Մոտ 60,000 տարի առաջ, երբ մարդ բանականը Աֆրիկայից մուտք գործեց Եվրասիա, հենց առաջին պահից տեղի ունեցավ խառնակում այն տեսակի հետ, որը երկար տարիներ արդեն ապրում էր Եվրասիայում և ուներ այնտեղ գոյատևելու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները։ Շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտավորապես 20,000 տարվա ընթացքում, մարդ բանականը ոչ միայն կարողացավ փոխառել այդ հատկանիշները, այլև դժբախտաբար, էվոլյուցիոն թատերաբեմից դուրս մղեց Նեանդերթալ մարդուն, որն իրեն օգնել էր բնակեցնել հսկայական տարածքներ։
Մերձավոր արևելքի ժողովուրդների մեծ մասն իրենց գենոֆոնդում ունեն աֆրիկյան գենետիկական ազդեցություն։ Սա ոչ թե 60,000 տարի առաջ տեղի ունեցած խառնակման մասին է, որի ազդեցությունը կրում է ամբողջ մարդկությունը, այլ ընդամենը 1000-1200 տարի առաջ տեղի ունեցած գենետիկական ազդեցության։ Գենետիկական տվյալները ցույց են տալիս, որ այդ գործընթացը տևել է մոտավորապես երկու դար՝ 7-9-րդ դարերը։ Այս տվյալները պատմական աղբյուրների հետ համեմատելու դեպքում պարզ է դառնում, որ դա համընկնում է այն ժամանակաշրջանին, երբ Արաբական խալիֆայությունը տարածվում էր մեր տարածաշրջանում՝ իր հետ բերելով նաև սևամորթ ստրուկների հոսք։ Նույնիսկ առանց գենետիկական տվյալներն ուսումնասիրելու ակնհայտ է, որ տարածաշրջանում մաշկի մուգ գույնը տարածված է Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան ընկած գոտում։ Հյուսիսային հատվածը կարծես թե չի ազդվել այդ գենետիկական փոփոխություններից։ Սա վերաբերում է թե՛ արաբախոս դրուզներին՝ խիստ ավանդույթներով և սահմանափակումներով, թե՛ հայերին ու վրացիներին։ Կարելի է եզրակացնել, որ մշակութային առանձնահատկություններն աշխատել են որպես հնարավոր խառնակման կենսաբանական արգելք։
2015 թվականին լույս տեսավ առանցքային նշանակության մի աշխատանք, որի շրջանակներում գենետիկայի մասնագետները կառուցել են խառնակման քարտեզ։ Այդ քարտեզի միջոցով կարելի է տեսնել, թե ինչ աստիճանի խառնակում է տեղի ունեցել, թե հայերի մոտ երբ է տեղի ունեցել խառնակումը՝ տարբեր ժողովուրդների գենետիկական ազդեցության շնորհիվ, ինչպես նաև թե հայերը ինչպիսի մասնակցություն են ունեցել տարբեր ժողովուրդների գենոֆոնդի մեջ։ Անսպասելի արդյունքներ են գրանցվել։