Տարբեր մարդիկ, առաջին հերթին՝ քաղաքական գործիչները, շատ են գործածում «ավանդական» հայկական ընտանիք տերմինը, և հարց է առաջանում՝ որն է ավանդական հայկական ընտանիքը բովանդակային տեսանկյունից, որին անընդհատ հղումներ են արվել և շարունակում են արվել:
Քաղաքական դիսկուրսում այս հարցին անդրադառնալիս բավական վտանգավոր եզրահանգման ենք գալիս. հրապարակված տեքստերի մակարդակում հասկացության ձևակերպում և խորքային ընկալում որպես այդպիսին գոյություն չունի: Կան հղումներ, բայց չկա ձևակերպում:
Եթե անդրադառնանք 1998-2018 թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքական դոմինանտություն ունեցած ուժերի ծրագրերին և մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում տեղ գտած կանոնադրությանը, կարող ենք գտնել սարսափեցնող ձևակերպումներ: Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք աստվածաշնչյան տեքստերի մեկնաբանությունների հետ, հատկապես երբ խոսքը վերաբերում է հանրային դիսկուրս ձևավորող բազային հասկացություններին՝ գիտակցություն, մտածողություն:
Կայքում բերված ձևակերպումներից է. «Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքի ձևավորումը, ընտանիքում ազգային, ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից»:
Տեքստում ձևակերպված չէ՝ ինչ է ավանդական ընտանիքը, որոնք են ազգային, ավանդական արժեքները: Կարելի է ենթադրել, որ տեքստի հեղինակները գիտեն՝ ինչ են նշանակում այս ձևակերպումները, բայց մեկնաբանություններ չկան:
Հաջորդ ձևակերպումը, որն անհամեմատ ավելի հետաքրքիր է. «Տղամարդն ու կինը հավասար են Աստծո և պետության առջև, ունեն միևնույն իրավունքները, և այս սկզբունքը պետք է արտացոլվի պետության գործունեության բոլոր ուղղություններում»: Պետք է հիշեցնել, որ այս դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրի մասին է:
Պատմաբանները և մշակութաբանները, փիլիսոփաները, հումանիտար բլոկի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրել են 19-րդ դարի երկրորդ կեսի հայ իրականությունը, գրականությունը և հատկապես պարբերական մամուլը (թե՛արևելահայ, թե՛ արևմտահայ), գիտեն, որ այդ ժամանակահատվածում այն հեղեղված էր ընտանիքի շուրջ չափազանց լուրջ գիտական և հասարակագիտական քննարկումներով: Դրան գումարվում է մի քիչ ավելի լայն գիտական դիսկուրսը, թե ինչ է ընտանիքն ու ինչպիսին պետք է այն լինի հայ իրականության մեջ: