Play Video

Լիբերալ մտքի օգտամատույց՝ ուտիլիտար ուղղության հիմնական մշակների` Շառլ դը Մոնտեսքյոի ու Ջերեմի Բենթամի ավանդը նշանակալի է ու ազդեցիկ, հետևաբար՝ ծնել է և՛ քննադատություն, և՛ հակամիտ նոր հոսանքներ, որոնց թվում՝ Իմանուիլ Կանտի ժողովրդավար–միեղինական, այն է՝ դեմոկրատական–ունիվերսալիստական փիլիսոփայությունը, որ, հակադրվելով օգտապաշտությանը՝ ուտիլիտարիզմին, նաև երկխոսում է ժնևցի Ժան–Ժակ Ռուսոյի հետ, որը հատուկ ներկայացման կարիք առանձնապես չունի, քանի որ անունն այդ՝ Ռուսո, լսել են բոլորը՝ ճանաչելով նրան կա՛մ որպես քաղաքական փիլիսոփայի, կա՛մ որպես բարոյահոգեբանության կարկառուն ներկայացուցչի, մտածողի, որին պարտական ենք, օրինակ, «երեխա, մանուկ» նշանակիչների ներկայիս բովանդակության ու երեխայի դաստիարակության մերօրյա մոտեցումներից շատերի համար:

Ռուսոն խիստ բացասաբար է վերաբերվել իրեն նախորդած գրեթե բոլոր փիլիսոփաներին՝ համարելով, որ նրանց տեսական համակարգերը բխում են հեղինակների անձնական շահից, սպասարկում են նրանց կարիքներն ու արդարացնում են բռնապետության տեսակներից մեկը կամ մյուսը, ավելին՝ խորացնում են մարդու այլացումը՝ alienation։ Այս համատեքստում է, ինչ խոսք, ավելի տեսանելի դառնում Ռուսոյի տեսական նախագծի բովանդակությունը, որ մարդու այլացումը կանխելու լուծում է որոնում ու փնտրում է մարդու ազատության բանալին․ պահպանել, գոնե մասամբ, մարդու ազատությունը մի աշխարհում, որտեղ միջմարդկային փոխկախյալությունը հասել է ահագնալի չափերի ու վերաբերում է թե՛ մարդու նյութական կարիքներին, թե՛ նրա հոգեբանությանը։ Հոգեբանությանը այն առումով, որ իրականությունը դարձել է միջենթակայական՝ ինտերսուբյեկտիվ, սուբյեկտներին՝ ենթականերին վերաբերող, քանզի մարդու ինքնությունը՝ ով լինելը, այլևս սահմանվում է դիմացինով ու որոշվում է դիմացինի վերաբերմունքով։

Մյուս փիլիսոփաներին գաղափարաբան լինելու մեջ մեղադրող Ռուսոն նույնպես լծվում է սեփական գաղափարաբանության աշխատասիրմանը, քանի որ նվիրվում է ազատության որոնման գործին, որ բոլոր գաղափարախոսությունների նպատակն է. կրոնը խոստանում է ազատություն մահից, Հոբսը խոստանում էր ազատություն վաղաժամ մահից, սոցիալիզմը՝ ազատություն հոգսից, անհատապաշտությունը՝ ազատություն ծագման կաշկանդակապերից ու անհավասար հնարավորություններից, Ռուսոն էլ, ստացվում է, խոստանում է ազատություն այլացումից, այն է՝ ազատություն սեփական բնությունից հեռանալուց։

Ռուսոյի որոնումն, ուրեմն, նախևառաջ քաղաքական է․ գտնել այդ բաղձալի հաստատությունը, այդ համակարգը, որի քաղաքացին կլինի ազատ, հավասար և ինքնիշխան։ Ռուսոյի ամենահայտնի աշխատության՝ «Հասարակական պայմանագրի» (տպագրյալ 1762 թվականին), հարցը բխում է վերոբերյալ երկասյամից՝ դիլեմայից․ ինչպե՞ս ածել ի հաշտություն, մեկտեղել միգուցե, երկու անհամատեղելիները՝ մարդու ազատությունն ու պետության հեղինակությունը։ Մարդն, ի վերջո, ազատ էակ է բնությունից, իսկ պետությունն այդ ազատությունը կաշկանդող հրեշն է գերիվերո։ Ավելին՝ մարդը եկել է պատմական մի հանգրվանի, երբ իր կարիքները ինքնուրույն բավարարել այլևս չի կարող՝ առանց հավելյալ օժանդակության, այն է՝ առանց դիմացինի օգնության։ Անազատ է, որովհետև հայտնվել է փոխգործության աշխարհում:

Ռուսոյի «Հասարակական պայմանագիրը» ելքեր է որոնում հե՛նց այս երկասյամից՝ դիլեմմայից․ պետությունը վերացնել չես կարող, բայց ինչպես անել, որ պետությունը դառնա պաշտպանդ՝ չդառնալով սահմանափակիչդ, կեղեքիչդ, լինի՛ պետությունը, բայց մարդն էլ մնա ազատ, այնքան ազատ, որքան մինչհասարակական ու մինչպետական մարդն է եղել բնական՝ նախաստեղծ վիճակում։ Բաղձալի մի իրականություն, որին հասնելու բանալին Ռուսոն տեսնում է ընդհանուր՝ քաղաքացիական մարմնի հավաքական կամքի մեջ։ Կամք, որ օրենքի աղբյուրն է, ըստ Ռուսոյի։

