Play Video

Գենետիկայի համատեքստում «անցյալի հետ երկխոսություն» արտահայտությունը կարելի է ուղիղ իմաստով ընկալել, քանի որ օգտագործվում են պեղումների շնորհիվ ձեռք բերված նմուշները։ Եթե ժամանակակից ԴՆԹ-ի ուսումնասիրությունները թույլ են տալիս անցյալը վերականգնել մաթեմատիկական մոդելավորման միջոցով, ապա հնագույն ԴՆԹ-ի դեպքում ուսումնասիրվում են ստույգ նմուշներ, որոնք պատկանում են կոնկրետ ժամանակաշրջանի և շատ հավաստի աղբյուր են հանդիսանում։ Իսկ որոշ դեպքերում ժամանակակից ԴՆԹ-ի ուսումնասիրությունն առհասարակ անհնար է, քանի որ ոչ բոլոր ժողովուրդներն ու մարդիկ են թողել ժառանգներ։ Ուստի նրանց գենետիկական տվյալներն այժմ հասանելի չեն, և նրանց ներառելու և մեր անցյալի վերաբերյալ ավելի ընդգրկուն, օբյեկտիվ պատկեր ստանալու միակ ճանապարհը հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրությունն է։ Սա մեծ նշանակություն ունի նաև հարակից գիտությունների համար՝

1․ Պատմություն

Հնագույն ԴՆԹ-ն միակ նյութն է, որի միջոցով հնարավոր է հասկանալ, թե ինչ տեղաշարժեր են կատարվել, միգրացիաներ և բռնագաղթեր են տեղի ունեցել։ Եթե պատմաբանը բավարարվում է պահոցներում, արխիվներում կամ գրադարաններում գտնվող աղբյուրներին հղում կատարելով, ապա գենետիկայի դեպքում հենց մասնագետն է բրածո նյութը ուսումնասիրում, ԴՆԹ-ն առանձնացնում և սեքվենավորում (վերականգնում հաջորդականությունը) և դրա հիման վրա կատարում հետազոտություն։ Գենետիկայի մասնագետը նաև պարտավոր է այդ սկզբնական նյութը տեղադրել տվյալների բանկի մեջ (data base), ինչը հնարավորություն է տալիս նաև այլ երկրների տվյալներն օգտագործել։

2․ Հնագիտություն

Հիմնական խնդիրը, որին բախվում են հնագետները հետևյալն է․ հայտնաբերելով, ուսումնասիրելով այս կամ այն մշակույթը՝ նրանք օբյեկտիվ պատճառներով ի վիճակի չեն այդ մշակույթը վերագրել այս կամ այն ժողովրդին։ Բայց արդեն 10-15 տարի է, ինչ մշակույթի իրերին զուգահեռ հայտնաբերվող ոսկրանյութի և ժամանակակից ԴՆԹ-ի շնորհիվ հնարավոր է մշակույթը կապել դրա կրողների հետ։

3․ Լեզվաբանություն

Տարբեր ոլորտների մասնագետների համար շատ կարևոր հարց է, թե որտեղ են ծագել հնդեվրոպական լեզուները։ Երկու հիմնական տեսություն կա՝ Գամղրելիձե-Իվանովի տեսությունը, ըստ որի՝ հնդեվրոպական նախալեզուն ծագել է մեր տարածաշրջանում, և Մարիա Գիմբուտասի «տափաստանի» տեսությունը, ըստ որի՝ նախնական հնդեվրոպական հասարակությունը ծագել է մերձվոլգյան տափաստաններում։ Առ այսօր այդ թեժ վեճը շարունակվում է, և ո՛չ լեզվաբանների, ո՛չ հնագետների, ո՛չ պատմաբանների ջանքերով դեռ չի հաջողվել ստանալ վեճի հանգուցալուծումը։ Հնագիտական և գենետիկական տվյալները ցույց են տալիս, որ տափաստանի և մեր տարածաշրջանի միջև առկա են մշակութային և գենետիկական կապեր։ Այժմ բազմաթիվ գենետիկական ուսումնասիրություններ են կատարվում, և ամենայն հավանականությամբ շուտով այս հարցին հստակ պատասխան կտրվի։

Դիտեք նաև՝

Search