ֆրանսիացի մտածող՝ ժամանակակից սոցիոլոգիայի հիմնադիրը համարվող Օգյուստ Կոնտն ինքնօրինակ ձևակերպում է տալիս պատերազմի և խաղաղության հարցին՝ առաջ քաշելով պատերազմի և տնտեսության անհամատեղելի լինելու թեզը՝ այդ երկուսի տարամերժության կանխադրույթը:
Կոնտի փիլիսոփայությունը պետք է դիտարկել նրա ապրած ժամանակաշրջանի լայն անկվածում, այն է թե՝ լայն համատեքստում, երբ Ֆրանսիական հեղափոխության ռոբեսպիեռյան հետշփոթը և այդ հետշփոթի բերած քստմնելի տեռորի մահազարհուրը տեսած Եվրոպայում, նաև՝ Նապոլեոն Բոնապարտի գահակալության կայսրութենական զուլումը տեսած Եվրոպայում, նոր ու կայուն հանրակարգ հիմնելու ուղիներ էին որոնում, հանրակարգ, որն, ի տարբերություն նախորդների, զերծ կլիներ դեսպոտիզմի հեղձական խեղդօղակից: Եվրոպայի առաջ ծառացել էր բարդեբարդ մի խնդիր. Ֆրանսիական հեղափոխությունը հասցնել ավարտին, բայց այնպես, որ ո՛չ էլ ջուրը ընկնեն՝ չեզոքանան հեղափոխության մեծողի ձեռքբերումները…
Իրավիճակ, որ համընկել էր մի ժամանակամիջոցի հետ՝ տասնիններորդ (19-րդ) դարասկիզբը, երբ արդյունաբերական հեղափոխության, գիտության և տեխնիկայի նորագյուտ նվաճումներն արդեն խարխլել, ինչու չէ՝ հեղաբեկել էին եվրոպական հասարակության հնավանդ հիմքերը, բայց ոչ էլ այնքան առաջ էին գնացել, որ լիուլի ըմբռնվեին կամ իմաստավորվեին ըստ արժանվույն: Խախտվել էր հնամյա հաստատությունների հավատո վեմը, բայց նորադարն էլ դեռ չէր սկսել:
Կոնտը, հարձագանք իրավիճակին և պահն իրո՛ք բեկումնային համարելով՝ լծվում է արդյունաբերական արդի հասարակարգն ու փիլիսոփայությունը կապող-կամարող հարացույց՝ պարադիգմ ստեղծելու գործին՝ հետազոտության առարկա դարձնելով տիրապետող կարգերի և առաջընթացի փոխառնչությունների ուսումնասիրությունը, հայեցակարգ, որի հասողությունից, ինչ խոսք, դուրս չի մնում նաև պատերազմի և խաղաղության հարցը:
Կոնտը համարում էր, որ հասարակության վերակազմակերպմանը սովորաբար նախորդում է ապակազմակերպումը, որն այս անգամ պատմության ինքնավար գործընթացների արդյունքում, այլ ո՛չ թե մարդու ազատ կամքի արտահայտությամբ, բռնելու է գիտությանն ու մարդու մտավոր ուժին ապավինելու ուղին, ինչն էլ իր հերթին դառնալու է պատերազմի բացառման գրավականը: Նա կարծում է, որ պատերազմի գոյությունը միանգամայն արդարացված է եղել թե՛ վաղ շրջանում, թե՛ հաջորդ՝ անցումային՝ բնազանց՝ մետաֆիզիկական շրջափուլում, քանի որ մարդու արդյունաբերական հմտությունները դեռ այնքան զարգացած չեն եղել, որպեսզի նա հրաժարվի պատերազմ մղելու զավթողական գերնպատակից:
Այլ է, սակայն, իրավիճակը Կոնտի ապրած ժամանակներում, երբ իր հրասմբակ արշավությունն է սկսել արդյունաբերական առաջընթացը և երբ մարդը բախվել է երևակայությունը դիտարկմամբ, այն է թե՝ հորինվածքը փորձով փոխարինելու, իսկ դիտարկման հիմքում էլ տեսաբանություն դնելու անհրաժեշտության հետ: Հիմա, ինչպես նա է պնդում է, հետևելով Նիկոլա դը Կոնդորսեին, եկել են դրական ոգու, այն է թե՝ պատմությունը և հասարակությունը գիտության հիմամբ վերլուծելու ժամանակները:
Արտաքին քաղաքականության հարցում էլ է Կոնտը պատվախնդիր հետևողականություն դրսևորում՝ կոչ անելով, անգամ հորդերելով, որ ֆրանսիան պետք է ազատություն շնորհի իր բոլոր գաղութներին, որ ավելին՝ հարկավոր է աշխարհիս չորս ծագերում եղած բոլոր պետությունները մասնատել ու տրոհել շատ ավելի փոքրակազմ միավորների: Սրանք, նա կարծում է, անհրաժեշտ գործողություններ են, որ կամրացնեն դրական, այսինքն՝ գիտելիքահեն, խաղաղասեր և արդյունաբերական և աշխատասեր հասարակությունների հիմքերը, գործընթաց, որ նրա խորին համոզմամբ, արդեն իսկ մեկնարկել ու բռնել է իր գնացության անշրջելի ճանապարհը:
Որքան էլ որ այս փաստարկը հակասեր իրավիճակին ու խնդրահարույց թվար, այն չափից դուրս գայթակղիչ էր, որ չգրավեր հետագա ազատականների, դրանց թվում՝ անգլիացի մտածող ու էվոլյուցիայի տեսության ջատագով Հերբերտ Սփենսերի ուշադրությունը, որոնք Կոնտից հետո ամենայն նվիրումով և հրաբորբ խանդավառությամբ լծվում են այդ թեզը զարգացնելու ոչ այնքան դյուրին հանձնառությանը: