Play Video
Ջերեմի Բենթամ. միջազգային իրավունքի ծնունդն ու օգտամատույց պաննոմիոնը. մաս 2 | Դավիթ Իսաջանյան

Ջերեմի Բենթամին հիմնականում գիտեն Պանօպտիկոնի՝ համատեսի միջոցով, այնինչ նրա վաստակը նախևառաջ վերաբերում է իրավունքին, որի պսակը օգտամատույց փիլիսոփայության ավետարանը համարվող նրա պաննոմիոնն է` Բենթամի հերթական նորաբանություններից` միջազգային իրավունք, ուտիլիտարիզմ, և պանօպտիկոն նորահնար եզրերի կողքին․ պանոմիոն, այն է՝ «պան-»՝ «համա–», և «նոմոս», հունարեն՝ «օրենք», Համօրեն, թերևս, որ նա կազմել է օգտամատույց իրավաբանության լիակատար օրենսգիրք ստեղծելու հավակնոտ մտայնությամբ, նախագիծ, որ իր բոլոր նորամուծություններով հանդերձ, նաև իրավաբանությունը, ինչպես ինքը Բենթամն է բնորոշում, հորինվածքի ճիրաններից ազատելու և իրականություն բերելու հավակնամիտ փորձարարություն է։

Բենթամը նաև «միջազգային իրավունք»՝ այսօր միեղինաբար օգտագործվող եզրի հեղինակն է, որ ստեղծել ու շրջանառել է մինչ այդ օգտագործվող «ազգերի իրավունք» կապակցության փոխարեն։ Եզրն առաջին անգամ հայտնվում է 1789 թվականի «Բարոյականության և օրենսդրության սկզբունքների ներածություն» վերտառությամբ նրա մենագրութան էջերում (An Introduction to the Principles of Morals and Legislation), որտեղ նշվում է, որ այն չի զբաղվում  առանձին պետությունների քաղաքացիական անձանց վեճերով ու գործարքներով, որ տարբեր երկրների քաղաքացիներին վերաբերող գործերը քննում են երկրներից մեկի կամ մյուսի ներքին ատյանները: Միջազգայինը բացառապես գերիշխանների միջև հարաբերություններով զբաղվող իրավունքն է, նույնն է թե՝ միջազգայինը, նրա սահմանմամբ, միջգերիշխանական, միջինքնիշխանական, միջսուվերենային իրավունքն է։

Բենթամը փորձապաշտ է՝ Էմպիրիստ, քանի որ Բեկոնի ու Լոկի պես, նա էլ կարծում է, որ զգայելի աշխարհից դուրս գիտելիք գոյություն չունի որպես այդպիսին, որ միակ նյութը, որի հետ կարող է աշխատել մարդու բանականությունը, զգայընկալ՝ զգայարանների համար ընկալելի նյութն է։ Ու ինչպես բնական գիտություններում, այնպես էլ բարոյափիլիսոփայության պարագայում, այդ թվում՝ իրավունքի ու միջազգայնագիտության դեպքում, հարկավոր է առաջնորդվել փորձով ու փորձարկումով, դիտարկմամբ ու վավերելիությամբ, հատկապես՝ օգտապաշտության հիմնասյուների՝ ցավի ու հաճույքի գործոնով։

