Play Video

Պատերազմն իրո՞ք անխուսափելի է, և պատերազմն իրո՞ք անցանկալի է։ Առաջին հարցը վերաբերում է օբյեկտիվ իրականությանը, երկրորդը՝ արժեքների աշխարհին։ Այդ երկուսի՝ փաստի ու արժեքի, օբյեկտիվ իրականության ու փաստի փոխառնչությունը միանշնակ չէ, քանի որ կարող ենք իրավիճակը համարել անցանկալի, բայց անխուսափելի, ինչպես նաև՝ կարող են լինել իրավիճակներ, որ ցանկալի են, բայց անիրականանալի։ Այլ կերպ էլ է հնարավոր՝ անխուսափելին կարող է լինել ցանկալի, իսկ ցանկալին՝ անխուսափելի։ Այնպես որ, գոնե եթե հարցին նայենք տրամաբանության տեսանկյունից՝ կարող ենք ասել, որ պատերազմը կարող է լինել անխուսափելի ու ցանկալի, նաև՝ անխուսափելի է, բայց անցանկալի։

Եթե պատերազմը անցանկալի է ու բարոյապես սխալ, հետևաբար անցանկալի իրողություն է, որ պետք է կանխվի ու արմատախիլ արվի։ Այդ պարագայում, իհարկե, պատերազմի անխուսափելիության հարցը դառնում է խնդրահարույց, որովհետև ինչպես կարելի է խուսափել մի բանից, որ արդեն իսկ հայտարարել ես անխուսափելի, ինչպես կասեցնել մի բան, որ համարում ես անկասելի, ու կանխել մի բան, որ հռչակել ես անկանխելի։ Իսկ եթե հավատում ես, որ պատերազմը կարելի է կանխել, ապա ինքնաբերաբար նշանակում է, որ չես հավատում նյութական և օբյեկտիվ պատճառների գոյությանը, որոնք կարող են պայմանավորել մարդու գործողությունները։ Այնպես որ՝ ստացվում է, որ հավատալ պատերազմի անխուսափելի լինելուն նշանակում է նաև, որ այն համարում ես ցանկալի։ Մյուս կողմից էլ, սակայն, եթե հավատում ես մարդու գործելու ազատությանն ու նրա՝ պատերազմը կանխելու կարողությանը, ապա չես կարող հավատալ, որ պատերազմը անխուսափելի է, քանի որ այդ երկու համոզմունքները անհամատեղելի են։ Եւ ուրեմն, եթե կարծում ենք, որ պատերազմը անխուսափելի է, ապա մտածում ենք նաև, որ կանխել այն չենք կարող՝ ո՛չ աստիճանաբար, ոչ էլ՝ միանգամից։

Գերմանացի ականավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտը մարդու ազատության վարդապետության՝ դոկտրինի ժատագովն է եղել, իսկ կյանքի վերջին տարիներին էլ ավելի ու ավելի տարվել հե՛նց պատերազմի կանխման հարցով, որ մարդու ազատ գործելու կարողության գլխավոր ցուցիչներից է։ Ու հենց այս մտայնությամբ է 1795 թվականին, երբ Բազելի հաշտության պայմանագիրը հանգուցալուծում է Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած պատերազմների առաջին փուլը, Կանտը հրատարակում իր փոքրածավալ «Դեպի հարամնա խաղաղություն․ փիլիսոփայական ակնարկ» խորագրով հայտնի տրակտատը։

Չնայած ուտոպիական թվացող վերնագրին՝ Հավերժական խաղաղություն, Կանտին ոչ մի դեպքում ուտոպիստ չես համարի․ նա դատում է սթափ ու կուռ, ավելին՝ կարծում է, որ պատերազմի վերացմանը երկար է պետք սպասել, գտնում է, որ հարամնա խաղաղությունը ընդամենը իդեալ է, որ ամբողջովին չի իրականանա․ ընդամենը կարող ենք անվերջ մոտենալ այդ իդեալին, որովհետև նրա համոզմամբ՝ պատերազմատենչությունը մարդու բնության անքակտելի բաղադրիչներից է, սակայն մարդը նաև պարտավոր է պատերազմի պատճառները վերացնել, որպեսզի գոնե մոտենա հարամնա խաղաղության վիճակին։ Այնպես որ՝ եթե անգամ անհնար է պատերազմի բացառումը, ապա գոնե կարելի է որդեգրել պատերազմի բացառման շարունակական ուղին։ Արդ, պատերազմից կարելի է խուսափել, որ չի նշանակում, սակայն, թե հարատև խաղաղությունը նույնպես հնարավոր է, եթե ընդունում ենք, որ հակամարտականությունն ու ոգորականությունը մարդկային էության բաղադրիչներից են։

