Play Video

Տասնութերորդ դարավերջին պատերազմի ու խաղաղության ազատական՝ լիբերալ տեսաբանությունը հասել էր մի հանգրվանի, որ կարող էր զարգանալ անսպասելի ուղղություններով՝ հեռանալով մտածողության ավանդական՝ արդեն արմատավորված բավիղներից։ Ավելին՝ արդեն իսկ առաջացել էին հստակ ուրվագծված ախոյան բանակներ․ մի կողմից՝ օգտամատույց ավանդույթը, մյուս կողմից՝ ժողովրդավար–միեղինապաշտ՝ դեմոկրատական–ունիվերսալիստական ավանդույթը։ Նույն այդ շրջանում՝ 19-րդ դարի նախաշեմին, նշանակությունը չէին կորցրել նաև իրապաշտ՝ ռեալիստական դպրոցի գրադարակները համալրած հեղինակները, որոնց թվում, իհարկե, Թոմաս Հոբսը։ Եւ հենց երկարատև խաղաղության այդ տասնիններորդ դարում է, որ լույս աշխարհ է գալիս մի գիրք՝ «Վասն պատերազմի», որ առաջին անգամ համակարգված քննության է առնում պատերազմ երևույթը։

Թե մինչ այդ տեսաբանությունը, ի թիվս հազար-հազար այլ հարցերի, իր տեսական–փիլիսոփայական լայն հարցանու շավիղներում տեղ էր հատկացնում նաև պատերազմին ու խաղաղությանը, ապա Կառլ Ֆիլիպ Գոթլիբ ֆոն Կլաուզևիցը, որ ապրել է 1780-1831 թվականներին, նվիրվում է պատերազմի համակարգված, համապարփակ ու հետևողական ուսումնասիրությանը՝ պատերազմը սահմանելուն ու նկարագրելուն, ինչպես ինքն է ասում, երևութաբանորեն, այն է՝ ֆենոմենոլոգիապես, որ Կլաուզևիցի պարագայում մի քանի արտահայտություն է ստացել․ 1) զատել բացարձակ պատերազմի ծայրահեղ պարագան սահմանափակ պատերազմից, 2) ռազմականը՝ քաղաքականից, 3) միջոցը՝ նպատակից և այսպես շարունակ։

Ի՞նչ է ի վերջո պատերազմը։ Ի՞նչ էություն ունի։ Կարելի՞ է այն սահմանել միեղին՝ ունիվերսալ ստորոգություններով՝ կատեգորիաներով։ Կլաուզևիցը երկու պատասխան է տալիս հարցին․ մեկ՝ պատերազմը անսանձ ու ապերասան բռնության տեսակ է՝ վայրագություն, ուժի կիրառում, որ զանցում է տրամաբանությունն ու չի ենթարկվում սահմանափակումների։ Իսկ մյուսը վերոշարադրյալի հակառակն է՝ իրականը, որ դառնում է նրա երևութաբանության առանցքային գաղափարը․ պատերազմները լինում են բացարձակ և իրական։ Բացարձակը պատերազմի էությունն է, դրա ներքին բովանդակութունը, այն, ինչին միտում է պատերազմը։ Բացարձակ պատերազմը անսանձ բռնությունն է, վայրագ գիշատչությունը՝ թշնամուն ծնկի բերելու ու վճռական հարված հասցնելու մղումը։ Իրական պատերազմն այլ է․ դրանք բոլոր այն պատերազմներն ու հակամարտություններն են, որ բռնկվել ու մղվել են ինչ-որ սահմանափակ նպատակով, ինչ ոչ ժամանակով, ինչ-որ հարցի շուրջ, այսինքն՝ ոչ թե վերաբերել են թշնամուն բնաջնջելուն, այլ մղվել են ինչ-որ խնդրի շուրջ կամ հանուն մի ինչ-որ բանի։ Իրական պատերազմը սովորական պատկերն է, իսկ պատերազմի իրական բնությունը տեսանելի է միայն բացարձակ պատերազմի ժամանակ․ երբ թշնամու զինված ուժերը ոչնչացնելը միակ նպատակդ է։

