Play Video

Ժան-Ժակ Ռուսոյի` միջազգային համակարգի հոռետես նկարագրությանը հաջորդում է միջազգայնագիտությանը վերաբերող նրա հերթական հարցը․ եթե միջազգային համակարգը այսքան խառնակ է, այսքան վատն է ու այսքան դժնդակ, ավելի ճի՞շտ չէր լինի առհասարակ հրաժարվել քաղաքացիական հասարակությունից ու վերացնել այն։

Համակարգ, որ Ռուսոյի խորին համոզմամբ, ոչ միայն ավելի արյունարբու է անկյալ բնական վիճակի համեմատ, այլև առաջ է բերել մի իրավիճակ, երբ պատերազմի սարսափները հեռացել են քաղաքացու առօրյայից, բայց սպանելը դարձրել են նրա՝ պետության կողմից պարտադրած պարտականությունը։ Այստեղից էլ՝ բուն ողբերգության ռուսոյական ձևակերպումը․ մարդկանցով միավորվել ու դարձել ենք մարդկության թշնամին։ Մարդու բարոյական ամբողջականությունը կարմիր թելի պես ձգվող մտահոգություն է Ռուսոյի համար․ ավելի լավ է ապրել մեկուսի ու առանձին ու առանց հասարակության ու չբախվել բարոյական ընտրություն կատարելու դժվարին խնդրին, քան լինել կախյալ, այն է՝ հասարակական, բայց անկարող՝ կյանքի կոչելու հասարակության ստեղծած բարոյական արժեքները, որ նույն այդ հասարակությունը անիրագործելի է դարձնում գոյություն ունեցող մրցակցության ու անհավասարության պատճառով։

Ստացվում է, որ անջրպետ կա մարդու ներքին և արտաքին կյանքի, ինչպես նաև՝ մարդու իրականության ու նրա բարոյական պահանջմունքների միջև։ Ավելին՝ մարդու ապահովության մղումը նրա անապահովության ակամա գրավականն է։ Այս առումով՝ ակամա հիշում ես ատոմային ռումբի մասին։ Ատոմային ռումբը անվտանգային նախագիծ է․ հարձակման չես ենթարկվում, երբ ունես միջուկային զենք, բայց այդ ապահովությանը հասնում ես ռիսկային՝ վտանգված հասարակություն դառնալու հաշվին։ Կանխում ես այլ պետությունների հավանականությունը՝ իսպառ բնաջնջման հեռանկարը դարձնելով քաղաքական կյանքիդ անքակտելի բաղադրիչներից մեկը։ 

Միջազգային հակամարտության դրսևորումները ավելի մեղմ դարձնելու հարցում Ռուսոն հերքում է նորազատական, նույնն է՝ ռեալիստական մոտեցումներից շատերն ու հակադրվում է դրանց, մանավանդ որ չի ընդունում Հոբսի և մյուս իրամատույց՝ ռեալիստ հեղինակների տեսակետը, թե միջազգային հակամարտությունն ու այդ հակամարտության բռնկումները կմեղմվեն, որովհետև պետությունները կգան ընդհանուր հայտարարի համընկնող շահից դրդված։ Կարելի՞ է սահմանափակել պետության գործողությունները, նույնն է թե՝ զսպել պետության անսանձ կրքերը, տարբեր՝ բաց կամ գաղտնի համաձայնագրերի ու պայմանագրերի միջոցով։ Ո՛չ, կարծում է Ռուսսոն, որովհետև միջազգային իրավունքը, ո՛չ էլ ուժի հավասարակշռությունը չեն կարող իրապես ու արդյունավետ զսպել միջազգային մրցակցությունը։

Ռուսոյի դատողությունը հենվում է մի ելման դրույթի վրա․ համընկնող շահը անցողիկ ու անկարևոր հանգամանք է միջպետական սուր մրցակցությամբ դրսևորվող միջազգային համակարգի պարագայում։ Դերակատարները հետամտում են սեփականն շահերը, այնպես որ հարկավոր է տարբերել իրական շահը ակնհայտ շահից։ Ռուսոն համարում է, որ ակնհայտ, բայց անիրատեսական մի շահ ունեն պետությունները՝ բոլորն էլ շահագրգռված են իրար զսպելով։  Հրաշքի պես մի բան է պետք, որպեսզի առանձին պետությունների շահադիտական հաշվարկները համընկնեն բոլորի շահերի հետ։  Ավելին՝ ինչ–որ հաշվարկի դրական կողմերն էլ արժանանում են գնահատանքի գոյություն ունեցող տարբերությունների շնորհիվ։ Եթե մի բան վերաբերի բոլորին ու համապատասխանի բոլորի շահերին, ոչ մեկին էլ իրական ու կարևոր չի թվա։ Մերժելով համընկնող շահերի գաղափարն ու համարելով, որ առևտուրը միմիայն ուժգնացնում է ագահությունն ու ազգերի միջև մրցակցությունը՝ նա նաև հերքում է Կանտին, Մոնտեսքյոյին, Սմիթին և մյուս ազատականներին համակած հույսը, որ առևտուրը խաղաղության առհավատչյան է։

