Play Video
5․ Էթնիկական խմբերի ծագման պայմանները․ Էթնոգենոմիկա | Լևոն Եպիսկոպոսյան

Հայերի, որպես առանձին էթնիկական խմբի, պատմությունը բավականին երկարատև է՝ շուրջ 4000-5000 տարի։ Դա առաջին հերթին առնչվում է այն փաստի հետ, որ մեր տարածաշրջանը մշակութային առումով շատ փոփոխական է եղել։ Դեռևս Նեոլիթյան դարաշրջանից սկսած առնվազն 10 տարբեր մշակույթներ են այստեղ տարածվել և փոխարինվել այլ մշակույթներով։ Նման արագ տարածումը մասնագետների մոտ հարց էր առաջացնում ՝ արդյո՞ք այդ մշակույթներն այստեղ են ծնվել, թե՞ մուտք են գործել տարբեր հարակից ժողովուրդների միջոցով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մշակույթներն այստեղ զարգացման, հասունացման փուլ չեն անցել, ինչն էլ վկայում է նրա մասին, որ դրանք տարածաշրջան մուտք են գործել ավարտական տեսքով։ Ծագում է երկրորդ հարցը՝ ի՞նչ ձևով է դա տեղի ունեցել․

1․ Demic diffusion (ժողովրդի ներխուժում)` երբ ժողովրդի մեծ զանգված է մուտք գործում,

2․ Cultural diffusion (մշակույթի ներխուժում)` երբ փոքրաթիվ կրողներ են մուտք գործում։

Այս հարցին պատասխանելը շատ դժվար է առանց գենետիկական միջամտության։ Երբ նկատվում է կտրուկ փոփոխություն մշակութային դաշտում, անհրաժեշտ են գենետիկական տվյալներ հասկանալու համար՝ արդյոք ժողովրդագրական պատկերը նույնն է մնացել ներխուժումից հետո։ Եթե ժողովրդագրական պատկերը փոխվել է, բնականաբար ժողովրդի լայնածավալ ներխուժում է տեղի ունեցել։ Հայերի դեպքում, քանի որ հնարավոր է փաստել շուրջ 4000-5000 տարվա գենետիկական անընդհատության մասին, կարելի է եզրակացնել, որ չնայած տարածաշրջանում մշակույթների հարափոփոխ պատկերին՝ ժողովրդագրական իմաստով կայունությունը պահպանվել է։

Իսկ որտե՞ղ են հայ ժողովրդի ակունքները։ Տարբեր մասնագետներ տարբեր տեսակետներ ունեն այս հարցի շուրջ, քանի որ տարբեր գործիքակազմ և մոտեցումներ են կիրառում։ Գենետիկայի դեպքում մասնագետները հնարավորություն ունեն բարդ մաթեմատիկական մոդելավորման մեթոդներով տարբեր սցենարներ մշակել ու այդ բոլոր հնարավոր վարկածները ստուգել շոշափվող տվյալների հիման վրա, օրինակ՝ հնագույն ԴՆԹ-ի միջոցով։ Ամեն դեպքում, մեր տարածաշրջանը սկսել է բնակեցվել 40000-50000 տարի առաջ, երբ էթնիկական խմբերի մասին խոսք չէր կարող գնալ, քանի որ ժողովուրդները շավ ավելի ուշ են ձևավորվել։ Ինչն էլ վկայում է, որ ցանկացած ժողովուրդ, որը ձևավորվել, զարգացել և կայացել է որպես առանձին էթնիկական խումբ, իր ակունքներում ունեցել է տարբեր խմբերի միաձուլում։

Դիտեք նաև՝

Search