Վաղ շրջանում Կլաուզևիցը հենց այս դիտանկյունից է սահմանում պատերազմը՝ բռնության ու վճռական հարված հասցնելու տեսանկյունից, որ սակայն վերանայում է հետագյում՝ ներկայացնելով սրանից տրամաչափորեն տարբերվող մեկ այլ սահմանում․ պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։ Այն է, պատերազմը քաղաքական գործիք է, քաղաքական հարաբերությունների ու քաղաքական փոխշփման շարունակությունը, բայց ոչ թե բանակցային սեղանի շուրջ ու քաղաքական սալոններում, այլ մարտի դաշտում։ Քաղաքական նպատակններն են բուն թիրախը, իսկ պատերազմը ընդամենը այդ թիրախին՝ դրված նպատակին հասնելու եղանակն է՝ նպատակին հասնելու գործիքը։ Պատերազմի՝ քաղաքականության շարունակություն լինելը նրա ուշ՝ հասուն շրջանի տեսաբանության հիմնաքարն է, որ չի խանգարել, որ Կլաուզևիցը իր երևութաբանությունը հարստացնի այլ մի երեսակով էլ․ պատերազմը բաղահյուս՝ կոմպլեքս, հույզերի խառնարան է, որոնց թվում կարևորագույն դեր են կատարում կիրքը, պատահականությունն ու բանականությունը։ Պատերազմը բանական է, որովհետև քաղաքականության մի մասնիկն է։ Պատերազմը նաև պատահականության, բերմունքի ու հանկարծադիպության, այն է՝ անորոշության տիրույթն է (պատերազմական գործողությունների երեք-քառորդը պատահականությունից են կախված): Եւ երրորդ՝  պատերազմը մեծ կրքերի՝ ատելության, երկյուղի, հերոսության ու մեծ ճիգերի վայրն է։

Ու հենց այս երեք գործոնները միավորելով է, որ նա ստեղծում է պատերազմի իր հայտնի եռամիասնությունը՝ բանականություն, կիրք պատահականություն։ Ու որպես երևույթ՝ մեկ ամբողջություն, պատերազմը հարափառ է իր բնույթով՝ պարադոքսային, որովհետև կազմված է նախաստեղծ կրքերից՝ ատելություն, ցասում, բռնություն, թշնամանք, պատահականությունից, որ մարդու ստեղծագործ ոգուն է տալիս սլացք, և բանականությունից, որ պատերազմի գործիքային չափումն է։ Ու հենց այս երեք չափումներն են կազմում պատերազմ երևույթի եռաբաշխ կմախքը։ Չափումներ, որ գտնվում են խնդրական փոխհարաբերության մեջ․ երբ պատերազմը միտում է իր բացարձակ տեսակին՝ իր բուն էութենական վիճակին, հույզն ուժգնանում, իսկ բանականությունը նվաղում է։ Պատերազմն, ուրեմն, քամելեոնին բնորոշ հատկանիշներով երևույթ է․ փոխում է իր գույները, մեկ տուրք տալով կույր բնազդին, մեկ` հոգու անսանձ ստեղծականությանը, մեկ էլ` զուտ ու անխառն բանականությանը։

Ժամանակակից պատերազմագիտությունը, քննադատելով հանդերձ Կլաուզևիցին, եկել է այն գիտակցությանը, որ զանցել նրա տեսությունը հնարավոր չէ, ուստի եղել են հեղինակներ, որ հանդես են եկել նորկլաուզևիցական տեսաբանությամբ․ եռաբաշխ երևութաբանությունը դարձնել քառաբաշխ՝ կիրք, բանականություն, պատահականություն ու չորրորդ՝ առօրեականություն, որ վերաբերում է պատերազմի ֆինանսատնտեսական ու կազմակերպչական երեսակին։

Դիտեք նաև՝

Search