Play Video

Խաղաղության՝ տասնիններորդ երկայնադարում, ազատականությունը՝ լիբերալիզմը, ոչ միայն շեշտակի վերելք էր ապրում Բրիտանիայում, այլև անգամ իսկ մրցակից չուներ՝ նույնակշիռ ախոյան, որ, իհարկե՛, չի նշանակում, որ Բրիտանիան, այն էլ 1800-ականների, հանկարծ վերածվել էր անձուկ ու ձանձիր մի վայրի՝ պարզ, միակարծ ու անհետաքրքիր մի տեղի։ «Լոնդոնից ձանձրացածը կյանքից ձանձրացածն է», – ի վերջո, գրում է Սամյուել Ջոնսոնը 18-րդ դարում։ Ուր մնաց՝ 19-րդում, երբ Բրիտանիան հասել էր կայսերական ծայրարձակության իր բարձրակետին ու մշակութային վերելանության իր զենիթին։ Պարզապես, այդ ժամանակ Բրիտանիայի հասարակությունը եկել էր մի հանգրվանի, երբ անկախ գաղափարական տարբերություններից, բոլորը՝ արմատական թե ազատական, պահպանողական թե առաջադիմական, ինչ–որ առումով ազատական էին հոգու խորքում, այն է՝ հավատում էին ազատությանը, ազատ առևտրին ու առաջընթացի բարեփոխիչ ոգուն։

Հե՛նց Բրիտանիայում է ծնունդ առնում ազատական տնտեսագիտության դասական դպրոցը, որ սկսելով երկու ականավոր տնտեսագետով՝ Թոմաս Ռոբերտ Մալթուսով ու Դեյվիդ Ռիկարդոյով, մեծ արձագանք է նաև ստանում մայրցամաքում՝ Գերմանիայում ու հատկապես ֆրանսիացիներ Ժան Բատիստ Սեյի, Ֆրեդերիկ Բաստիայի, նաև՝ բելգիացի, բայց ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչ համարվող Գուստավ դը Մոլինարիի ուսումնասիրություններում, ինչպես նաև՝ ազատականության բրիտանացի մշակների նոր սերնդի աշխատություններում՝ Ջեյմզ Սթյուարտ Միլ Ավագի, Ջոն Ռամսեյ ՄըքՔալոկի և, իհարկե՛, ազատական մտքի անհաս գագաթը համարվող՝ Ջոն Սթյուարտ Միլ Կրտսերի՝ վերոնշյալ Ջեյմս Սթյուարտ Միլ Ավագի զավակի տեսական-տնտեսագիտական աշխատություններում։

Մտածողների մի աստղաբույլ, որ պատերազմի տեսաբաններ չէին, ոչ էլ՝ փիլիսոփաներ, տնտեսագետնե՛ր էին, որ, սակայն, իրենց հաստափոր աշխատություններում նաև արծարծել են պատերազմի ու խաղաղության խնդիրը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ անդրադարձել են այդ բազմաբղետ հարցի երեսակներից մեկին կամ մյուսին։ Թոմաս Մալթուսն, օրինակ, զբաղվել է պատերազմի ժողովրդագրությամբ, Դեյվիդ Ռիկարդոն՝ զինված հակամարտության տնտեսական ու ֆինանսական հարցերով, Ջոն ՄըքՔալոկը՝ ինքնակալության, այն է՝ ինքնաբավ աուտարկիայի նպատակահարմարության հարցով՝ ընդգծելով ազատ առևտրի կարևորությունն ու քաղտնտեսության խաղաղարար՝ պացիֆիստական էությունը, Ջոն Սթյուարտ Միլը քննել է ծովագնացության իրավարար վճիռների նպատակահարմարության ու աննպատակահարմարության հարցը, դասական ազատականության վերջին ներկայացուցիչներից՝ Ջոն Էլիոթ Քերնզը անդրադարձել է միլիտարիզմի խնդրին, իսկ ոչ այնքան հանրաճանաչ Հենրի Ֆոսեթն էլ հանդես է եկել ապագայի կանխատեսումներով, թե սպասվում է ամենայնական, այն է՝ տոտալ տնտեսական հակամարտություն։

19-րդ դարի Բրիտանայի ազատական տնտեսագիտությունն իմաստազրկում է խաղաղությունը կառավարման կարգի, վերպետական հաստատությունների, համադաշնությունների հետ կապելու նախորդ բոլոր փորձերը: Այս կերպ ազատական միտքը նաև հեռանում է բուն պատերազմի և զինված հակամարտության հարցից՝ համարելով, որ պատմական զարգացումների ուժով՝ պետություններն ու անհատներն ուզեն թե չուզեն, միևնույնն է առաջնորդվելու են տնտեսության տրամաբանությամբ, ասել է թե՝ խուսափելու են պատերազմից ու զինված հակամարտություններից:

Պետք է, սակայն, հիշել, որ շուկային այսպիսի մեծ դեր ու նշանակություն տալը միայն բրիտանական մտքին էր բնորոշ, որն, ինչպես ժամանակի շատ հեղինակներ են նշել, ծառայում էր Մեծ Բրիտանիայի առաջատար դիրքերը պահպանելու նպատակին: Այնպես որ զարմանալի չէ, որ 1840-ականներին լսվել են նաև քննադատական ձայներ Գերմանիայից և Միացյալ Նահանգներից, որ պնդել են, որ ազատ առևտուրը միայն և միայն կամրապնդի հզորների զորությունն ու տկարների թուլությունը:

Դիտեք նաև՝

Search