Play Video

Փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 1960-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքն էին. ամբողջությամբ փոխվում էր հումանիտար միտքը, ինչը սովորաբար տեղի է ունենում մեծ հումանիստական աղետից հետո: Հատկապես Եվրոպան, որի տարածքում և տեղի է ունեցել պատերազմը, առօրեական մակարդակով հնարավորություն ունեցավ հինգ տարի առերեսվելու այդ աղետի հետ:
Պատերազմը, բնականաբար, ազդեց առօրեական ընկալումների վրա, հետո նաև՝ դրանց ռեֆլեքսիաների, ինչն արտահայտվում էր հումանիտար տեսքով: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ի մասին. այնտեղ պատերազմական գործողություններ չեն եղել, սակայն երկիրը նույնպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցն էր: Այնսինքն, այս աղետը բերել էր մեծ քաղաքական, մշակութային, հասարակական, հոգեբանական փոփոխությունների, և ակնհայտ էր, որ աշխարհը գնալու է վերանայումների: Այլևս հնարավոր չէր ապրել նույն ձևով, և պատահական չէ, որ այդ տարիներին սկսեցին սաղմնավորվել նաև մարդաբանությունն ու մշակութային մարդաբանությունը:
Այն գաղափարախոսությունները, որոնց բախումները բերել էին պատերազմի, ակնհայտորեն կորցրեցին իրենց հանրային վարկանիշը, և մարդակենտրոնությունը սկսեց գալ քաղաքական օրակարգ. ժամանակի հետ նաև քաղաքական ինստիտուտներով, իրավական կարգավորումներով սկսեցին առաջնահերթ դառնալ մարդը, մարդու իրավունքները: Այս իմաստով այն, ինչ ընդունված է անվանել մշակութային հեղափոխություն, այս ամենի հետևանքն էր:
Այն, ինչ տեղի ունեցավ 1960-ական թվականներին, այն ամենի մանիֆեստացիան էր, ինչը կուտակվում էր այդ ամբողջ ընթացքում՝ արվեստի, հումանիտար մտքի և այլնի տեսքով:
Բնականաբար, տարբեր տեղերում այս «պայթյունները» տարբեր ձևով էին արտահայտվում, և Երկրորդ համաշխարհային պատերազմը միակ գործոնը չէր: Կարևոր գործոններից էր, օրինակ, տնտեսակարգը. «վայրի կապիտալիզմը», որը 1990-ականների սկզբերին կար ԱՄՆ-ում, ինչ-որ պահից սպառել էր իրեն, և արդեն նոր տնտեսակարգի ու հասարակական կառուցակարգերի կարիք կար:
Մյուս կողմից կարող ենք տեսնել էվոլյուցիոն գործընթացներ, քանի որ եթե չլիներ այդ «վայրի կապիտալիզմն» ու դրանից բխող ազատ շուկայական հարաբերությունները, հավանաբար չէին լինի նաև ուժեղ ուսանողական շարժումները. ուսանողները հենց այդ ազատ շուկայական տնտեսության հիմքի վրա էին տնտեսապես անկախ, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին: Պատճառն այն է, որ Հայաստանում չկա ազատ շուկայական տնտեսություն, հետևաբար չկան ֆինանսապես ազատ ուսանողներ, և դժվար է ակնկալել, որ Հայաստանում ուժեղ ուսանողական շարժումներ կլինեն:

Դիտեք նաև՝

Search