետո մշակութային ասպարեզում ընդհանուր ազատականացման միտում կար, սակայն, այդ փորձերը հաջողության չհասան առաջին հերթին ոչ կոմպետենտ քայլերի պատճառով, իսկ մյուս կողմից ընդդիմացան հենց մշակութային գործիչները: Առաջին հերթին սա վերաբերում է թատրոններին. ամենահարմարվողական թատրոնները կարծես դարձան «հեղափոխական», այնինչ հենց նրանք են ընդդիմացել թատրոնների կառավարման մոդելի փոփոխություններին: Մշակույթի նախարարության լուծարումն ու կցումը Կրթության ու գիտության նախարարությանը քաղաքական մեծ քայլ էր, որը կարծես ցույց է տալիս, թե ինչ կարևորություն է իշխանությունը տալիս մշակույթին:

Դիտեք նաև՝

Search