Այն հարցին, թե ինչ բարոյական կեցվածք պետք է պետութուններն ընդունեն իրար հետ հարաբերություններում, Կանտը մոտենում է հիմքից՝ հարելով Հոբսին ու հակադրվելով Ռուսոյին, որ բնական վիճակում մարդը թշնամական է տրամադրված մարդու հանդեպ։ Ու այս մոտեցումը տարածում է անկա՛խ համարվող պետությունների վրա, որ մարդու նման՝ վնասում են իրար, երբ հայտնվում են բնական, նույնն է՝ անօրեն իրավիճակում։ Եւ ուրեմն, խաղաղությունը հնարավոր չէ ամբողջությամբ անկախ ինքնիշխան պետությունների մեջև, քանի դեռ այդ պետությունները անկախ են ու ինքնիշխան։ Միջպետական հարաբերությունները տարբերվում են միջանձնային՝ միջմարդկային հարաբերություններից։ Եթե անհատի ազատությունն ու անկախությունը զսպվում ու սահմանափակվում է ինչ–ինչ կանոններով, որ անհատներն ընդունում ու ճանաչում են, քանի որ իրենք անձամբ են ստեղծել այդ կանոնները, ապա պետութունների ազատությունն ու անկախությունը սահմանափակող այդպիսի մի կանոնանի գոյություն չունի։ «Պետությունները, – գրում է նա, – համընդհանուր արտաքին այլ մի իշխանության չեն ենթարկվում, ու մեզ հայտնի չէ գեթ մի դեպք, որ պետությունը հրաժարված լինի իր նպատակներից, միայն որովհետև համոզել են նրան։ Չկան միջպետական հարաբերությունները զսպող ու հավասարակշռող համակարգեր։ Պետությունները միայն կարող են բարոյական բարեպաշտության ներքո քողարկել սեփական ցանկություններն ու մղումները, բայց լինել այդպիսին չեն կարող, այն է՝ կատարելապես մաքիավելիական են․ սեփական շահը՝ ինքնաշահը ինքնիշխան ու անկախ պետության հուսկ հետին, այն է՝ գերագույն ու վերին՝ վերջին նպատակն է, ու շահ, որ չի կարելի երկրորդել ոչնչի ու երբեք»։

Կանտը հանդես է գալիս ուշագրավ լուծմամբ․ պետությունները չպետք է լինեն բացառապես անկախ, քանի որ հակառակ դեպքում՝ պետությունները իրենց իրավունքները կպաշտպանեն ոչ թե առաջնորդվելով օրենքով, այլ պատերազմին ապավինելով։ Պետք է ստեղծել պետությունների դաշնություն, որ հիմք կծառայի, որ ստեղծվի միջազգային այնպիսի մի իրավունք, որը ավելին կլինի, քան բարեկրթության հանդեսն է, որի մասին արագ մոռանում են, հենց իրական շահերն են մտնում պարահանդես։ Սա՝ հանրապետական քաղաքացիական սահմանադրության հետ մեկտեղ՝ Կանտի երկրորդ դրական ու անհրաժեշտ նախապայմանն է, որ, ըստ նրա, կբերի հարամնա խաղաղության միջպետական հարաբերություններում․ ազգերի իրավունքը պետք է հենվի ազատ պետությունների դաշնության վրա։

Կանտի նախագիծը ավել շատ հարցեր է առաջացնում, քան տալիս է պատասխաններ, որ տվել են նրան հաջորդած հեղինակները, քանի որ իր այս աշխատությամբ, որ կարևորում է հանրապետականության գործոնը խաղաղության հաստատման գործում, դարձել է քսաներորդ դարի տեսական կարևորագույն հոսանքներից մեկի՝ ժողովրդավար խաղաղության թեզի սկզբնավորման առիթը, թեզ որ առայժմ միակ դրույթն է միջազգային հարաբերություններում, որ չի հերքվել իրականությամբ․ իրապես ժողովրդավար պետությունները չեն պատերազմում իրար դեմ։

Դիտեք նաև՝

Search