Էթնոգենոմիկան գիտություն է, որն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների, էթնիկական խմբերի գենետիկական կառուցվածքը և դրա հիման վրա վերականգնում գենետիկական պատմությունը։
Գենետիկան շատ արագ զարգացող գիտություն է։ Վերջին տարիների ընթացքում մի շարք նվաճումներ են տեղի ունեցել, մասնավորապես՝
1․ Հայտնաբերվել է, որ ժամանակակից մարդն իր գենետիկական կառուցվածքում կրում է նաև Նեանդերթալյան մարդու գենենտիկական հատկությունները։ Այսինքն` գոյատևման վերջին 40-60000 տարիների ընթացքում եղել է գենետիկական շփում, խաչասերում Նեանդերթալ մարդու հետ։
2․ Համատարած է դարձել հնագույն ԴՆԹ-ի վերականգնումը։ Պեղումների ընթացքում ձեռք բերված բրածո նյութից՝ ոսկրանյութից, հնարավոր է առանձնացնել ԴՆԹ-ն՝ վերականգնելով ամբողջական գենոմը, ինչը սպառիչ նյութ է ցանկացած գենետիկական ուսումնասիրման համար։
Գենետիկական տեղեկությունը հնարավորություն է տալիս վերականգնել պատմությունը` 30000 տարվա խորությամբ։ Սակայն դա չի նշանակում, որ 30000 տարի առաջ եղել են հայեր, վրացիներ և այլ ազգություններ։ Խոսքը գնում է գենետիկական նախնիների և ժառանգության մասին։ Գենետիկան թույլ է տալիս միայն ու միայն աշխարհագրական խմբերի վերաբերյալ արդյունք ստանալ։
Վերջին տասնամյակներին գենետիկան շատ հստակ ձևով ներխուժել է մարդկանց առօրյայի բոլոր ոլորտները։ Հատկապես բժշկության ոլորտում լույս են տեսել բազմաթիվ գրքեր տարբեր ժողովուրդների վերաբերյալ, բայց ժողովուրդների ծագումնաբանության մասին ուսումնասիրությունները սակավաթիվ են, և գիտության մեջ մեծ բաց կա այդ ուղղությամբ, հատկապես՝ հայ ժողովրդի ծագումնաբանության մասով։
Ցավալին այն է, որ հաճախ ոչ մասնագետներն են հայերի ծագումնաբանության մասին հետևություններ անում։ Թեմայի վերաբերյալ ամբողջական պատկեր ձևավորելու համար պետք է միավորել տարբեր ոլորտների մասնագետների՝ պատմաբանների, մարդաբանների, հնագետների, լեզվաբանների, դիցաբանների և գենետիկայի մասնագետների ուսումնասիրությունները։ Այդ պատկերը, իհարկե, վերջնական չի լինի, բայց մարդկանց հնարավորություն կտա հայերի ծագումնաբանության մասին ընդհանուր պատկերացում կազմելու։