Հաճոյասիրության երկու տեսակ է Բենթամն առանձնացնում․ մեկը հոգեբանական հեդոնիզմն է, համաձայն որի՝ մարդը գործում է կամ ցավի խորշանքից կամ հաճույքի փափագից, երկրորդը՝ էթիկական հեդոնիզմն է, համաձայն որի՝ հաճույքը միակ բարիքն ու գործողության ճիշտ ու սխալ լինելու միակ չափորոշիչն է՝ գործողությունդ բացառո՞ւմ է ցավը, թե՞ հաճույք է արդյունագործում։  Ստացվում է, որ ցավն ու հաճույքը մարդու գործողությունների հուսկ հետին պատճառն են, ինչպես նաև երջանկության հասնելու միջոցը: Ու քանի որ մարդու երջանկությունը կախված է ցավի ու հաճույքի գումարային հավասարակշռությունից, օրենսգետի գործը այդ հավասարակշռությունը պահելը պետք է լինի, այն է՝ պետք է հասկանա ցավի ու հաճույքի արժեքն ու ստեղծի օրենքներ, որոնց ոչ միայն կհետևեն, այլև որոնք կդրդեն դիմացինի երջանկությանը նպաստող գործողությունների։ Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս անել, որ մարդը հետևի օրենքին:

Արտաքին միջավայրի կարևորագույն գործոնները, ըստ Բենթամի, օրենքով սահմանված օգուտներն ու պատիժներն են, ինչպես նաև՝ կրթական ու բարոյական ոչ–ֆորմալ ինստիտուտներից բխող օգուտները, օրինակ՝ հանրային կարծիքը։ Եւ այս առումով է, որ օրենսգետը պետք է նպաստի նրան, որ հանրային բարիք գործելը բխի մարդու անձնական շահից, որից հետո մարդուն կմնա մի բան անել՝ զատել իրական շահը անիրականից, այն է՝ տեսնել բոլոր այն բարիքները, որ օրենսգետն է հաշվարկել իր՝ մարդու համար։ Սրանք են Բենթամի օգտամատչության հիմնական դրույթները, որոնք նա հետագայում վերանայում է իր հայտնի՝ 1829 թվականին հրատարակված «Հոդված հաղագս օգտականության» վերնագրով աշխատանքում, որ ամրագրում է օգտապաշտության կարևորագույն սկզբունքներից ևս մի քանիսը՝ հիասթափության կանխման սկզբունքը, մեծագույն երջանկության սկզբունքը, ինչպես նաև՝ միեղին՝ ունիվերսալ, շահի դրույթը:

Միջազգային հարաբերություններում էլ, ինչպես ներքինում գործերում, Բենթամը կարևորում է ակնկալիքի դերը, որ պետք է լինի պետությունների գործողության գլխավոր ուղենիշ։ Եթե աշխարհաքաղաքացին, գրում է նա, միջազգային օրենսգիրք կազմելու լիներ, ի՞նչը կհամարեր իր ուսումնասիրության առարկան՝ բնականաբար բոլոր ազգերի համընդհանուր և հավասար օգուտը, քանզի կազմողը աշխարհաքաղաքացին է։ Ու եթե օրենսդիրը կամ գերիշխանը հավատարիմ մնա իր ժողովրդի ու մյուս ազգերի ակնկալիքներին, այն է՝ հետևի աշարհաքաղաքացու հորդորին, ապա կվարի նվազագույն դիմադրության հանդիպող քաղաքականություն, որ ինքնին կամրապնդի միջպետական խաղաղությունն ու կնվազեցնի պատերազմի հանգեցնող տարըմբռնումը։ Այնպես որ՝ օգտակարն այս դեպքում հե՛նց ակնկալվածն է, որն էլ որոշում է, թե ինչն է օգտակար և ինչը՝ ոչ։ Իսկ օգտակարությունն էլ ակամա բերում է խաղաղության, չնայած այս մասում Բենթամը չի մասնավորեցնում, թե ինչ ակնկալիք ունեն ազգերը։ Միայն կարող ենք կռահել՝ դատելով նրա մյուս էսսեներից․ ազգերի կարևորագույն ակնկալիքը անվտանգությունն է։ Այս մասում նա չի մանրամասնում իր նախագծի քարտեզը, բայց կրկին անգամ ընդգծում է օգտախնդրության գլխավոր սկզբունքը․ հնարավորինս մեծ երջանկություն հնարավորինս մեծ թվով մարդկանց համար։

Դիտեք նաև՝

Search