Քաղաքական մտքին այսօր հուզում են միջազգայնագիտական հարցեր, որոնցով Ռուսոն զբաղվել է դեռ մի քանի դար առաջ․ ինչպե՞ս անել, որ մարդը միաժամանակ լինի թե՛ աշխարհաքաղաքացի, թե սեփական երկրին նվիրված քաղաքացի։ Ի՞նչ անել, որպեսզի պետությունն իր քաղաքացուն չդրդի օտարի հանդեպ ատելության, որ միջազգային մրցակցության ակամա հետևանքն է, բայց ո՛չ էլ սպանի սեփական երկրի ու հայրենիքի հանդեպ հավատարմության ու հայրենասիրության զգացումը, այդ թվում՝ ինքնության զգացումը։ Ի՞նչ անել, ուրեմն, որ մարդը լինի ուրույն ինքնությամբ աշխարհաքաղաքցի։

Ռուսոյի կարծիքով` պատերազմը մարդկային պահանջմունք չէ, ոչ էլ ներքին մղում, որովհետև մարդը հասարակական չէ իր բնությամբ։ Սպանում ես հաղթելու համար, – գրում է նա, – ու չկա մեկը, որ այնքան կատաղի կլինի, որ կփորձի հաղթել սպանելու համար։ Պատերազմը հասարակական է բնույթով՝ հասարակության ստեղծած հաստատություն, որտեղից էլ նրա հայտնի ու համառ պնդումը, որ պետությունները, որ արհեստածին՝ ոչ բնական մարմիններ են, մրցում են պատերազմներով, անհատները` ոչ։

Ու քանի որ մարդը չունի սպանելու բնական մղում, պատերազմի օբյեկտները միշտ էլ գտնվում են քաղաքացու կյանքից հեռու վայրերում, պատերազմի նժարին դրված խնդիրները երբեք չեն համընկնում մարդ–անհատի անձնակա՛ն կարիքների հետ, այլ համընկնում եմ հասարակության՝ հավաքականության ստեղծած ու հորինած պահանջմունքների հետ։ Ռուսոն համաձայն չէ Հոբսի հետ, թե պետությունը որպես հաստատություն՝ մեղմում է միջազգային բախման արհավիրքը։ Մարդու կյանքը դե ֆակտո հասարակության մեջ դժոխքի վերածած գործոնները առկա են նաև միջազգային մակարդակում։

Ռուսոյի կարծիքով՝ փոխկախվածությունը հանգեցնում է ոչ թե հանդուրժողության ու ներդաշնակության, այլ կասկածամտության ու անհամատեղելիության։ Մարդկանց միջև հարաբերությունները աղարտող ու անապահովություն սերմանող մյուս գործոնն էլ նրա կարծիքով անհավասարությունն է, որ բխում է աշխատանքի բաժանումից։ Տրամաբանությունը կրկնվում է նաև միջազգային մակարդակում՝ հակամարտությունները բռնկվում են, որովհետև պետություններն անհավասար են։ Հոբսը, օրինակ, գտնում էր, որ բնական հավասարությունը մարդկանց ու պետությունների մրցակցության գլխավոր գործոնն է, Ռուսոն, ընդհակառակը, կարծում է, որ գործում է դոմինոյի էֆֆեկտ։ Բավական է, որ մի մարդ արտաբերի՝ սա իմն է, այն է՝ սեփականության հայտ ներկայացնի, որ սնկի պես բազմապատկվեն սեփականության կոչերը հասարակության ներսում։ Նույնն էլ միջազգային համակարգում է․ բավական է առաջանա գեթ մեկ պետություն, մյուս բոլոր խմբերը՝ մեծ ու փոքր մյուս բոլոր միավորները, ակամա կկանգնեն ծանր ընտրության առաջ՝ դիմադրե՛լ կամ բնաջնջվե՛լ։ Այդ գործողությանը անմիջապես կհետևի նորանոր պետությունների ծնունդը։

Քաղաքականն ու էթիկականը միավորելու՝ հաշտեցնելու փոխարեն՝ մարդը կանգնել է նոր ու շատ ավելի վատ երկասյամի՝ դիլեմայի առաջ․ երկրի ներսում ու ներքին հարցերում կարգ ու կանոն, անդորր ու արդարություն հաստատելու նրա ջանքերը հանգեցրել են միջազգային քաոսի ու ընդդիմահարության՝ կոնֆլիկտի, քանի որ պետությունները մնացել են նույն այն բնական՝ անկյալ վիճակը հիշեցնող կացության մեջ, որը մարդու ամենադժնդակ վիճակն է եղել նախքան քաղհասարակության առաջացումը։ Մենք, – գրում է նա – կանխել ենք ինչ–որ պատերազմներ, միայն որպեսզի սկսենք նոր՝ հազար անգամ ավելի վատերը։ Պատերազմի բոլոր սարսափները, – շարունակում է նա, – բխում են պատերազմը կանխելու մարդկային ջանքերից։ Արդյունքում մարդը հայտնվել է խառնակ մի համակարգում՝ ֆրանսերեն՝ systeme mixte, որ երկակի է․ մի կողմից ներքին կյանքի անդորրն է, մյուս կողմից՝ պետության գերիշխանությունից՝ սուվերենությունից, բխող բռնի վիճակը միջազգային հարաբերություններում։

Դիտեք նաև՝

Search