Հին հույն պատմաբան Հերոդոտոսը իր «Պատմություն» աշխատության մեջ ենթադրում է, որ հայերն ունեն փռյուգիական ծագում, քանի որ ժամանակին Քսերքսեսի բանակում կանգնած են եղել փռյուգիացիների հետ կողք կողքի, կրել են նույն տարազը և խոսել նման լեզուներով։ Հերոդոտոսի՝ այդ ոչ մի բանով չապացուցված 3 տողը հիմք է դարձել մի տեսության, որն արդեն գոյատևում է 25 դար և բավականին մեծ տարածում ունի նույնիսկ Հայաստանում գործող մասնագետների շրջանում՝ չնայած նրան, որ գիտության միջոցով բավականին հեշտորեն հերքվում է։
Եթե ընդունենք Հերոդոտոսի վարկածը, ապա ստացվում է, որ 3500-4000 տարի առաջ պետք է տեղի ունենար մեծ տեղաշարժ, որը ոսկրանյութի ձևով հետք կթողներ դամբարաններում և այլ վայրերում։ Ուստի, հայերի գենոֆոնդն այսօր պետք է պարունակեր այնպիսի ազդակներ, որոնք կվկայեին բալկանյան ծագման մասին։ Սակայն հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գենետիկայի տեսանկյունից Հերոդոտոսի վարկածը հերքվում է նույնիսկ հայերի ժամանակակից գենոֆոնդի հիման վրա։ Հայերի գենոֆոնդը չի պարունակում եվրոպական ծագման զգալի բաղադրամաս։ Օտարազգի նախահայր կամ նախամայր չունեցող ցանկացած հայի գենետիկական բաղադրիչները հետևյալն են՝
- Տեղացի որսորդների, հավաքչությամբ զբաղվողների բաղադրիչը,
- Նեոլիթյան բաղադրիչը, որը բերվել է հողագործների կողմից,
- Մերձավորարևելյան բաղադրամասը,
- 1 տոկոսը չգերազանցող եվրոպական բաղադրիչը, որը կարելի է վերագրել հելլենիստական աշխարհի հետ շփումներին։
Դեռ ավելին, տարբեր երկրներից ոլորտի լավագույն մասնագետների կողմից վերջերս արված ուսումասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 6000 տարվա ընթացքում հայերի գենոֆոնդը էական փոփոխություններ չի կրել։ Սա պետք չէ շփոթել էթնիկական ինքնության, լեզվի, պատմամշակութային արժեքների ձևավորման ժամանակագրության հետ, խոսքը գնում է միայն գենետիկական, կենսաբանական բաղադրիչի մասին։ Արդյունքները ցույց են տալիս, որ սա վերաբերում է նաև վրացիներին․ այնտեղ մասնագետներին բախտ է վիճակվել գտնել տվյալներ ոչ միայն նեոլիթյան ժամանակաշրջանից, այլ նույնիսկ 13000 տարվա վաղեմության։ Սա վկայում է նրա մասին, որ ժողովուրդները չեն անհետանում, զանգվածային տեղափոխություններ չեն կատարում, ժողովուրդների մեծ մասը կենսաբանորեն, գենետիկորեն մնում են նույն տեղում, հատկապես՝ լեռնային շրջաններում։