Play Video

Յուրաքանչյուր տասնամյակի վերջում Խորհրդային միությունում իրականացվում էր մարդահամար, որտեղ նշվում էր նաև տարբեր հանրապետություններում մահացության, հիվանդացության, երկարակեցության մակարդակը։ Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի բնակչությունը բավականին երկար տարիներ ունեցել է լավագույն ցուցանիշները։ Դա կարելի է բացատրել առողջության գենետիկական ներուժով․ գենոֆոնդը չի կրում գենետիկական բեռ, որն արտահայտվում է ժառանգական հիվանդությունների հիմք ծառայող տարբեր մուտացիաների բարձր հաճախականությամբ։ Հայաստանի բնակչության շրջանում ժառանգական հիվանդությունները շատ քիչ են տարածված, ինչը վկայում է նրա մասին, որ պատմականորեն շատ քիչ են եղել ազգակիցների միջև ամուսնությունները։

Այուամենայնիվ, հայերի գենոֆոնդում կա մի գեն, որի մուտացիաները պատասխանատու են մի շատ տարածված հիվանդության համար՝ միջերկրածովյան ընտանեկան տենդը կամ պարբերական հիվանդությունը (հայտնի է նաև երևանյան հիվանդություն անվանմամբ)։ Հիվանդությունը կապված է MEFV գենի հետ, որը գտնվում է 16-րդ քրոմոսոմում և քարտեզագրվել է 1997 թվականին։ Հիվանդությունը հիմնականում տարածված է տարածաշրջանում ապրող 4 ժողովուրդների մոտ՝ արաբներ, հրեաներ, Թուրքիայի բնակչություն և հայեր։ Գենի տարբեր մուտացիաներ տարբեր ժամանակաշրջաններում են ի հայտ եկել՝ 20․000, 3000-4000, 2000 տարի առաջ։ Այսինքն՝ ոչ այդքան վաղ ժամանակաշրջանում, ինչը հնարավորություն է տալիս նաև պատմական տվյալների վրա հիմնվելով՝ այդ մուտացիաները կապել այս կամ այն իրադարձությունների հետ և պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Արդյո՞ք այս մուտացիաներն ունեն միայն վնասակար ազդեցություն, թե՞ որոշակի օգուտ են տվել, կամ այլ ձևակերպմամբ՝ դրանք անե՞ծք են, թե՞ նվեր։
  • Ի՞նչ կապ ունեն այս մուտացիաները ժանտախտի դեմ դիմադրողականության և հետերոզիգոտների առավելության հետ։

Դիտեք նաև՝

Search