Միջազգային հարաբերությունների վերլուծաբանը, եթե նա համաշխարհային քաղաքականությունը համարում է պատերազմական ռազմադաշտ, որտեղ գոյություն չունեն սահմանափակումներ և որը անվերջ սպառնալիք է ներկայացնելու մարդու ազատությանն ու անվտանգությանը, նախևառաջ համակվելու է արմատական փոփոխություններ առաջարկեու գայթակղությամբ, փոփոխություններ, որ քարանձավից դուրս եկած կռվարար մարդուն կդարձնի հաշտասեր ու չպատերազմող։ Ռուսոն խիստ քննադատության է ենթարկում ապագան այդպիսի լուսավոր գույներով ներկայացնող բոլոր հեղինակներին։

Միջազգային կազմակերպությանը նվիրված իր դատողություններում Ռուսոն Ազգերի Լիգայի վերաբերյալ՝ Ուոլթեր Շիֆերի առաջարկներին շատ նման մոտեցում է որդեգրում․ քանի դեռ պետությունները իրենց պահում են մեր իմացածի պես, նրանք չեն ձգտելու երկարատև խաղաղության, առավել ևս՝ միջազգային կազմակերպության միջնորդությամբ ստեղծված խաղաղության։ Մյուս կողմից էլ, Կանտի պատմության փիլիսոփայության տրամաբանությանը խիստ համահունչ նոտայով՝ Ռուսոն փաստարկում է, որ հանրության համար պիտանի բարեփոխումները պետք է ներմուծել ուժով, որովհետև եսասեր ուժերը միշտ էլ դիմադրություն են ցույց տալու, չնայած նաև հավելում է, որ լիգա հիմնելու համար հարկավոր է մղել պատերազմներ ու հեղաշրջումներ իրականացնել, որ լիգայի բերած օգուտներից էլ ավելի մեծ վնասներ կարող են հասցնել։  Սա իհարկե հետաքրքիր պնդում է, որ նաև մռայլ գույներով է ներկայացնում պատմության դիալեկտիկան, որի ականատեսը դարձել ենք Ռուսոյից շատ ավելի ուշ՝ քսաներորդ դարում։ Ի վերջո՝ պետք եղավ երկու սոսկալի աշխարհամարտ, մինչև մարդկությունը հիմնեց երկու թույլ ու տկար ու ոչ այնքան արդյունավետ հաստատություն ՝ Ազգերի լիգան ու Միավորված ազգերի կազմակերպությունը։

Պատերազմին ու խաղաղությանը նվիրված Ռուսոյի տեսաբանությունը հետաքրքիր է ու տարբերվող, որովհետև այն միահյուսում է դեռ Հոբսի ժամանակներից ձևավորված հասարակագիտական գրեթե բոլոր կարևոր տեսությունները։ Առաջնորդվելով օգտապաշտությունը հերքող դրույթներով՝ Ռուսոն ստեղծում է շոտլանդացի լուսավորիչներին բավականին մոտ մի համակարգ, որ ջատագովում է արությամբ լեցուն, այն է՝ առաքինի հանրապետության գաղափարը, բայց որում, ի տարբերություն, օրինակ, Ադամ Ֆերգյուսոնի պետության, որ մեծ նշանակություն էր տալիս մարդու ոգորականությանը, տեղ չէր ունենա ռազմական արությունը՝ մարտատենչությունը։ Այս հիմամբ՝ Ռուսոն հարում է փոքր ինքնակալություններ՝ ավտարկիաներ, ստեղծելու գաղափարին, որ միակ համակարգն է, ըստ նրա, որտեղ կարող են բարգավաճել մարդկային արությունները։ Ռուսսոն հանգում է այս եզրակացությանը, որովհետև գտնում է, որ իրական քաղաքական ինքնությունը միմիայն կարող է ձևավորվել կառավարելի հանրապետություններում, և ոչ թե վիթխարի պետություններում, առավել ևս՝ համաշխարհային պետություններում։ Այս մոտեցումը, որ բնավ չի բացառում պատերազմի հավանականությունը, Ռուսոյին մոտեցնում է Հոբսին ու միջազգային հարաբերությունների նրա նկարագրած աշխարհին, որտեղ պատերազմը բացառելի չէ, բայց կարելի է գոնե մեղմել։

Դիտեք նաև՝

Search