Play Video
Ալեքսիս դը Տոկվիլ․ պատերազմն ու հավասարության ոգին | Դավիթ Իսաջանյան

19-րդ դարասկզբի ֆրանսիացի դիվանագետ, քաղաքագետ և պատմաբան Ալեքսիս դը Տոկվիլին այլ կերպ բնորոշում են տարօրինակ լիբերալը մականվամբ, քանի որ դը Տոկվիլի մի աշխատությունից եզրակացնում ես, թե նա ինքնամոռաց խաղաղասեր է՝ մոլի պացիֆիստ, իսկ մյուսը կարդալիս` դեմ առ դեմ բախվում իմպերիալիստին՝ արյունռուշտ կայսերապաշտին և մոլի ազգայնականին: Մի աշխատություն կարդալիս զրուցում ես բարոյականության գործոնն ու քաղաքացիական հումանիզմի գաղափարը բանավեճից դուրս մղած բրիտանացի տեսաբանների ոխերիմ թշնամու հետ, իսկ այլ մի աշխատություն թերթելիս հանդիպում ես անհագուրդ գաղութակալի, որը չի խորշի, եթե լինի հարկ, գաղութացվածին չարաչար սպանդի մսացու դարձնելուց:

Դըտոկվիլյան այս իրարամերժությունը թերևս բխում է հետհեղափոխական Ֆրանսիայի ընդհանուր իրավիճակից, որտեղ մեկը մյուսին հաջորդած իշխանափոխությունների հողմահոս հերթագայությունը հարցականի տակ էին դրել ժողովրդավար պայմաններում կայուն ազգային պետություն ստեղծելու հեռանկարը, անգամ հնարինությունը: Եվ հենց այս՝ ինչպե՞ս ստեղծել կայուն ազգային պետություն ժողովրդավարության դարաշրջանում, հարցն էլ դառնում է դը Տոկվիլի մտավոր փնտրտուքի գլխավոր լուսաշտարակը՝ ուղեցույց փարոսը, որը նրան նաև վերածում է ժողովրդավարության ուշիմ և արթմնամիտ դիտորդի: Բոլորը գիտեն, որ դը Տոկվիլը ուղևորվել է Ամերիկա 1831-32 թվականներին, ոտքի տակ է տվել մայրցամաքը՝ Քվեբեկից մինչև Նոր Օռլեան՝ ուսումնասիրելու ժամանակի ամենակայացած ժողովրդավարությունը՝ Միացյալ Նահանգները՝ քննելով, ի թիվս այլ հարցերի, դեմոկրատիայի ազդեցությունը հասարակության ողջ ատաղձի վրա, չլռելով, ինչ խոսք, նաև պատերազմի և խաղաղության հարցի մասին:

Դը Տոկվիլի խաղաղության տեսությունը հակիրճ՝ հարցի տեսքով, ձևակերպված է նրա՝ «Ժողովրդավարությունը Ամերիկայում» մենագրության առաջին գլխի վերնագրում. ինչու են ժողովրդավար ժողովուրդները ձգտում խաղաղության, իսկ ժողովրդավար բանակները՝ պատերազմի:

Բանակ և քաղաքացի, բանակ և ժողովուրդ, բանակ և հասարակություն տարբերակումը պատահական չէ. բանակի և քաղաքացու միջև տարբերությունը ակամա բխում է հավասարության սկզբունքից, ածանցվում է դրանից, քանի որ հավասարությունը, եթե անգամ չի վերացնում, ապա գոնե մեղմում, չափավորում է մարդկային պատերազմատենչությունը, քանի որ հավասարության սկզբունքը ենթադրում է, որ ունեցվածք ունենալ կարող են անխտիր բոլորը, իսկ ունեցվածքի տերը՝ սեփականատերը, նաև սեփականասեր է՝ սիրում է իր սեփականությունը, և այդ կերպ դառնում է խաղաղասեր: Մինչդեռ ժողովրդավար բանակում, ի տարբերություն ազնվապետական՝ արիստոկրատական հանրակարգի, կոչման կարող են հավակնել բոլորը. մարդու դիրքը սահմանվում է պաշտոնով և ոչ թե ծագմամբ: Ուստի, պաշտոնի բարձրացման փափագով համակված՝ բոլորն անխտիր աթոռակռիվ են տալիս՝ մրցակցությունը դարձնելով ժողովրդավար բանակի էության պատվարը:

Այս հիմամբ է դը Տոկվիլը պնդում, որ աշխարհը խաղաղության արքայություն կդառնար, եթե մնար ժողովրդավարական՝ անհատ սեփականատերերից կազմված հասարակություններին, բայց կվերածվեր պատերազի հավերժատև թատերաբեմի, եթե հանկարծ միահեծանը դառնար ժողովրդավար բանակը:

Ահա այսպիսի՝ ֆիզիկայի օրենք հիշեցնող կանխավարկած է առաջադրում դը Տոկվիլը. խաղաղության շրջափուլ թևակոխած ժողովրդավարությունը կընկղմվի հարամնա խաղաղության մեջ, իսկ պատերազմող ժողովրդավարությունը՝ հարամնա պատերազմի: Բայց արդյո՞ք պատերազմ սանձազերծելը շահեկան է ժողովրդավարության համար: Ո՛չ, պատասխանում է դը Տոկվիլն ու այս կերպ հիմնավորում ժողովրդավարական խաղաղության իր թեզը: Նախ՝ պատերազմը, որ կյանքի բովերն ու բոլոր պարույրներն իր գայիսոնի տակ պահելու հատկություն ունի, կաշկանդելու է մարդկանց և թույլ չի տալու, որ անարգել վայելեն կյանքի բարիքները,  իսկ պատերազմի համը առած զինվորականությունն էլ, ընդհակառակը, – եռանդն ի սիրտ և սուրն ի ձեռին, –  ջանք չի խնայելու այն տևական դարձնելու համար:

Սա, սակայն, սառցաբեկորի վերջրյա՝ փոքր մի մասն է սոսկ: Պատերազմը՝ ազատության այդ մեծագույն թշնամին, ժողովրդավարությունը ակամա կդնի բռնակալության ուղու վրա, ո՛չ այն պատճառով, որ հաղթանակած զինվորականությունը կհափշտակի իշխանությունը, այլ որովհետև ազատությունը կդրվի հաղթանակի զոհասեղանին, կերկրորդվի հանուն հաղթանակի, հարդյունս էլ՝ իշխանությունը կկենտրոնանա մեկ մարմնի՝ քաղաքացիական վերնախավի ձեռքում:

Թե իմի բերենք, դը Տոկվիլի տեսությունը կարելի անվանել հավասարական՝ էգալիտար խաղաղության, այն է՝ հավասար հնարավորությունների ժողովրդավարական արժեքից ոգեշնչված տեսություն, սակայն հավասարության մեծն ջատագով, էգալիտարիզմի բարձրագոչ խոսնակ Ալեքսիս դը Տոկվիկը միանգամայն այլ հանդերձանքով է կանգնում մեր առաջ, երբ խոսում է գաղութացումից, և ի մասնավորի՝ Ալժիրից:

Դիտեք նաև՝

Search