Մի քանի տարի առաջ հայ, ռուս և դանիացի գիտնականները ձեռնարկեցին մի ծավալուն գենետիկական ուսումնասիրություն, որում ներառվել է մեկ ժողովրդին պատկանող հնագույն ԴՆԹ-ի առ այսօր ամենամեծ ընտրանին՝ 52 նմուշ։ Ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռել հայ ժողովրդի անցյալը վերականգնելու բավականին մեծ թվով նմուշների և Նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրերն ընդգրկող ծածկույթ ապահովող տվյալների հիման վրա: Աշխատանքը կատարվել է այլ երկրներից գործընկերների հետ համատեղ, ինչն ի սկզբանե բացառում է որևէ մանիպուլյացիա կամ միտումնավոր շեղում, աշխատանքի մեթոդաբանական և տեխնիկական մակարդակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ արդյունքները 2015 թվականին հրապարակվել են նշանավոր «Nature» շաբաթագրում:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս տարածաշրջանում հայ ժողովուրդն ունի առնվազն 8000 տարվա գենետիկական անընդհատություն՝ կանանց տոհմագծերին վերագրվող։ Այսինքն՝ բնակչությունն այստեղ շատ կայուն է եղել սկսած Նոր քարի դարից։ Դա հատուկ է ոչ միայն հայերին, այլև տարածշրջանի այլ ժողովուրդներին, և խոսում է նրա մասին, որ տարբեր արշավանքները, տեղաշարժերը, գաղթերը մասնակի ազդեցություն են ունեցել բնակչության կազմի վրա։ Գենոֆոնդը տարածաշրջանում բավականին կայուն է, ինչն էլ խոսում է նրա մասին, որ գենետիկորեն և կենսաբանորեն ժողովուրդներն այստեղ բնիկ են։
Ուսումնասիրելով նաև ժամանակակից ԴՆԹ-ն՝ հնարավոր է տեսնել, թե ինչ աստիճանի են հայերի գենոֆոնդում ներկայացված տարբեր ժողովուրդների, զավթիչների, այս կամ այն պատճառով մեր տարածաշրջանով անցած ժողովուրդների գենետիկական հետքերը։ Հայերի դեպքում դրանք չնչին են, մոտավորապես՝ 0,5 տոկոս, այն դեպքում, երբ հարակից ժողովուրդների մոտ դա միջինում մոտ 10 տոկոսի է հասնում։ Նաև կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք հայերի գենոֆոնդում նման հետքեր, ազդակներ եղել են մի քանի հազար տարի առաջ։ Ըստ այս հետազոտության արդյունքների՝ մոտ 5000 տարի առաջ կենտրոնասիական ազդակները բացարձակապես բացակայել են։ Այսինքն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ չեն եղել մեծ պետություններ, սահմանների հետ կապված խոչընդոտներ, համատարած և մեծածավալ բախումներ, և ժողովուրդների գաղթերն անհամեմատ ավելի հեշտ ու ընդարձակ կերպով են տեղի ունեցել, մեր գենոֆոնդում այլ ժողովուրդների հետքեր չեն եղել՝ թե տղամարդկանց, թե կանանց տոհմագծերի առումով։