Play Video

Ռուսաստանի հարավային շրջաններում բնակություն հաստատած ևս մի սփույռքահայ խմբի՝ համշենահայերի ծագման մասին տարբեր վարկածներ կան թե՛ հայ, թե՛ թուրք պատմիչների աշխատանքներում։

Ըստ հայ պատմիչներ Ղևոնդի և Հովհան Մամիկոնյանի՝ 8-րդ դարի վերջում հայերը Այրարատ նահանգից տեղափոխվել են հյուսիս-արևմուտք և Սև ծովի հարավային շրջանում բնակություն հաստատել մի վայրում, որը հետագայում անվանել են Համշեն՝ իրենց առաջնորդ Համամ Ամատունու անունով։ Տեղաշարժի երկրորդ ալիքը տեղի է ունեցել 14-րդ դարում, երբ Անիի փախստականներն են շարժվել այդ ուղղությամբ։ Արդեն Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ բնակչության բավականին մեծ մասը սկսել է աստիճանաբար իսլամ ընդունել, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են, ստիպված են եղել լքել Համշենը։ Ամենազանգվածային գաղթը տեղի է ունեցել 18-րդ դարի վերջում՝ դեպի Բաթումի, Սոչի, Տուապսե։ Այսօր բավականին մեծ գաղթօջախներ կան նաև Կրասնոդարի մարզում, որտեղ կան կայուն համայնքներ, որոնք պահպանում են իրենց լեզուն, մշակույթը և հայկական ինքնությունը։

Ըստ թուրքական վարկածի՝ համշեցիները ծագել են թյուրքախոս ցեղերից, որոնք Կենտրոնական Ասիայից տեխափոխվել են ժամանակակից Իրանի տարածքը մոտավորապես մ․թ․ա․ 3-րդ դարում, այնուհետև շարժվել են հյուսիս և հաստատվել Համշենում, իսկ հայերենը ձեռք են բերել հայերի հետ շփումների արդյունքում։

Բնականաբար, պատմական իրարամերժ աղբյուրների գոյության պարագայում իրականությունը բացահայտելու միակ տարբերակը գենետիկական հետազոտությունն է։ Ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված հետազոտության շրջանակներում հավաքվել են ԴՆԹ-ի նմուշներ, որոնք ներառում են տարբեր բնակավայրերում ապրող համշեցիների տվյալներ։ Ստացված արդյունքները վկայում են նրա մասին, որ Համշենի բնակեցումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներում, քան դրա մասին խոսում են պատմիչները՝ մոտավորապես 2500 տարի առաջ։

Դիտեք նաև՝

Search